Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, տեղեկացնելով, որ արդարադատության նախարարությունը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Նախարարության կողմից առաջարկվել էր համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ:
Ազատազրկման վայրերից ազատված դատապարտյալների սոցիալական ինտեգրման խնդիրներով զբաղվով «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանի (լուսանկարում) խոսքերով, սակայն, սրանք միայն հայտարարություններ են, և գործնականում որևէ քայլ չի կատարվում, չկա դրա համար մշակված ծրագիր, իրավական հիմք։
Իսկ իրականում պետք էր ունենալ երկու մեծ բլոկների՝ քրեական արդարադատության և սոցիալական ծառայությունների սերտ համագործակցություն։ «Սոցիալական ծառայությունները պետք է իմանան՝ իրենց համայնք ով է վերադառնում, ինչ խնդիրներ ունի և իրենք ինչ ծառայություն կարող են առաջարկել մարդուն։ Սոցիալական ծառայությունները պետք է հստակ մշակված ծրագիր ունենան՝ ուղղված վերաինտեգրմանը։ Մի բան, որը ներկայումս չկա ու չի իրականացվում»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ այդ պատճառով էլ նման պատկեր է ստեղծվել, թեև այնպես չէ, որ վերջին օրերի հանցագործությունների թվաքանակի աճը ուղղակիորեն պայմանավորված է համաներմամբ։ Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ միշտ էլ դեկտեմբեր-հունվար ամիսներին բնակարանային գողությունները աճում են։ «Բայց այս դեպքում համաներումն էլ է ազդեցություն ունեցել, քանի որ համաներումը պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտ չէ։ Համաներումը հոդված է կրճատում, և մարդը հայտնվում է ազատության մեջ, և քրեակատարողական ծառայությունը չի հասցնում մարդու հետ աշխատել մինչև նրա՝ հասարակության մեջ հայտնվելը։ Անձը, դուրս գալով ազատության մեջ, դեռ պատրաստված չի լինում հասարակության մեջ ապրելուն։ Արդյունքում ստացվում է, որ միանգամայն համաներման ակտի արդյունքում 6500 մարդ է ազատ արձակվում՝ հետապնդման իրականացման դադարեցումից մինչև պատժից ազատում, այսինքն՝ հանցագործության մեջ կասկածվող ու հանցագործություն կատարած 6500 մարդ հայտնվել է դրսում և չգիտի թե ինչ անի, ոչ թե պետությունը գիտի իրենց հետ ինչ անի»,- նկատեց Գասպարյանը։
Այս կոնտեքստում, մեր զրուցակցի խոսքերով՝ քրեակատարողական ծառայությունը ևս չի փայլում դատապարտյալների հետ աշխատանք տանելով։ ՔԿ ծառայությունում այդ բլոկը կաղում է, քանի որ դեռևս դրա կարևորությունը, Գասպարյանի խոսքերով, դեռ չեն հասկանում, կամ էլ ռեսուրսներ չունեն։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում