Փաշինյանի հայտարարությունը, թե առաջին անգամն է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները չբողոքարկվեցին, բավականին ճշմարտանման է հնչում։ Մարդը փաստ է արձանագրում եւ, կարծես, այնքան էլ դժգոհ չէ արտահերթ ընտրությունների որակից եւ, ամենակարեւորը՝ արդյունքներից։ Մեզ, թվում է, սակայն, որ Փաշինյանը շատ մակերեսային գնահատական է տվել։ Հարց չի առաջանում, օրինակ, բայց ո՞ւմ պետք է բողոքեին, երբ ոստիկանությունից մինչեւ դատախազություն ու Սահմանադրական դատարան ենթարկվում են ասֆալտին փռող ու պատերին տվող վարչապետին։ Սա շատ կարեւոր պահ է, որը չի կարելի շրջանցել։
Կա՛մ ես հայ մարդուն լավ չեմ ճանաչում, կա՛մ «հեղափոխությունից» հետո անհասկանալի բան է կատարվում ընտրական պրոցեսներում։ Ինձ համոզում են, թե «հեղափոխությունն» արթնացրել է մեր հասարակությանը։ Եղբայր, մեր հասարակությունն ԱԺ նախորդ բոլոր ընտրություններին ավելի արթուն էր։ Մասնակցության թվերը համեմատեք։ Ասում են՝ չէ, այս անգամ ժողովրդի դեմքին ժպիտ կար, մարդիկ ոգեւորությամբ էին գնում ընտրատեղամասեր, նրանց չէին քշում… Քոռանամ ես։ Դուք իսկապե՞ս հավատում եք հրաշքների։ Նայեք ընտրությունների արդյունքներին ու փորձեք բացատրել, թե ինչու ոչ ոք մեզ չի շնորհավորում դրանց համար։
Ես, իհարկե, չեմ բացառում, որ եղել են հեղափոխությանն ու փոփոխություններին իսկապես հավատացող մարդիկ, որ գնացել ու ձայն են տվել «Իմ քայլին», բայցեւ վստահ եմ, որ այդ դաշինքին տրված քվեների ահռելի մասն ապահովել են նախապես շանտաժի ենթարկված մի խումբ փողատերեր եւ օլիգարխներ, որոնք այսօր հանգիստ շարունակում են ծաղկեցնել իրենց բիզնեսները։ Երիցս ճիշտ է Քոչարյանը, երբ ասում է՝ իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու տաս ուրիշի։ Տեր-Պետրոսյանին կարող ենք մարգարե կոչել այն պատճառով, որ դեռ 2015 թվականին է նկարագրել այս «հեղափոխությունը»՝ որպես թատերականացված ներկայացում։ Ուղղակի ապշել կարելի է, իսկ Փաշինյանը, ասես ոչինչ չի եղել, հպարտանում է հերթական խեղկատակությամբ, թե անբողոքարկելի ընտրություններ ենք ունեցել։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»
թերթի այսօրվա համարում