Ինչ պահանջներ էին դնում ՌԴ դեսպանատան մոտ ցուցարարները ու ինչից են բողոքում
«Վերջին շրջանում հասարակության մեջ եւ մամուլում հակառուսական տրամադրություններն ու սադրանքները կրկին ակտիվացել են, մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցին կոշտ ու անհիմն մեղադրանքների են ենթարկում»,. ահա այս հայտարարությամբ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները երեկ ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ նրանց, ովքեր պահանջում են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի կանոնադրություն մշակել ու զինծառայողներին կարգի հրավիրել, որ խաղաղ բնակիչների համար վտանգ չսպառնան:
Կոմկուսի անդամները կարծում են, որ այդ կենցաղային հողի վրա եղած սպանությունները օգտագործելով՝ քաղաքական ուժերը փորձում են սեպ խրել հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ: Առանց այդ էլ կոմունիստները նկատել են, թե ինչ կոշտ հռեորաբանություն կա ռուսական ընկերությունների նկատմամբ, դրան գումարած՝ ռուսաց լեզվի նկատմամբ խտրական վերաբերմունք կա պետական մակարդակով: Թե ինչից են սա զգացել՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն ասաց, որ ԿԳ նախարարն ասել է՝ «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղը պետք է հայերեն լինի, բացի այդ, նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը բյուջեի հաշվին քաղաքապետարանի աշխատակիցներին ուզում է անգլերեն սովորեցնել, մինչդեռ ռուսերենն է միջազգային լեզու:
Երջանիկ Ղազարյանի խոսքով՝ «Արեւմուտքի շահերը սպասարկող ուժերը, օգտվելով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերից, նորից ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցն են բարձրացնում: 102-րդ ռազմաբազան հանելուց հետո ո՞ւմ եք բերելու, ի՞նչ եք բերելու, ՆԱՏՕ-ի՞ն եք բերելու»: Կոմկուսի անդամները նաեւ դժգոհում էին, որ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանին է բռնել, մինչդեռ պետք է սկսեր Լեւոն Տեր-Պետրոսյանից, հետո նոր գնար Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետեւից. «Իմ գործարանը քանդել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իմ կոլխոզ-սովխոզը քանդել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: 90 թվականին հայ ժողովուրդը իր քրտնաջան աշխատանքով ունեցել է 4 մլն գրքույկ, որտեղ 10 մլրդ 700 մլն ռուբլի փող է եղել: Որ հաշվարկես էն ժամանակվա կուրսով, մոտ 13 մլրդ դոլար էր, ո՞վ դարձրեց զրո, ո՞վ գողացավ, ո՞վ տարավ՝ իրա՛նք տարան»:
Կոմկուսի անդամներից մեկը՝ Հրայր Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Հավաքվել ենք այստեղ, որ ասենք՝ նրանք, ովքեր փորձում են հայ-ռուսական հարաբերությունների դեմ ոտնձգություններ անել, նրանք բոլորը դատապարտված են: Եթե նայեիք, տեսնեիք, թե ովքեր էին այստեղ եկել, Կարապետ Ռուբինյանը… ես էստեղ լինեի, իրեն տեսնեի, կասեի՝ գնա տուն, քո հետեւից գալու են, էն, որ դու Շենգավիթում արել ես, չկարծես, թե մենք չգիտենք, բոլորը գրած, մեզ մոտ պահած ա: Կամ Տիգրան Խզմալյանը: Տիգրան Խզմալյանը ժամանակին կարգին ռեժիսոր էր, երկու կոպեկ փող տվեցին թե չէ՝ հակառուս դարձավ: Լավ, ռուսներին հանեք ստեղից, ո՞ւմ եք բերելու՝ ասկյարնե՞ր եք բերելու: Ում մեջ թուրքական արյուն կա, դա խոսում է: Ես դա թույլ չեմ տա: Իմ հայրը, իմ պապը, ես էս երկիրը կառուցել ենք, դուք եկել եք, ուզում եք տեր կանգնեք էս երկրին, էլի տեր կանգնեք, բայց ոչ ցաքուցրիվ: Միլսը որ մի բան ասում է՝ աաա՜, ծափ են տալիս, հենց ռուսական դեսպանն է խոսում, էն օրը իրա հետ էի խոսում, ասում է՝ վախենում եմ բառ ասեմ՝ սրանք կկախվեն»:
Իսկ այդ «խոսքից կախվողները», ինչպես կոմունիստներն էին որակում, ՌԴ դեսպանատան մոտ պահանջում էին, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայաստանում հարգեն ՀՀ օրենքները ու ենթարկվեն դրանց: Ցույցի նախաձեռնողները Նարինե Մկրտչյանն ու Նարինե Դիլբարյանն էին, որոնք հանրագիր էին կազմել՝ 6 քաղաքացու ստորագրությամբ, ու հանձնեցին ՌԴ դեսպանատանը: Նարինե Մկրտչյանը կարդաց իրենց պահանջները. «Պետք է պետական մակարդակով կարգուկանոն սահմանել ՀՀ-ում ռուսական զինուժի եւ զինտեխնիկայի նկատմամբ՝ դրա թույլտվության բացառիկ իրավունքը վերապահելով Հայաստանին: Այդ նպատակով անհրաժեշտ է ընդունել «Օտարերկրյա զինված միավորումների տեղաշարժի մասին» նոր օրենսդրական ակտեր: Պետք է ռուսական կողմի հետ բանակցություններ սկսել՝ Հայաստանում տեղակայված ռուսական միավորումների պատասխանատվության եւ պարտավորությունների սահմանների վերաբերյալ: Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքական հանրությանը, հասարակության լայն խավերին, իշխանություններին հետամուտ լինել այդ մարտահրավերների հաստատմանը»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2018
Տեսնես՝ եթե իրենց ուզածը ստացվի, ապա գոնե ևս 70 տարի հետո ռուսաց լեզվի համար պայքարողները կկարողանա՞ն իրենք ճիշտ գրել ”провокация» բառը