Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական դաշտը զրոյացվել է հեղափոխության արդյունքներով, ու մեծ հաշվով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նոր են ձևավորվում. «Փաստ»

Դեկտեմբեր 26,2018 10:51

Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, թե ինչու ժամանակին այս կամ այն հարցով ընդդիմացող, իր մշտական տեսակետն ունեցող քաղաքացիական հասարակությունը որևէ կերպ չի դրսևորում իրեն: Առիթներն, ընդ որում, բազմազան են. ռուսական ռազմաբազայում ծառայող զինվորականի կողմից գյումրեցի կնոջ սպանություն, կառավարության դիմաց ինքնահրկիզվող կնոջ ողբերգական պատմությունը, Երևանի գլխավոր տոնածառի շուրջ քննարկումները և այլն:

Շատերը քաղհասարակությանը մեղադրում են սուբյեկտիվ լինելու մեջ՝ ակնարկելով, որ վերջիններս նույնացել են ներկայիս իշխանության հետ: Ընդհանուր առմամբ, այս մեղադրանքն ունի իրատեսական հիմքեր, որովհետև քաղհասարակության շատ կարկառուն դեմքեր հեղափոխության օրերին էլ, հեղափոխությունից հետո էլ ակտիվ ներգրավված էին հիմնական քաղաքական գործընթացներում: Բայց խնդիրը ավելի բարդ է, քան միայն առանձին դեմքերի ներգրավվածությունը ու համագործակցությունը իշխանության հետ:

Տասը տարի և դրանից էլ ավելի Հայաստանում իշխանության և ընդդիմության, ինչպես նաև հասարակության օրըստօրե ստվարացող ընդդիմադիր հատվածի միջև գոյանում էր որոշակի անդունդ: Անդունդը գոյանում էր ընտրությունների դերակատարության նվազեցման, ավելի շուտ իշխանության ձևավորման հարցում ընդդիմության և հասարակության դերակատարության անտեսման հաշվին: Իշխանության հարցը լուծվում էր կուլիսներով, այնուհետ ահռելի ֆինանսական ու վարչական ռեսուրսների շնորհիվ այդ որոշումը դակվում էր ընտրական պրոցեսի միջոցով: Բնական է, որ սա անհետևանք չէր կարող մնալ: Հասարակության տարբեր շերտերում, հատկապես ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության զանազան խմբերի մակարդակում կուտակվում էր դժգոհություն: Ամեն ընտրությունից հետո այդ դժգոհության չափաբաժինն ավելանում էր:

Ավելին, ստեղծվել էր մի վիճակ, երբ ընդդիմությունն ու քաղհասարակությունը համակերպվել էին իշխանության անփոփոխության հետ՝ մի կողմից, իրենց կարգավիճակի հետ՝ մյուս կողմից: Դժգոհության գեներացիան այդ խմբերի համար կարծես դարձել էր կյանքի կրեդո, շատերի համար՝ անօտարելի բնավորություն կամ պրոֆեսիոնալ աշխատանք: Հեղափոխությունն ու իշխանափոխությունը, սակայն, տարիներ շարունակ կուտակված այդ դժգոհությունը մի կողմից օգտագործեցին որպես հաջողության կռվան, մյուս կողմից էլ, ըստ էության, վերջնական սպառման հասցրեցին այդ դժգոհությունը՝ թե՛ ընդդիմությանը՝ արդեն իշխանության տեսքով, թե՛ քաղհասարակությանը կանգնեցնելով քաղաքական իմաստով էքզիստենցիալ ճգնաժամի առաջ:

Իշխանության անփոփոխությունն ու ընտրությունների ձևական բնույթը ստեղծել էին մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տրամադրություններ գեներացնող խմբերը, հույս չունենալով երբևէ հայտնվել իշխանության ղեկին, դիրքավորվում էին որպես բացառապես ընդդիմացող, հակադրվող: Գալով իշխանության՝ նրանք ունենում են բավական բարդ խնդիր, քանի որ այլևս չունեն հակադրման հիմք, ընդդիմանալու առանցք: Իրենք են այլևս ընդդիմանալու և հակադրվելու սուբյեկտները:

Եվ այս իմաստով Հայաստանի քաղաքական դաշտն իսկապես բարդ ժամանակներ է ապրում: Իշխանության եկած ուժերի համար իշխանության կարգավիճակն անսովոր է, նրանք չեն կարողանում դուրս գալ հակադրվողի, ընդդիմախոսի, քննադատողի դերից: Բայց ներկայիս կարգավիճակում այդ դերերը անհամատեղելի են: Հետևաբար կամ տեսնում ենք լռություն, որն աչքի է զարնում անցյալի աղմուկի ֆոնին, կամ տեսնում ենք անհամատեղելիություն, երբ արդեն իսկ իշխանություն դարձածները խոսում են ընդդիմության լեզվով: Խնդիրն, ընդ որում, վերաբերում է նաև նախորդ իշխանությանը, որը հայտնվելով ընդդիմության կարգավիճակում՝ կորցրեց կենսունակության հնարավորությունները ու, բացի ֆինանսական ու մեդիա ռեսուրսներից, քաղաքական ներկայության այլ հիմքեր այս պահին չունի: Հայաստանի քաղաքական դաշտն այս իմաստով զրոյացվել է հեղափոխության արդյունքներով, ու մեծ հաշվով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նոր են ձևավորվում: Թե ինչպիսին կլինի այդ ձևավորումը, ինչ հանգրվանի կհասնի, արդյոք ապագայում կրկին կունենանք անփոփոխ իշխանություն ու բացառապես քննադատելու դիրք որդեգրած ընդդիմություն՝ հերթական ֆորս–մաժորի դեպքում կրկին հանգելով քաղաքական դաշտի ռեստարտի անհրաժեշտության, կախված է լինելու դաշտում առկա ուժերից: Նրանք կամ կշարժվեն իրավիճակի իներցիայով՝ ցանկանալով կա՛մ պահել իշխանությունը, կա՛մ ամեն կերպ քննադատել իշխանությանը, կա՛մ էլ, ի վերջո, կկարողանան ինստիտուցիոնալիզնել քաղաքական, կուսակցական համակարգը:

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31