Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կրկին առաջացավ գազի խնդիրը

Դեկտեմբեր 26,2018 10:00

Մենք ասում ենք՝ «Ռուսաստան», հասկանում ենք՝ «Գազպրոմ» եւ «Ռոսնեֆտ», ասում ենք՝ «Գազպրոմ» եւ «Ռոսնեֆտ», հասկանում ենք՝ «Ռուսաստան», համարյա Լենինի եւ կուսակցության նման: Այդ երկիրը չի կարող պարծենալ իր համակարգչային ծրագրերով, բջջային հեռախոսներով, նորմալ ավտոմեքենաներով կամ որակյալ կրթությամբ (ռուսաստանցի մեծահարուստներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց երեխաներին սովորելու են ուղարկում «հոգեւոր արժեքներից զուրկ» Արեւմուտք): Փոխարենը Ռուսաստանն ունի նավթ եւ գազ, ինչպես նաեւ արտադրում է մեծ քանակությամբ մահաբեր զենք: Դրանք գործիքներ են, որոնց միջոցով Կրեմլն իրականացնում է իր քաղաքական ծրագրերը:

Առաջինն այդ շարքում, իհարկե, գազն է: «Գազային ճնշում» գործադրվում է նաեւ Հայաստանի հանդեպ, բայց մեր երկիրն այդ տեսակ թիրախների շարքում, բնականաբար, առաջինը չէ՝ մասնավորապես, այն պատճառով, որ սպառողների թիվն է համեստ: Բելառուսը, Ուկրաինան, եվրոպական երկրները դեռեւս շարունակում են կախման մեջ լինել ռուսական գազից, եւ այդ հանգամանքը չի կարող իր դերը չխաղալ Ռուսաստանի եւ այդ երկրների հարաբերություններում:

Պետք է արձանագրել, որ Ռուսաստանից «գազային կախում» ունենալու հարցում կա նաեւ հայկական կողմի սխալ քաղաքականության գործոնը: Մենք էլ մեր կողմից ամեն ինչ արել ենք այդ կախվածությունը խորացնելու համար՝ 2000-ականների սկզբից ամեն ինչ գազիֆիկացնելով, ինչպես նաեւ «մեր ձեռքով» զրկելով մեզ «իրանական այլընտրանքից»: Ասելով «մենք»՝ նկատի ունեմ, իհարկե, իշխանությանը՝ պարզապես չեմ ուզում մտնել «թրենդի» մեջ եւ հավելյալ քարեր շպրտել նախորդ իշխանությունների հասցեին:

Փաստն այն է, որ Հայաստանի բոլոր ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ հիմա արդեն, ենթադրում եմ, նաեւ Նիկոլ Փաշինյանը ստիպված են գնալ Մոսկվա եւ համոզել Պուտինին չբարձրացնել գազի գինը կամ առնվազն հետաձգել թանկացնելու որոշումը մինչեւ գարուն: Հարցը լուծվում է Պուտինի քաղաքական որոշմամբ՝ դա «մաքուր բիզնես» չէ, ինչպես այդպիսին չէ Ադրբեջանին զենք վաճառելը: Պուտինը երբեմն ընդառաջ է գնում մեր ղեկավարների խնդրանքներին, երբեմն մերժում է: Բայց երբ ընդառաջ է գնում, պետք է կարծել, որ դրա դիմաց ինչ-որ բան է ուզում: Օրինակ՝ վարչապետ նշանակել նույն «Գազպրոմի» ներկայացուցիչ Կարեն Կարապետյանին: Կամ ավելի վատ՝ Արցախի հարցում ինչ-որ զիջումներ: Բայց այս պահին քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարն արտահայտում է մեր երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնության կամքը, նա կարող է Պուտինի հետ «գազային» զրույցում լինել առավել անկաշկանդ եւ գազը չթանկացնելու դիմաց ոչ բանական գին չվճարել: Այդ առումով, կարծում եմ, մենք բոլորս նրա թիկունքում ենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սիրելի Արամ Աբրահամեան,
    Գազային մահակը Դամոկլեսեան սրի նման յաւիտեանս կախուած է մնալու հայոց գլխավերեւում, եթէ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ չփնտրենք:
    Վերջերս «Հեռանկարի» տաղաւարում Արամ Սարգսեանի հետ էիք զրուցում: Նա էլ էր կարեւորում այլընտրանքը, մասնաւորապէս՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ:
    Որպէս այս բնագաւառի (ջրիմուռներից ստացուող էներգիայի) մասնագէտ՝ ես տեսել եմ, թէ էներգետիկ ի՜նչ յեղափոխութիւններ են արել աշխարհի «կենսաբանական գերտերութիւնները»՝ Գերմանիա, Հոլանդիա, ԱՄՆ (Կալիֆորնիա), Աւստրալիա, Սկանդինաւիա, Իսրայէլ, նաեւ՝ Ծոցի երկրները եւ այլն:

    Հայաստանում արե՞ւ չունենք, քամի՞ չունենք, կենսաէներգետիկա՞ չունենք, երկրաէներգետիկա՞ չունենք, թէ՞ բաւարար չափով մարդկային խելք չունենք:

    Ո՛չ, ամէն ինչ էլ ունենք: Պարզապէս կամք չունենք: Նպատակ չունենք: Ծրագիր չունենք: Ցանկութիւն չունենք:
    Կառավարութիւնները գալիս գնում են, սիրուն-սիրուն ճառեր են արտասանում այլընտրանքային էներգիայի վերաբերեալ, իսկ սայլը տեղից չի շարժւում:

    Մի անգամ Ձեր խմբագրականում գրել էիք (բառացի չեմ յիշում). «Կաթողիկոսի հարցի լուծման համար անհաւատալի բան եմ առաջարկում՝ ապաշխարութիւն»:

    Հիմա էլ ես երկու, առաջին հայեացքից անհաւատալի, բան եմ առաջարկում այս կառավարութեանը: Ամբողջ աշխարհի հայերին հաւաքէք ու երկու յստակ խնդիր դրէք.
    1. Զարգացնում ենք այլընտրանքային էներգիան, որ այսինչ թուականի այսինչ ամսին Հայաստանն այլեւս գազի կարիք չունենայ:
    2. Նորից աշխարհի հայերով հաւաքւում ենք ու նպատակ ենք դնում մեր բոլոր սահմանները «կահաւորել» բարձր տեխնոլոգիական սարքերով:
    ՅՍՏԱԿ ներկայացնում ենք նպատակ, ծրագիր եւ թուեր:

    Առհասարակ մեր մեծագոյն խնդիրներից մէկը ծրագիր, տեսլական, նպատակ չունենալն է: Դրա համար էլ Սփիւռքի նախարարութեան նման գերկարեւոր կառոյցը արդարացիօրէն կանգնում է փակուելու առաջ: Մինչդեռ այդ կառոյցը եթէ իր առջեւ դրուած յստակ խնդիրներ ունենար, ապա անասելի մեծ օգուտ կը տար մեր պետականութեանը:

    Մենք աւելի գործնական պիտի լինենք: Հրէական մի կատակ յիշեցի:

    Աստուած հաւաքում է աշխարհի բոլոր ազգերին ու յայտարարում, որ 1 ամսից ջրհեղեղ է անելու: Մահմեդական առաջնորդը կանչում է իր հօտին ու ասում՝ Աստուած զայրացել է: Որպէսզի փրկուենք, շատ մատաղ պիտի անենք: Քրիստոնեայ առաջնորդն էլ իր հօտին առաջարկում է շատ աղօթել՝ փրկուելու համար: Հրեայ առաջնորդը հաւաքում է հրեաներին ու ասում. «Ժողովո՛ւրդ, 1 ամիս ժամանակ ունենք: Սովորում ենք, թէ ինչպէս ապրել ջրի տակ»: 🙂

    Սա պիտի լինի ձեր փիլիսոփայութի՛ւնը, ձեր կենսակե՛րպը: Ամէն անգամ գազային մահակով խփում են մեր գլխին: Իսկ մենք այս պահին յստակ խնդիր ունենք լուծելու: Ի՞նչ անենք, որ գազի կարիք այլեւս չունենանք: Դրա համար մեզ պէտք է նպատակաուղղուած ծրագիր, ոչ թէ կառավարութեան ամբոխահաճոյ ելոյթներ: 🙂

  2. Քրիստափոր says:

    Իսրայելում շատ հազվագյուտ կտեսնես 100 000 դոլարանոց և ավել ավտոմեքենա, Հայաստանում տեսնում ես ամեն քայլափոխի: Այդպիսի մեքենա գնողին պետությունը թող օրենքով ստիպի 50 արևային ջրատաքացուցիչ տեղադրի անապահովների տանիքներին: ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԲԱՆ ԵՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ:

  3. Ruben says:

    Մենք ասում ենք՝ «Հայաստան», հասկանում ենք՝ «Կոնյակ», ասում ենք՝ «Կոնյակ», հասկանում ենք՝ «Ֆրանսիա», համարյա Լեւոնի եւ կուսակցության նման:
    Երկիրը չի կարող պարծենալ իր համակարգչային ծրագրերով, բջջային հեռախոսներով, նորմալ ավտոմեքենաներով կամ որակյալ կրթությամբ (հայաստանցի մեծահարուստներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց երեխաներին սովորելու են ուղարկում «հոգեւոր արժեքներից զուրկ» Արեւմուտք եւ Ռուսաստան): Փոխարենը Հայաստանն ունի կենտրոնական բանկ եւ մոլիբդենի խտանյութ, ինչպես նաեւ արտադրում է մեծ քանակությամբ grantակերներ: Դրանք գործիքներ են, որոնց միջոցով կառավարությունն իրականացնում է իր «քաղաքական» ծրագրերը:

    Փաստն այն է, որ Հայաստանի բոլոր ղեկավարները՝ ԼՏՊ-ն, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ հիմա արդեն նաեւ Նիկոլ Փաշինյանը «դիլետանտ» են եւ հեռու են քաղաքական եւ տնտեսական անկախությունից:

  4. Հ.Շ. says:

    Երբեւիցէ, որեւէ լուրջ հաշուարկում/ հաշուապահութիւն կա՞յ, թէ Ռուսաստանից ինչպիսի օգուտներ ստանում է Հայաստանը, ասենք… անսովոր կերպով ՑԱԾՐ գիներով, եթէ ոչ նոյնիսկ առանց դրամական վճարումի:

    Օրինակի համար՝ զինամթերք… Հայաստանի սնանկացած պետութիւնը ո՞նց է վճարում անոր գինը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31