ԱԺ արդեն նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շարունակում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին անվճար լավաշ բաժանել: Ալեքսանյանն անվճար լավաշ սկսել է բաժանել դեռ 2014 թվականից, երբ նույն համայնքում հիմնել էր Մալաթիա մոլն ու այդտեղ բացել նաեւ հացի փուռ: Այն ժամանակ ընդդիմադիրներն ասում էին, որ այս անվճար լավաշ ստացողներն ընտրություններին պոտենցիալ ձայն բերողներ են: Բայց բացի քվե բերելուց, այս մարդիկ նաեւ սոցիալապես անապահով են, եւ լավ օրից չէ, որ ժամերով անվճար 2 հատ լավաշի հերթի են կանգնում:
Բայց հիմա իրավիճակ է փոխվել, թվում է, թե Ալեքսանյանին քվե էլ պետք չէ: Աղքատության ցուցանիշներն էլ որոշակի նվազել են: Օրինակ՝ Վիճակագրական կոմիտեն այս տարի հրապարակեց 2017 թվականի աղքատության ցուցանիշը, ըստ որի՝ 2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%՝ 2016-ի համեմատ նվազումը կազմում է 3.7 տոկոսային կետով: Ընդ որում, ծայրահեղ աղքատության մակարդակն ամենացածրը Երեւանում է՝ 1.0%: Երկրում իրավիճակ է փոխվել, աղքատների կյանքում՝ ոչ:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ