Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Առանց ընդդիմության վտանգված է առաջին հերթին իշխանությունը, ապա նաեւ պետությունն ու պետականությունը»

Դեկտեմբեր 26,2018 12:00

Արթուր Ղազինյանը՝ ժողովրդավարությունը ամբոխավարությունից տարանջատելու հիմնական դրույթների մասին

– Պարոն Ղազինյան, անցյալ շաբաթ հայտարարեցիք նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձեւավորման մեկնարկի մասին: Նշել եք՝ «նոր Սահմանադրության գործարկման արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է մի այնպիսի մեկնարկային դիրքում, երբ քաղաքական կուսակցությունները ամբողջովին պետք է լծվեն ձեւավորվելիք եւ վերափոխման ենթակա քաղաքական համակարգի բովանդակային հագեցման բարդագույն խնդրին»։ Ինչպե՞ս եք պատրաստվում նոր քաղաքական մշակույթ ձեւավորել՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված հեղափոխությունից հետո:

– Նախ թույլ տվեք հարցի պատասխանը սկսեմ հարցի վերջին մասից, որը վերաբերում է հեղափոխությանը: Ես բազմիցս նշել եմ, որ Հայաստանում հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել, իսկ եթե իշխանությանը պետք է փուլային իշխանափոխությունը ներկայացնել որպես հեղափոխություն, ապա դա արդեն իրենց խնդիրն է: Ես եղել եւ մնում եմ քաղաքագիտական եզրույթների մասնագիտական սահմանման կողմնակից եւ քաղաքական շահարկումներն այս առումով չեմ ընդունում: Այլ հարց է, որ ընթացող իշխանափոխությունը կարող է ունենալ հեղափոխական հետեւանքներ` քաղաքական եւ տնտեսական փակ եւ վերահսկելի համակարգերի ազատականացում, հասարակական օրակարգի ձեւավորման կենտրոնների` ազգային-քաղաքացիական հասարակության ստեղծում եւ կարողությունների ուժեղացում, պետականության ինստիտուտների եւ հանրային կառավարման մարմինների կողմից ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակի կատարելագործում: Շարքը կարելի է թվարկել դեռ երկար, բայց այստեղ ամենակարեւոր հարցը մնում է նոր քաղաքական մշակույթի եւ կոնկրետ գաղափարախոսությունների վրա հիմնված համակարգի ձեւավորումը:

Ինչու եմ ասում ձեւավորումը, որովհետեւ 1991թ.-ից հետո Հայաստանում ձեւավորված քաղաքական համակարգը զուրկ է եղել գաղափարական եւ ծրագրային ապահովումից, իսկ քաղաքական ուժերի միջեւ մրցակցությունը առավելապես հիմնված է եղել քաղաքական առաջնորդների վերաբերյալ անձնական բնույթի գնահատականներով, փոխադարձ մեղադրանքներով, քննադատություններով: Այս աղմուկի մեջ ուղղակի հնարավոր չէր քաղաքական բանավեճի նյութ դարձնել կոնկրետ ոլորտների համար քաղաքական ուժերի կողմից մշակված ծրագրային դրույթները, տեսլականները, բացակայում էին հանրույթների հետ փոխգործակցության ձեւաչափերը` այդ հանրույթների կամ բացակայության, կամ դրանց չափից դուրս անձնավորված եւ քաղաքականացված լինելու պատճառով:

Ցավով պետք է արձանագրեմ՝ այդ նույն արատավոր պրակտիկան շարունակվեց նաեւ վերջին «ընտրությունների» ժամանակ, որտեղ հիմնականում հնչում էին «սերմացու գողացող մկների» եւ «Արցախը իշխանության համար վաճառող» թեզերը, ինչի արդյունքում Հայաստանի քաղաքացիները զրկվեցին իրենց ապագան որոշելու եւ քաղաքական ընտրություն կատարելու հերթական հնարավորությունից:

Նշված իրողությունների լույսի ներքո ես իմ մի խումբ համախոհների հետ երկար քննարկումների արդյունքում որոշեցինք հիմնադրել նոր քաղաքական ուժ, որի հիմնական առաքելությունը պետք է լինի բարձր քաղաքական պաշտպանության տակ վերցնել Հայաստանի Հանրապետության պետականության եւ ազգային ինքնության հիմքերը, պետական եւ ազգային ինստիտուտները, հավասարակշռել քաղաքական ուժերի եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ օրեցօր ավելացող բեւեռացումը եւ խորացող հակասությունները, հարթել առկա սուր անկյունները: Հետցնցումային հասարակություններում առանձնահատուկ կարեւորություն է ստանում ցենտրիստական գաղափարախոսությունը` համադրելով եւ աջերի, եւ ձախերի, եւ պահպանողականների, եւ ազգայնականների ռացիոնալ եւ պետության համար կոնկրետ ժամանակահատվածի համար կարեւոր եւ օգտակար ծրագրերն ու նկրտումները: Ցենտրիզմը արդյունավետ գործելու պարագայում ներքին եւ արտաքին քաղաքական եւ հասարակական կյանքում լուծում է կայունության եւ կանխատեսելիության կարեւորագույն խնդիրը, ինչպես նաեւ պետությունը դարձնում է վստահելի գործընկեր ինչպես իր քաղաքացիների եւ տարաբնույթ կազմավորումների, այնպես էլ արտաքին գործընկերների համար:

– Դուք նաեւ նշել եք, որ հայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով նվազում է պետության եւ պետականության ընկալման կարեւորությունը, եւ դրա փոխարեն անընդմեջ շահարկվում եւ չարչրկվում է «ժողովրդի» գործոնը՝ աստիճանաբար ավելացնելով պոպուլիզմի բաղադրիչը հրապարակային հռետորաբանության մեջ՝ ի հաշիվ պետության եւ պետականության ամրապնդման բաղադրիչի, եւ որ դա մի ճանապարհ է, որտեղ քաղաքական կոնտենտ ստեղծող գլխավոր սուբյեկտները հարկադրված են լինելու անտեսել արդեն գոյություն ունեցող պետականության եւ նրա ինստիտուտների կենսական նշանակությունը։ Ի՞նչ վտանգ եք տեսնում այս մթնոլորտում, այդ իրավիճակը քաղաքական դաշտում ինչի՞ կարող է հանգեցնել, եւ այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում հետընտրական Հայաստանում ստեղծված քաղաքական մթնոլորտը:

– Վերջին 9 ամիսների ընթացքում իշխանության ղեկին գտնվող խմբի եւ նրա առաջնորդի կողմից հնչեցված մտքերում կենտրոնական դեր էր վերապահված «ժողովրդին», մասնավորապես հայտարարվեց, որ «այսուհետ Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը», «Արցախի հակամարտությունը որոշելու է ժողովուրդը», ինչը վտանգավորության աստիճանի թուլացրեց պետական ինստիտուտների նկատմամբ հանրության շրջանում առանց այն էլ ցածր վստահությունը, պետական բյուրոկրատիան ներկայացվում էր որպես մարդկանց դժվար կյանքի եւ անհաջողությունների հիմնական մեղավոր, բարձրագույն ղեկավար պաշտոններում նշանակվում էին նաեւ այնպիսի անձինք, որոնք իրենց կյանքում երբեք 2 մարդ չեն ղեկավարել, չունեն կազմակերպման, ղեկավարման եւ համակարգման փորձ եւ նվազագույն հմտություններ, որոնց միակ արժանիքը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ակտիվ մասնակցությունն էր: Իհարկե, եղան նաեւ բացառություններ, որոնք, սակայն, էական որակ չտվեցին պետության ամենօրյա կառավարմանը: Իմ կողմից նշվածի վառ օրինակ էր Չարենցավանի դպրոցում ստեղծված իրավիճակը, որտեղ պետության ղեկավարը անձամբ էր լուծում «երկու կնոջ» միջեւ դպրոցի տնօրենի պաշտոնի համար ծագած վեճը, իսկ «ժողովուրդը» դրսում, բարձր աղմկելով, իրացնում էր Փաշինյանի կողմից իրենց «վերադարձված» իշխանությունը եւ ընդունում որոշումներ: Ներկայումս չեն դադարում բողոքի ցույցերը, որոնք ունեն ընդգծված պահանջատիրական բնույթ, եւ որոնց վարչապետը ուժով հակազդելու որեւէ հիմք այլեւս չունի:

Այդքան չարչրկված «ժողովուրդ» տերմինը որոշակի թյուրըմբռնում է առաջացրել այսօր իշխանության ղեկին գտնվող մարդկանց մեջ, ինչը, կարծում եմ, պայմանավորված է երկու գործոնով. 1. ակադեմիական գիտելիքի պակասը, եւ 2. պոպուլիզմի անթույլատրելի «դոզան», որ տրվեց ՀՀ քաղաքացիներին ապրիլյան իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո: Լինելով իրավաբան եւ երկար տարիներ գործելով ակադեմիական դաշտում՝ ցանկանում եմ հայտնել, որ «ժողովուրդը», որպես իշխանության կրող, սահմանադրաիրավական կատեգորիա է, որը իրավական եւ քաղաքական ուժ է ստանում բացառապես ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ: «Ժողովուրդը», որպես հավաքական միավոր, գալիս է ընտրատեղամաս եւ դադարում գոյություն ունենալուց` մինչեւ հաջորդ քվեարկություն: Մնացած բոլոր իրավիճակներում «ժողովուրդ» ուղղակի գոյություն չունի, կան գաղափարակիցներ, կողմնակիցներ, հասարակական շերտեր, միգուցե ժողովրդական լայն զանգվածներ եւ վերջապես՝ ՀՀ քաղաքացի, բայց երբեք՝ «ժողովուրդ»: Սա ժողովրդավարությունը ամբոխավարությունից տարանջատելու հիմնական դրույթն է, եւ այս տարրական բանը պետք է հաշվի առնի ցանկացած քաղաքական եւ հասարակական գործիչ` իր ՀՀ քաղաքացիների հետ շփման ժամանակ, եւ տա այնպիսի խոստումներ, որ հետո կարողանա իրագործել` չվնասելով եւ չնսեմացնելով պետությունն ու պետական ինստիտուտները:

Ինչ վերաբերում է հետընտրական քաղաքական իրավիճակին, ապա պետք է արձանագրեմ, որ առկա քաղաքական ճգնաժամը ոչ միայն չլուծվեց, այլեւ, իմ կարծիքով, խորացավ: Բացատրեմ ինչու: ՀՀ քաղաքացիները ընտրատեղամաս գնացին նորից «ընդդեմ» քվեարկության, քանի որ այն ուժը, որին նրանք ցանկանում էին տալ իրենց ձայնը, քարոզարշավին հանդես էր գալիս արմատական ընդդիմության դիրքերից` լինելով երկրի վարչապետ, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերը միմյանց դեմ պայքարում էին ոչ թե իշխանության, այլ ընդդիմության տեղի համար: Սա քաղաքագիտական նոնսենս է, ուղղակի զավեշտ: Բայց ունենք այն, ինչ ունենք, այն է՝ բացառապես հուզական եւ զգացմունքային շարժառիթով քվեարկության, քաղաքական բաղադրիչի բացակայության պայմաններում կայացած «ընտրությունների» արդյունքում ձեւավորված նոր խորհրդարան, որտեղ միայն մեկ քաղաքական ուժ ստացել է պատգամավորական տեղերի 70%-ը, իսկ մնացած երկուսը, դեռ խորհրդարան չմտած, արդեն անցել են լայնամասշտաբ պատերազմի՝ երեւի ավելի լավ ընդդիմություն լինելու համար, չգիտեմ:

– Պարոն Ղազինյան, բավական քննարկվեց թեման, թե ապագա խորհրդարանում գաղափարական պայքար չի կարող ծավալվել, իշխանությանը հակադրվող ուժեղ ընդդիմություն չի լինելու խորհրդարանում, սա վտանգավոր չէ՞ Հայաստանի համար: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Փոքր-ինչ պարզեցնեմ հարցը. խորհրդարան անցած քաղաքական ուժերը ունե՞ն գաղափարախոսություն, թե՞ ոչ: Պատասխանը միանշանակ է՝ չունեն: Իսկ եթե այդ քաղաքական ուժերը չունեն ընդգծված գաղափարախոսություն, ապա նշանակում է, որ չի կարող լինել նաեւ գաղափարական պայքար, հակադրություն: Պետք է փաստենք, որ խորհրդարանում են բացառապես այն քաղաքական միավորումները, որոնք իրականացրել եւ աջակցել են իշխանափոխությանը: Միգուցե սա օրինաչափություն է իմ կողմից նշված հուզական եւ զգացմունքային ընտրության պարագայում, սակայն ոչ մի կերպ չի տեղավորվում իրական քաղաքականության կանոնների մեջ: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նախ պետք է հասկանալ, թե ով է իշխանությունը, ինչ է ուզում, ոնց է հասնելու իր ուզածին: Այս հարցերին հստակ պատասխանելուց հետո միայն հնարավոր կլինի հասկանալ՝ ով է ընդդիմություն եւ հատկապես ինչին է ընդդիմություն:

Քաղաքական ընդդիմությունը ինքնանպատակ չպետք է լինի, այլ պետք է հիմնված լինի հակադրվող տեսլականների, գաղափարախոսությունների, ծրագրերի եւ ռազմավարությունների վրա: Իսկ մեր քաղաքական համակարգը 30 տարի սովոր է եղել անձին ընդդիմություն լինել եւ անընդհատ ու հետեւողական քննադատելու արդյունքում հավաքել քաղաքական կապիտալ եւ վարկանիշ: Այսպիսի ընդդիմության վառ օրինակ է հենց ինքը` Փաշինյանը, քանի որ իր ամբողջ լեգիտիմությունը հիմնված է հասարակական լայն շերտերի եւ ժողովրդական լայն զանգվածների շրջանում ծայրաստիճան վարկաբեկված եւ ցածր վարկանիշ ունեցող ուժերին եւ անձանց բավականին հմուտ քննադատելու, ապա նաեւ նրանց իշխանությունից հեռացնելու հաջողության վրա: Սակայն սա բավական էժան հեղինակություն է, եթե այն ամրացված չէ պոզիտիվ եւ կառուցողական ձեռքբերումների վրա: Եթե ավելի պարզեցնեմ միտքս, ապա բերեմ մեկ օրինակ. ակնհայտ է, որ ներկայումս ընթանում է նախկին համակարգի քանդման ակտիվ գործընթաց, ինչին, պետք է խոստովանեմ, համաձայն եմ: Սակայն այն քանդվում է քաոսային կերպով: Դա նույնն է, թե քանդես հնացած եւ անպիտան մի շինություն` առանց նորի ճարտարապետաշինարարական նախագիծ ունենալու, ինչի հետեւանքով կարող ես վնասել եւ քանդել նաեւ այնպիսի հիմքեր, որոնք կառուցվել են հազարամյակների ընթացքում, եւ որի վերականգնման համար կպահանջվեն հարյուրավոր տարիներ, եթե, իհարկե, ենթակա լինի վերականգնման: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, երբ կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ եւ սեփական բացարձակ իշխանությունը հաստատելու նպատակով հետեւողականորեն հեղինակազրկվում եւ թուլացվում են ազգային ինքնության այնպիսի հիմքեր, ինչպիսիք են Հայ Առաքելական եկեղեցին, հայկական ավանդույթներն ու պատմական ժառանգությունը, Հայկական մեծ երազանքը: Էլ չեմ խոսում ազգային ինստիտուտների, Հայաստան-Արցախ հարաբերությունների եւ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցուցաբերվող վերաբերմունքի մասին:

– Խորհրդարանից դուրս կարո՞ղ է ընդդիմադիր հզոր ուժ ստեղծվել, առհասարակ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից պայքար ծավալելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Ընդդիմության առկայությունը բնական պահանջ է, եւ եթե այն չկա խորհրդարանի ներսում, ապա անխուսափելիորեն կձեւավորվի դրանից դուրս: Առանց ընդդիմության վտանգված է առաջին հերթին իշխանությունը, ապա նաեւ պետությունն ու պետականությունը: Ընդդիմության բացակայությունը հանգեցրեց Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կործանման, կկործանի նաեւ այսօրվա իշխանությանը եւ արդեն լուրջ սպառնալիք կդառնա պետության համար: Այդ իրավիճակից կարող են օգտվել նաեւ պետության եւ պետականության ներքին եւ արտաքին թշնամիները, իսկ նրանց հարցում Հայաստանը պակաս չունի, նրանք շատ են եւ ուժեղ: Հետեւաբար նոր` ցենտրիստական քաղաքական ուժի ձեւավորումը ես եւ իմ գաղափարակիցները ընկալում ենք ոչ այնքան բարենպաստ իրավիճակում դրսեւորվելու հնարավորություն, որքան պետությանը սպառնացող վտանգները հնարավորինս չեզոքացնելու եւ ներքին կյանքը կայունացնելու առաքելություն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.12.2018      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հայաստանում բաց են թողել քաղաքականության, ընտրությունների ու ընդդիմության մասին առաջին մի քանի դասընթացները: Մենք անցում ենք կատարում ավտորիտար համակարգից դեմոկրատական համակարդ: Ընտրողը կազմել է այն խորհրդարանը որը որ կազմել է մյուս ընտրություններին այլ պատկեր կլինի: Ինստիտուտները ժողովրդավարական երկրում պետք է ամուր լինեն որ անկախ թե ընտրողը ինչ խորհրդարան կազմի, վտանգված չլինի ժողովրդավարությունը: Բեր հարգենք մարդկանց քվեարկությունը և չմեղադրենք ընտրողին որ այս անգամ այսպիսի խորհրդարան է ընտրել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31