Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներկրվող 25 կգ-ն ու 500 եվրոն գերազանցող անձնական չօգտագործված իրերը կհարկվեն

Դեկտեմբեր 26,2018 15:30

Եվրասիական տնտեսական մաքսային օրենսդրության համաձայն՝ հունվարի 1-ից ֆիզիկական անձանց ներկրած հարկման ոչ ենթակա ապրանքների ծավալի ու գնի շեմը փոփոխվել է

Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների եւ անհանգստության տեղիք տվեց:

Խոսքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ 2019թ. հունվարի 1-ից առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային եւ բնաիրային չափերի փոփոխությունների մասին է:

Ըստ ՊԵԿ-ի իրազեկման՝ «2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ: Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների»:

Այս հայտարարությունը մասնավորապես սոցիալական ցանցերում թյուրընկալման տեղիք է տվել. շատերի պատկերացմամբ՝ այլեւս 500 եվրոյի արժեքով ինչ ապրանք բերեն՝ պետք է մաքսատուրք վճարեն:

«Առավոտի» հետ զրույցում ՊԵԿ վարչարարության, մեթոբանության ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը ներկայացրեց, թե ինչ է նախատեսում ԵՏՄ օրենսդրությամբ այս փոփոխությունը:

«Փոփոխվել են քաշային եւ արժեքային չափերը՝ բացի օդային տրանսպորտից, այլ տրանսպորտային միջոցներով ուղեկցվող բեռների չափաքանակը: Այսինքն՝ փոոխվել են ե՛ւ արժեքը, ե՛ւ քաշը»,- ասաց Լիլիթ Մովսիսյանը:

Ֆիզիկական անձը եթե ցամաքային ճանապարհով անձնական օգտագործման իրեր է ներկրում (օգտագործված իրերին չի վերաբերում), եւ եթե դրանց արժեքը գերազանցում է 500 եվրոն եւ 25 կգ-ն, ապա պետք է հարկվեն: Ավելի պատկերավոր ասած՝ եթե գնացքով կամ ավտոմեքենայով հատում եք ՀՀ սահմանը, եւ ձեր բեռը 50 կգ է, արժեքը՝ 1000 եվրո, ապա, ինչպես բացատրեց տիկին Մովսիսյանը, հարկման ենթակա է 1000 եվրոյից 500 եվրոյի բեռի 30%-ը, բայց ոչ պակաս քան 4 եվրո՝ 1 կգ-ի համար: Այս 50 կգ բեռից հարկման ենթակա չէ 25 կգ-ն, այս ծավալով թույլատրվում է ներկրել առանց մաքսային վճարի, եւ ուրեմն մաքսատուրք է վճարվելու ավելի 25 կգ-ի համար: Այս 30% մաքսի գումարի չափը չպիտի պակաս լինի հարկման ենթակա բեռի 1 կգ-ի համար 4 եվրոն:
Ինչ վերաբերում է ՊԵԿ հայտարարության՝ «բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների» ձեւակերպմանը, ապա տիկին Մովսիսյանն ասաց, որ այս դրույթը չի վերանայվել ու գործող օրենսդրությամբ է կարգավորվում՝ առանց հարկման թույլատրվում է ներմուծել 1 անձի դեպքում՝ 3 լիտրի չափով՝ ոչ օդային տրանսպորտով ուղեկցվող բեռով: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին կառավարությանն էր ներկայացվել որոշման նախագիծ՝ ԵՏՄ օրենսդրությունից բխող, ըստ որի՝ առաջարկվում էր ալկոհոլային խմիչքների դեպքում՝ եթե նախկինում թույլատրելի առավելագույն չափը 2 լիտր էր, այն դարձնել ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրելու դեպքում 3 լիտր, ԵՏՄ անդամ պետություններից՝ 5 լիտր՝ 18 տարին լրացած մեկ անձի համար։

Այսինքն՝ ոգելից խմիչքների ներկրման համար սահմանված շեմը չի փոփոխվել:

Տիկին Մովսիսյանի ներկայացմամբ՝ «Փոստային առաքանիների դեպքում վերին շեմը վերանայվել է՝ նախկինում 1000 եվրո արժեքից էր 4 եվրո հարկվում, հիմա դարձել է 500 եվրո: Մեր ազգային օրենսդրությամբ 200 հազար դրամը գերազանցելուց հետո հարկում կար, եւ դրա 22.5%-ն էր հարկվում՝ մինչեւ 1000 եվրոն: Հիմա 22.5%-ը հարկվելու է մինչեւ 500 եվրոն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

25.12.2018      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31