Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ցավալի ճշմարտություն

Դեկտեմբեր 26,2018 14:30

Հրեա ժողովուրդը Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը վաղ թե ուշ կճանաչի

Մարդկությունն իր դրավոր պատմության ընթացքում միջցեղային, միջազգային պատերազմներ, կոտորածներ շատ է տեսել: Շատ հաճախ հարեւան հզոր պետությունը իր այս կամ այն պահանջները բավարարելու կամ այլ նպատակներ իրականացնելու համար հարեւան փոքրաթիվ ժողովուրդներին կոտորելով տեղահան է անում, զավթում է նրանց տարածքները։ Վերջին դարում նման կոտորածներ եղան հրեա ժողովրդի նկատմամբ։ Օսմանյան անօրինական պետության ստեղծմամբ օսմանցիները տարածքի բնական տերերի, ինչպես հայերի, հույների, ասորիների եւ այլ փոքրաթիվ ազգությունների հանդեպ կատարում էին կոտորածներ՝ զավթելով նրանց դարավոր բնակավայրերը, տիրանալով նրանց հարստություններին եւ այլն։ Օսմանցիները ի սկզբանե իրենց համար ընդունեցին պանիսլամիզմի սկզբունքները, որի առաջնահերթ խնդիրն էր կոտորել փոքրաթիվ ազգություններին՝ ընդարձակելով իրենց տարածքը: Այդպիսի կոտորածներ առանձնակի դաժանությամբ կատարում էին հայ ազգության նկատմամբ։ Անցած դարում գերմանացիները մեծ դաժանությամբ կոտորեցին միլիոնավոր հրեաների։ Միավորված ազգերի գլխավոր ասամբլեան իր 1946թ. դեկտեմբերի 11-ի բանաձեւում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն, ցեղասպանությունը հանցագործություն է եւ հակասում է ՄԱԿ-ի ոգուն ու նպատակներին, եւ որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն՝ ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը եւ համոզված լինելով, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն:

Ընդունված կոնվենցիան (համաձայնությունը) ասում է. «Ցեղասպանություն նշանակում է հետեւյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի նկատմամբ, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Ինչպես այդ խմբի անդամների սպանությունը, այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ոչնչացմանը, երեխաների բռնի փոխանցմանը մի խմբից մյուսին, ինչպես նաեւ սոցիալական աննպաստ պայմանների ստեղծումը, որի արդյունքում տվյալ բնակիչները ստիպված են թողնել իրենց դարավոր տարածքները, հեռանալ»: Այդպիսի դաժանություն ամբողջ էությամբ կատարվել է հայերի, հույների, հրեաների նկատմամբ: Չնայած հրեա ժողովրդի հսկայական կորստին՝ 1948թ. մայիսի 14-ին հռչակվեց Իսրայելի պետությունը: Աշխարհը, այդ թվում Հայաստանը, ճանաչեց հրեա ժողովրդի հանդեպ կատարված ցեղասպանության փաստը: Ցավալի է, որ հրեա ժողովուրդը, իր վրա կրելով այդքան վայրագությունները, լավ գիտի՝ ինչ է ցեղասպանությունը: Ցավալի ճշմարտություն է, չնայած որ հայկական պետությունը ճանաչել է հրեաների հանդեպ կատարված ցեղասպանությունը, մինչ օրս քաղաքական, տնտեսական եւ այլ պատճառների հետեւանքով Իսրայել պետության բարձրագույն օրգան Կնեսետը չի ճանաչել հայոց ողբերգությունը. կոտորածները, բռնությունները, կողոպուտը, հայկական բուն տարածքների զավթումը Թուրքիայի կողմից։

Այսօր Երեւանում կա հայ- իսրայելական բարեկամության շատ հետաքրքիր հուշարձան։ Արտաշատի տարածքում հայտնաբերվել է հրեաների մեծ գերեզմանոց, որն ապացուցում է, որ հրեա ժողովուրդը իր վրա կրելով ցեղասպանության ամբողջ դաժանությունը, Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը վաղ թե ուշ կճանաչի։

Եթե ցեղասպանություն է համարվում նաեւ բնիկ ժողովրդի տեղահանումը սոցիալապես անբարենպաստ պայմանների ստեղծմամբ, որի արդյունքում բնակիչը ստիպված թողնում է իր դարավոր հողը, պապական տունն ու հայրենիքը, ապա դրա համար պատասխանատու չե՞ն, արդյոք, տվյալ երկրի իշխանությունը, պետության ղեկավարը։ Այսպես, եթե անկախության հռչակվելու նախօրեին Հայաստանի բնակչության թվաքանակը 3 մլն 800 հազարից ավելի էր, ապա այսօր այն 2 մլն-ից պակաս է։ Արդյոք դրա համար պատասխանատվություն չե՞ն կրում ՀՀ պետության իշխանավորներն ու նախագահները: Մեր կարծիքով՝ մինչ թավշյա հեղափոխությունը հայրենիքը լքելու հիմնական պատճառը այդ իշխանավորների կողմից ստեղծած անբարենպաստ պայմաններն են: Այդպիսի պայմաններ ստեղծող պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն։

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

25.12.2018      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31