28 հազար դրամ թոշակ է ստանում Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ, 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ Զարիկ Փաշինյանը: 29 տարի առաջ նրա թեւը մամլիչի տակ է մնացել: Ամուսինը 73 տարեկան է, շինարար, որը կնոջ ասելով՝ «գրադի տակ» օրվա հացն է վաստակում:
Սահմանամերձ գյուղի բնակչի դեմ անցյալ տարվա դեկտեմբերին վճիռ է կայացրել ոչ թե Տավուշի մարզի դատարանը, այլ Կոտայքի մարզի դատարանը, ինչի մասին հիվանդ կինն իմացել է օրեր առաջ:
Նրան այլ բան չի մնացել, քան դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի Կոտայքի մարզի դատարանի կայացրած վճռի դեմ բողոքով դիմի վերաքննիչ քաղաքացիական դատարան: Մինչ այդ, ներկայումս լուծարված «Երեւան Ջուրը» դիմել էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, շփոթելով Ջրվեժ թաղամասը:
Դատարանի վճռի համաձայն, Զարիկ Փաշինյանից հօգուտ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձվելու է 441.304 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցման գումար:
«Երեւան Ջուր» ընկերության աշխատակիցները դիմելով դատարան՝ հայտնել էին, որ չորս տարի առաջ մայիսի 26-ին Ջրվեժի 20 փողոցի 20/3 տանը կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերել են ջրօգտագործման կանոնների խախտում, ջրաչափի բացակայություն՝ 20 մմ տրամագծի խողովակով, որի մասին նույն օրը կազմվել է հայտնաբերված խախտումների մասին ակտ:
Մի կարճ ժամանակ ամուսնու աշխատանքի հետ կապված Զ.Փաշինյանը բնակվել է նշված հասցեում՝ Ջրվեժում: Մի օր էլ, երբ գնացել էր գյուղ, ջրաչափն էր պայթել: Երբ այդ մասին տեղեկացել է, դիմել է տեղի ինքնակառավարման մարմնին, պատրաստվել, որպեսզի ջրաչափը տանեն փորձաքննության:
«Կարուկարկատանով նասկի եմ հագնում, դիմանում, որ իմ բերանից կտրած գումարը տամ ջրաչափի՞ն»,-ասում է զրուցակիցս:
«Երեւան Ջուր» ընկերությունը դատարան ներկայացրած հայցապահանջում նշել էր, խախտման դիմաց հաշվարկը կատարվել է համաձայն ՀՀ կառավարության 22.01.2004թ. թիվ 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման» կանոնների 25 կետով սահմանված կարգով:
Մասնավորապես, 20 մմ տրամագծի խողովակի թողունակությամբ ջրամատակարարման 24-ժամյա գրաֆիկով, 60 օրերի համար եւ 1 խմ ջրի 170.256 դրամ սակագնով, որի արդյունքում հաշվարկված ընկերությանը պատճառված վնասը կազմել է 441.304 դրամ: ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 130-Ն որոշման համաձայն, խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարների հաշվարկները կատարվում են ջրաչափական սարքերի ցուցմունքների եւ հաստատված սակագների հիման վրա:
Հայցվորը նշել էր, որ ջրաչափի ժամանակավոր բացակայության դեպքում օգտագործված ջրի քանակը որոշվում է նախորդող 3 հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջրի միջին ծավալի չափով: Հաշվարկի այդպիսի կարգը պահպանվում է ընդհուպ մինչեւ նոր ջրաչափի տեղադրումը ու կապարակնքումը, բայց ոչ ավելի, քան 15 օր, վկայակոչելով տասնչորս տարի առաջ հունվարին ՀՀ կառավարության կողմից հաստատված 130-Ն կանոնները:
Դատարանն արձանագրել էր. «Հայցվորը պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, սակայն չի ներկայացել: Դատարանի որոշմամբ գործը քննվեց հայցվորի բացակայությամբ»: Սակայն ուր էր ուղարկվել ծանուցագիրը: Ըստ դատարանի՝ «Պատասխանողի պատշաճ կարգով ծանուցումը դատական նիստին ապահովելու համար գրություն է գրվել պատասխանողի հաշվառման վայրի համայնքի ղեկավարին»:
Դատարանն արձանագրել էր, որ «Պատասխանող Զարիկ Փաշինյանին ուղարկված դատական ծանուցագիրը վերադարձվել է դատարան «բացակա» նշումով»:
«Առավոտին» Զարիկ Փաշինյանն ասաց. «Ինձ ասում են, գումարդ արգելանքի տակ է բանկում: Ո՞վ է իմացել, ո՞նց են հանել, ամուսինս ու ես երբ իմացել ենք, սթրես ենք տարել»:
Մարզերում սա միակ դեպքը չէ, երբ առանց անձի գիտության, դատուդատաստան են տեսնում, մտնում նրա գրպանը, հասցնում էլ ավելի ծանր վնաս:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2018