ՀՀ նախագահը Մատենադարանի թեմայով Փարիզում մտքեր էր փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի զարգացման տեսանկյունից մեծ ուշադրություն է դարձնում հայկական մշակութային ժառանգության վերագնահատման եւ միջազգային մակարդակով դրա տեսանելության բարձրացման հարցերին: Նախագահի կարծիքով, այդ առումով Երեւանի Մատենադարանը իր հարուստ ֆոնդերով ու գիտական-մասնագիտական փորձով կարող է դառնալ միջազգային բրենդ, այդ եզակի հարստությունը ճիշտ արժեւորման եւ մատուցման դեպքում կարող է հրապուրել հարյուր հազարավոր զբոսաշրջիկների: Նախագահը կարծիք էր հայտնել, որ մասնագիտական առումով, միջազգային հովանավորների միջոցներով Մաշտոցյան Մատենադարանը կարող է դառնալ հին ձեռագրերի վերականգնման, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն: Այն բոլոր հնարավորություններն ունի դառնալու նաեւ եզակի ցուցահանդեսների վայր՝ այդ առումով համագործակցելով միջազգային համբավ ունեցող այլ թանգարանների հետ եւ ցուցադրելով տարբեր քաղաքակրթությունների նմուշներ (հայկական, հունական, եբրայական, արաբական եւ այլն): Այս եւ այլ հարցերի շուրջ նախագահ Սարգսյանը նոյեմբեր ամսին Փարիզում մտքեր էր փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ:
Մասնավորապես, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Մատենադարանը դարձնել տարածաշրջանային վերականգնման կենտրոն, որն իր մեջ կարող է ընդգրկել Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրները: Մատենադարանն այս պահին ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլ» ծրագրում, որի շրջանակում Հայաստանը կարող է դառնալ Սիրիայից եւ Մոսուլից փախստականների կրթության եւ ինտեգրման բազա:
Վահան Տեր-Ղեւոնդյանը` Մատենադարանի ներուժի ու հավակնոտ ծրագրի մասնակցելու մասին
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի հետ: Նա տեղեկացրեց, որ Մատենադարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ունի երկար տարիների սերտ համագործակցություն եւ գրեթե ամեն տարի ծրագրեր են իրականացնում այդ կազմակերպության հովանավորությամբ:
«Այս տարվա սկզբին մենք մի ծրագիր ենք իրականացրել, որի համար շատ հպարտ ենք: Խոսքը վերաբերում է սիրիացի մի խումբ վերականգնողների համար Մատենադարանում կազմակերպված դասընթացին, մեր մասնագետների իրականացրած վարպետության դասերին, որոնց նպատակն էր վերականգնողների մասնագիտական մակարդակի բարձրացումը»,- նշեց տնօրենը: Հավելեց, որ խմբի Հայաստան գալու եւ կազմակերպական հարցերը ստանձնել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իսկ դասընթացների հետ կապված բովանդակային եւ գիտական հարցերը` Մատենադարանը: «Դա մեր աջակցությունն էր վերջին 6-7 տարիներին տառապանքների ճանապարհով անցնող սիրիացի եղբայրական ժողովրդին: Դա փոքր ծրագիր էր, որի հաջող իրականացումը եւ արձագանքը թերեւս նպաստեց ավելի մեծ ծրագրի համար, եւ այստեղ շատ կարեւոր էր ՀՀ նախագահի աջակցությունը եւ նրա կողմից արված նախաձեռնողական քայլը, ինչի շնորհիվ հույս ունենք շատ ավելի մեծ ծրագրի մասնակից դառնալ: Խոսքը վերաբերում է առաջին հերթին Իրաքի, բայց գուցե նաեւ հեռանկարում ամբողջ Մերձավոր Արեւելքի երկրների համար վերականգնողական կենտրոնի դեր ստանձնելու հավակնոտ ծրագրին»,- հայտնեց պարոն Տեր- Ղեւոնդյանը: Նաեւ հավելեց, որ իր կարծիքով Մաշտոցյան Մատենադարանը եւ հատկապես իրենց վերականգնողական բաժինն ունի այդ ներուժը նման ծրագիր իրականացնելու համար:
«Կարծում եմ, որ ՀՀ նախագահի միջամտությունն այս հարցում կունենա դրական նշանակություն եւ ծրագիրը կհաստատվի»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը: Մեր զրույցի ընթացքում անդրադարձանք Մատենադարանի չօգտագործված հնարավորություններին եւ այն քայլերին, որոնց միջոցով կարելի է Մատենադարանը եւ մեր երկիրն ընդհանրապես, ավելի ճանաչելի դարձնել:
Վահան Տեր-Ղեւոնդյանը նշեց, որ այդ առումով շատ անելիքներ ունեն: Այս պահին փորձում են հարստացնել Մատենադարանի կայքէջի բովանդակությունը եւ բարձրացնել տեքստերի որակը, որոնք արդեն հասանելի են հայերեն, անգլերեն եւ ռուսերեն:
«Նախատեսում ենք 2019-ի սկզբին որոշակի կառուցվածքային փոփոխություններ կատարել Մատենադարանում, որի մեջ է մտնում նաեւ հանրային կապերի բաժնի ստեղծումը, վերջինս ունենալու է շատ կարեւոր դեր Մատենադարանի կյանքում` արված գործերի հանրահռչակման եւ ԶԼՄ-ների հետ կապերի պահպանման, կայքէջի հետագա զարգացման ու հարստացման առումով»,- հավելեց մեր զրուցակիցը:
Տնօրենը կարեւորեց ցուցադրությունները, օրինակ, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» խորագրով բացառիկ ցուցադրությունը կգործի մինչեւ 2019-ի հունվարի կեսերը: Ի դեպ, ցուցադրությունն արժանացել է ամենաբարձր գնահատականների. դրան անդրադարձել են ԱՄՆ-ի խոշորագույն թերթերը («Նյու Յորք Թայմզ», «Վաշինգթոն Փոստ» եւ այլն): Մի ինքնատիպ ցուցադրություն էլ ունեցել են Պրահայի Ստրահովյան վանքում` «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգեւոր արվեստը եւ երաժշտությունը միջնադարյան ձեռագրերում» խորագրով: Այնպես որ, ցուցադրությունների առռւմով 2018-ը Մատենադարանի համար շատ ակտիվ տարի էր:
Մատենադարանն ունի 7 լեզվով աշխատող զբոսավարներ, բացառիկ ցուցադրություններ ու հրատարակած գրքեր
Վահան Տեր-Ղեւոնդյանի հետ զրույցում խոսեցինք Մատենադարանի զբոսավարների մասին: Տնօրենն ասաց, որ 7 լեզվով բացատրող զբոսավարներ ունեն` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, որոնք սպասարկում են այցելուներին եւ զբոսաշրջային խմբերին, անհրաժեշտության դեպքում հնարավորւթյուն ունեն գիտական մասի աշխատակիցների միջոցով էքսկուրսիաները վարել հունգարերեն, լեհերեն, արաբերեն, պարսկերեն եւ այլ լեզուներով:
Նա վստահեցրեց, որ բավական մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկները Եվրոպայից եւ Ռուսաստանից, աճում է նաեւ Արեւելքից, հատկապես Հեռավոր Արեւելքից ժամանող այցելուների թիվը: Առաջիկա տարվա համար նախատեսել են տեխնիկական եւ տեխնոլոգիական միջոցների հարստացման եւ համալրման մի շարք ծրագրեր. «Ժամանակակից միջոցները կմտնեն ցուցադրության սրահներ, նախատեսում ենք նաեւ գրչության կենտրոնները ներկայացնող էլեկտրոնային քարտեզ-սեղան ունենալ, որը հնարավոր կլինի կյանքի կոչել դրամաշնորհների միջոցով»:
Վահան Տեր-Ղեւոնդյանը հայտնեց, որ մեծ թվով գրքեր են հրատարակվել, կազմակերպվել են գիտաժողովներ, որոնցից մեկն էլ Մատենադարանի հիմնադիր-տնօրեն Լեւոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրվածն էր հունիսին, նոյեմբերին կայացել էր «Նարեկացիական ընթերցումներ» չորրորդ միջազգային գիտաժողովը, ինչպես նաեւ ամենամյա երիտասարդական գիտաժողովը:
Մատենադարանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համատեքստում կազմակերպված միջոցառումներին: Այդ առիթով հրատարակվել է հայկական մանրանկարչության ալբոմ (ֆրանսերեն տեքստերով), իրականացվել է «Հայաստան-Ֆրանսիա` դարավոր կապեր» ցուցադրությունը (համապատասխան երկլեզու գրքույկի հրատարակմամբ), որը համակարգում էր ճանաչված պատմաբան Արմեն Մութաֆյանը, ընդունել են բազմաթիվ պատվիրակությունների, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեին, որի հետ պատրաստվում են լուրջ ծրագրեր իրականացնել առաջիկա տարիներին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2018