Մի անգամ Տեր Հիսուսը մի առակ պատմեց, որով սովորեցրեց երբեք չպարծենալ քո արդարությամբ ու արհամարհել մեղավոր մարդկանց: Արդարը խոնարհն է, ու նա, ով սիրում է Աստծուն եւ մարդկանց: Իրեն արդար համարող մարդը չի արդարանում Աստուծո առաջ, այլ՝ զղջացող մեղավորը: Հիշեք սա, ժողովուրդ ջան, սա ամբողջ քրիստոնեական կյանքի հիմքն է:
«Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր։
Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. «Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը.
այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։
Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»։
Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետեւ, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»։
(Ղկ 18:9-14)
Երբ փարսեցին դատում էր մաքսավորին, նա երեւի ճիշտ էր դատում: Բայց արի ու տես, որ զղջացողը մաքսավորն էր, որ արդարացած գնաց տուն, այլ ոչ թե ճիշտ դատող փարիսեցին: Շատ հաճախ մեզ թվում է, թե ճիշտ ենք դատում: Բայց ժողովուրդ ջան, դատելով մենք չենք արդարանում, այլ զղջալով՝ սեփական մեղքերի համար զղջալով: Այդպես է լույսն ավելանում ու Աստուծո Շնորհը գործում մեր կյանքում:
Տեր Հիսուսը հստակ ասաց, որ ինքը չի եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության (Ղկ. 5:32): Եթե դուք ձեզ արդար մարդ եք համարում, ապա Հիսուսն ասում է, որ ինքը ձեր համար չի եկել: Ոչ մի արդար չկա այս երկրի վրա (Հռոմ. 3:10): Մենք չենք կարող նույնիսկ մի բարի գործ չանենք ու ինքներս մեր ներսում մեր մասին լավ կարծիք չկազմենք, կամ էլ չուզենանք, որ մարդիկ նկատեն ու ասեն ապրես: Եթե մենք տեսնում ենք մեր մեղքերը ու զղջում դրանց համար, ապա այստեղ է, որ մենք Փրկիչ ենք փնտրում, որ մեզ օգնի ազատվել այդ չար կրքերից: Իսկ եթե արդար ենք, ապա մեր քիթը բարձրանում է ու մեզ էլ Քրիստոսն ի՞նչ պիտի անի, մենք մեզ արդեն լավ ենք համարում:
Եկեք միշտ հիշենք այս առակի վերջին խոսքերը. «ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»: Եկեք ամեն ինչի մեջ փնտրենք, թե ինչպես խոնարհվենք, ինչպես տեսնենք մեր մեղքերը: Իսկ եթե մեղավոր մարդ ենք տեսնում, ոչ թե արհամարհենք նրանց, այլ օգնենք վեր կենա ու շտկվի: Եթե չեք կարող, գոնե մտահոգվեք իր համար ու աղոթեք, որ Տերն օգնի նրան դառնալու իր չար ճանապարհից:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2018