Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Գրիգի հայալեզու գիրքը աղմուկ է հանել Ֆրանսիայում

Դեկտեմբեր 26,2018 13:00

«Առավոտը» վերջերս ֆրանսիական պարբերականներից տեղեկացավ, որ 2017թ. Երեւանում հրատարակված բանաստեղծ Արեգ Գրիգի «Սղագրեր…» ժողովածուն այս տարի Փարիզում ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք»: Սա երիտասարդ արվեստագետի հրատարակած, հեղինակի խոսքերով՝ դեռեւս առաջին եւ միակ «բանաստեղծական երախայրիքն է», որը կազմված է երկու մասից՝ «Սղագրեր ապաշխարության» եւ «Սղագրեր սիրո»: Այն ընդգրկում է հեղինակի 1996-2017թթ. գրված ստեղծագործությունները: Գրքի խմբագիր, գրող Մանասեի խոսքերով՝ արվեստագետը հետաքրքիր է մտածում, դիմում է բառաստեղծումների, փորձում է բառին անսովոր իրավիճակներում, ինչպես ինքն է ասում՝ «հանդերձավորել ամենատարբեր կերպով», իմաստավորել այնպես, որ բառը «զարմանք» ապրի… Նրա բանաստեղծություններն ասես վտառից փախած ձկներ լինեն, որ լողում են անկանխատես ու ինքն էլ դրանից «շփոթված»: Բայց սա շահեկան շփոթություն է, ինքնատիպ խոսքարվեստ ունենալու նախամղում, ինչը եւ ողջունելի է, որ բանաստեղծը չի «լողում» այնտեղ, ուր իրեն կարող է նետել զանգվածային հոսանքը…»:

Ժողովածուի մասին իրենց կարծիքն են արտահայտել ճանաչված արվեստագետներ, այդ թվում՝ ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայները եւ ուրիշներ: Իսկ ճանաչված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը ժողովածուի առիթով արտահայտվել է. «Արեգի յուրաքանչյուր բանաստեղծություն մի կտավի պատմություն է՝ լի ալեգորիկ եւ աբստրակտ պատկերներով…»: Գրքի նկարազարդումների հեղինակը Հյուսիսային պողոտայում «աշխատող» Հունան Ավետիսյանն է:

«Առավոտը» Արեգ Գրիգից հետաքրքրվեց ժողովածուի փարիզյան հաղթարշավից: «Գրքիս երեւանյան շնորհանդեսից հետո նամակ ստացա Ֆրանսիայում գործող Bonheur Retrouve կազմակերպությունից: Լուրջ չվերաբերվեցի. նախ՝ շնորհանդեսից անցել էր 25 օր, գիրքս հայերեն էր… Մտածեցի՝ ֆրանսիացիները ի՞նչ շահագրգռություն ունեն հայերեն գրքի շնորհանդես անցկացնել իրենց մոտ: Միառժամանակ անց նորից նամակ ստացա, ինչից հետո սկսեցի իրավաբանին բնորոշ ուշադրությամբ (Արեգ Գրիգը մասնագիտությամբ իրավաբան է- Ս.Դ.) հետաքննություն անցկացնել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում գտնվող իմ ընկերների միջոցով: Նրանք տեղեկացրին, որ այդ կազմակերպությունը շուրջ 20 տարի մշակութային դաշտում գործող լուրջ կառույց է եւ հետեւում է աշխարհում կատարվող մշակութային անցուդարձին: Սկսվեցին կազմակերպության հետ իմ հեռակա բանակցությունները: Նրանք համաձայնեցին, որ շնորհանդեսը պետք է կրի բարեգործական բնույթ, այսինքն՝ այն կայանա շնորհանդես-երեկոյի ձեւաչափով, իսկ միջոցառումից գոյացած հասույթը փոխանցվի քառօրյա պատերազմում զոհված Արայիկ Օրդուբեկյանի բազմանդամ ընտանիքին»,- հայտնեց մեր զրուցակիցը: Բանաստեղծը հավելեց նաեւ, որ երեկոյին ցուցադրվել է Արայիկ Օրդուբեկյանի մասին պատմող տեսաֆիլմ, որը ցնցել է ոչ միայն հայերին, այլեւ ներկա այլազգիներին: Խնդրեցինք մանրամասն պատմել գրքի շնորհանդեսի մասին՝ զարմանալով, որ հայալեզու գրքով այդքան հետաքրքրվել է ֆրանսիական կազմակերպությունը: «Ժողովածուում տեղ գտած բանաստեղծություններիս մեծ մասը թարգմանվել էր ֆրանսերեն ու ներկաները դրանք ունեին բուկլետի տեսքով: Եղան բազում անակնկալներ, օրինակ՝ հենց Փարիզում գործող Այբ FM 99.5 ռադիոկայանի հարցումների արդյունքում ժողովածուում ընդգրկված «Մի բուռ հայրենիք» բանաստեղծությունս ճանաչվել է տարվա լավագույն գրական գործերից մեկը»:

Բանաստեղծը երգչուհի Աննա Մայիլյանի հետ:

Հարցին՝ ինչո՞ւ ձեր անունը նույն «շրջանառությունը» չունի հայաստանյան գրական շրջանակներում, Արեգ Գրիգը պատասխանեց. «Գրական ոչ մի միության անդամ չեմ, բացարձակ չեմ խառնվում մերօրյա գրողական աշխարհում տեղի ունեցող, այսպես կոչված, չակերտավոր իրադարձություններին, թեեւ ունեմ իսկապես հիանալի գրչակից ընկերներ»:

Բանաստեղծը հաստատեց մեր տեղեկությունն այն մասին, թե իր որոշ բանաստեղծություններ երգ են դարձել շնորհիվ ճանաչված գործիքավորող ու կոմպոզիտոր Կարեն Անանյանի, իսկ թե ինչո՞ւ դրանք էլ «շրջանառություն» չունեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարենի շնորհիվ ռոմանս, հայրենասիրական, քնարական «հանդերձանք» ձեռք բերած բանաստեղծություններս նվիրված են ճանաչված երգչուհի Աննա Մայիլյանին եւ միայն նա ունի կատարման իրավունք: Դրանք առայսօր հնչել են երեւանյան մեկ-երկու միջոցառումների ժամանակ»: Ժողովածուի վերջում տպագրված են միայն մեկ՝ «Զինվորին» երգի նոտաները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

25.12.2018      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Իվանյան says:

    Անսպասելի լավ երևույթ է։
    Իսկ ինչու՞ Գրիգի լուսանկարը չեք տեսադրել։

Պատասխանել