Անչափահասների վիճակը գնահատելու առումով կարեւոր նշանակություն ունի ոչ միայն անչափահասների վարքագծի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության, այլեւ նրանց կողմից դրսեւորվող վարքագծի վերաբերյալ առկա այլընտրանքային տեղեկատվության ուսումնասիրությունը: Համացանցը հաճախ հանդիսանում է ձանձրույթը լցնելու կամ տեղեկություն ստանալու միջոց: Սակայն չմոռանանք, որ այն հատկապես անչափահասների կյանքում հաճախ դառնում է վտանգավոր գործոն: Ոչ օրենսդրությունը եւ ոչ էլ սոցցանցերը չեն կարող վերահսկել կամ սահմանափակել անչափահասների մուտքը սոցցանցեր: Հիմնական գործը մնում է ծնողներին: Ծնողները պետք է տեղյակ լինեն երեխաների՝ սոցցանցերում կատարած «աշխատանքներին»: Պետք չէ նրանց արգելել, քանի որ դա ունենում է հակառակ ազդեցությունը եւ միշտ հետաքրքրասիրությունն ավելի է մեծանում անչափահասների մոտ: Հոգեբան Աննա Ավագյանը ծնողներին խորհուրդ է տալիս կտրուկ արգելքներ չկիրառել՝ երեխային զրկելով համակարգչից. «Ծնողը պետք է այլընտրանքային տարբերակ մտածի, որով կարող է երեխային զբաղեցնել, քանի որ այն բացը, որ կա կյանքում, պատանին փորձում է ունենալ վիրտուալ տիրույթում: Զրկելով համակարգչից, դրա փոխարեն ի՞նչ կարող են առաջարկել: Պետք է կապը պահպանել անչափահասի հետ, որպեսզի ծնողին վստահի, խոսի ծնողի հետ, իսկ նրան արգելելով, ավելի վատ արդյունքի կհասնեք»:
Ըստ հոգեբանի՝ համակարգիչը ու առավել եւս խաղերն ու սոցցանցերը անչափահասների մոտ առաջացնում են իրականությունից առանձնանալու ցանկություն, եւ ազդեցություն են գործում ոչ միայն հոգեկան աշխարհի, այլեւ ընդհանուր առողջության վրա: Շատ հաճախ իրենց համար իդեալական կերպարով համացանցում ներկայանալու պատճառներից մեկը բարդույթներն են: Սակայն վիրտուալ վտանգները միայն վիրտուալ բարդույթներով չեն սահմանափակվում: Կարծիք կա, որ վիրտուալ տարածքում ակտիվ են սատանիստական կազմակերպությունները, էմո ենթամշակույթի ներկայացուցիչները:
Տասնչորս տարեկան Արմանի (անչափահասի անունը փոխված է) մայրը վերջին ժամանակահատվածում փոփոխություններ էր նկատել որդու պահելաձեւի մեջ: Մայրը նշում է, որ երեխան դարձել էր բավականին ագրեսիվ եւ ընդհանրապես իր վարքագծին անհամապատասխան արարքներ էր թույլ տալիս:
«Ես շատ լավ ճանաչելով իմ երեխային՝ նկատել էի նրա մոտ շատ ագրեսիվ պահվածք եւ չէի հասկանում դա ինչից կարող էր լինել, քանի որ նա համակարգչով խաղեր խաղալիս երբ պարտվում էր, որոշակի չափով տրամադրությունն ընկնում էր եւ դա արդեն սովորական էր դարձել ինձ համար: Սակայն այս անգամ, երբ նրա մոտ դարձյալ տրամադրության անկում էի նկատել, ես հասկացա, որ ոչ թե խաղի հետ կապ ուներ, այլ վախի: Փորձեցի որոշ ժամանակահատված հետեւել նրան եւ նկատեցի, որ հեռախոսով ինչ-որ մեկի կողմից հանձնարարություններ է ստանում եւ փորձում դրանք կատարել: Նա ագրեսիվ պահեց իրեն, երբ արգելել էինք շփվել հեռախոսով ու անընդհատ մտածում էր այդ «հանձնարարությունները» կատարելու մասին ու միշտ կրկնում, եթե հանձնարարությունս չկատարեմ՝ կգան իմ հետեւից: Ես որպես ծնող դիմեցի մասնագետների եւ ինձ ասացին, որ շատ ճիշտ ժամանակին եմ նկատել այդ խնդիրը եւ դիմել եմ իրենց, հակառակ դեպքում չէր բացառվում, որ երեխան ինչ-ինչ քայլերի գնար: Որոշ ժամանակ երեխայիս հետ աշխատեց մի շատ լավ հոգեբան, ում ես շատ շնորհակալ եմ եւ օրեցօր նկատեցինք, որ նրա մոտ գնալով անցնում է սթրեսային վիճակը: Այժմ իմ երեխան ձերբազատվել է այդ խնդրից եւ բացարձակապես չի օգտվում համացանցից` բացառությամբ միայն իր դասերի համար, եթե պետք է լինում»:
Նշված օրինակներն, իհարկե, բազմազան են: Սակայն դրանց լուծում տալը ոչ բոլորի դեպքում է լավ ավարտ ունենում:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2018