Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարեկամ, իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հերթական անգամ դեկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ նվագախմբի հետ՝ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Ծրագրում՝ Էննիո Մորիկոնե, Մարտին Պալմեր, Աստոր Պիացոլլա, Ռոբերտո դի Մարինո: Ընդ որում Պալմերի «Տարվա եղանակները» գրվել է հատուկ Պիետրոդարկիի համար: Ճանաչված երաժիշտը ֆանտաստիկ որակեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ հատուկ շնորհակալություն հայտնեց իր բարեկամ Սերգեյ Սմբատյանին: Բազմաթիվ բիսերից հետո նա մի քանի անգամ կրկին բեմ դուրս եկավ, եւ մի քանի գործ կատարեց, իսկ «Ավե Մարիայից» կատարված կտորը նվիրեց վերջերս կյանքից հեռացած իր սիրելի պապիկի հիշատակին:
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ասաց, որ ամեն տարի այցելում է Հայաստան, որն իր համար հրաշալի վայր է, եւ հաճույքով համերգ է ունենում հայ ունկնդրի համար: «Սուրբ Ծննդյան տոների շրջանում ամեն ոք կարիք ունի ընտանիքի: Ամեն ոք կարիք ունի հոր եւ մոր, հարազատների, Սուրբ ծնունդը ընտանեկան տոն է, եւ այդ օրը սովորաբար ընտանիքի հետ են նշում: Ես կարծում եմ, որ լավագույն ընտանիքը Հայաստանում է, դրա համար էլ կրկին այստեղ եմ»,-ասաց ճանաչված բանդոնեոնահարը:
Հավելեց, որ մեկ ամիս առաջ կորցրել է պապիկին, եւ երբ իրեն հայտնեցին լուրը, ինքն այդ ժամանակ Լոնդոնում էր. «Նա ինձ համար հոր նման էր, ափսոս, որ այդ օրերին ես երկրից բացակայում էի»: Երաժիշտը հայտնեց նաեւ, որ դեկտեմբերի 27-ին իր ծննդյան օրն է, եւ ինքն ուրախ է, որ այդ առիթով շատ սեր ու էներգիա է ստանում Հայաստանից:
Հավելենք, որ համերգն ունկնդրելու էր եկել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ դուստրերի հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ