Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ 6 երկրներից 5-ը հավանություն են տվել Բելառուսի Անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հայաստանը միակ երկիրն է, որն իր համաձայնությունը չի տվել: Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը:
Նա, մասնավորապես հայտնել է, որ համաձայնություն տվել են Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Բելառուսի նախագահները Զասի հետ հանդիպումից հետո:
Ըստ թերթի՝ Պուտինը Զասին ընդունել է դեկտեմբերի 18-ին: Կրեմլի կայքում այդ մասին տեղեկատվություն չկա:
Զեյնետդինովը նաև ասել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը, կատարելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ Ղրղըզստանի նախագահ Սոորնոնբայ Ժեենբեկովի հրահանգը, պատրաստել է կազմակերպության արտգործնախարարների և ՀԱԽ որոշումները՝ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: «Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին՝ ՀԱՊԿ անդամ-պետություններում քննարկման համար»,- ասել է նա:
Ռուսաստանի ԱԳՆ-ում «Կոմերսանտի» աղբյուրը հայտնել է, որ Մոսկվայում ակնկալում են, որ կադրային հարցը կլուծվի մինչև տարեվերջ: «Կարծում եմ՝ դեկտեմբերի 27-ին հստակություն կլինի Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո: Ցանկալի է Նոր տարին սկսել դրական նոտայով: Ակնկալում ենք և հույս ունենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կորոշվի: Անհրաժեշտ է փոխզիջում: Ակնկալում ենք հայկական կողմի խոհեմությանը, և որ հաշվի կառնվի հինգ նախագահների դիրքորոշումը: Եթե դու ինչ-որ կազմակերպության մեջ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջման»,- ասել է թերթի աղբյուրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ