«Գիտեք, որ կառավարության կառուցվածքն է փոփոխվում, դրա հետեւանքով ակնկալվում է, որ պետք է փոխվի նաեւ մարզպետարանի կառուցվածքը: Նաեւ աշխատակիցները, որոնք որ չեն համապատասխանում, եւ իրենց որակներով չեն կարողանում այսօր դրսեւորվել եւ մեզ օգտակար լինեն, իհարկե իրենք պետք է փոխվեն: Այլընտրանք չկա: Որովհետեւ եկող 5 տարիները լինելու են շատ բուռն քրտնաջան աշխատանքի եւ ամենակարեւորը՝ արդյունքների հասնելու տարի: Եվ այդ անձնակազմով, որը, որ ունենք՝ մի մասն, իհարկե, ոչ թե բոլորը, հնարավոր չէ այդ փոփոխությունն անել: Որովհետեւ մարդիկ կան, որոնք որ երկար տարիներ աշխատել են հին ոճով եւ չեն պատրաստվում փոփոխությունների ենթարկվել: Այդ մարդիկ մեզ հետ չեն կարող աշխատել»,-այս մասին այսօր տեղի ունեցած տարեվերջյան ճեպազրույցի ժամանակ, խոսելով մարզպետարանում սպասվող կադրային փոփոխությունների մասին, ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Մարզի ղեկավարը նշեց, որ կադրային փոփոխությունները կլինեն աստիճանաբար, քանի որ չկան համապատասխան մարդկային ռեսուրսներ. «Պետք է գան մարդիկ, որոնք գիտակ են, խելացի են, մոտիվացված են: Իսկ այն մարդիկ, որոնք որ լճացած են եւ աշխատել են քիչ եւ վաստակել են ավելի շատ գումար, հիմա փոփոխություն հետեւանքով, մարզպետն ասում է, որ պետք է աշխատեք շատ եւ որեւէ կոռուպցիայի մեջ չեք լինելու, ստանալու եք միայն ձեր աշխատավարձը, այդ մարդիկ բնական է լավ չեն վերաբերվում փոփոխություններին, եւ համարում են, որ հեղափոխությունը դեռ Լոռու մարզ չի հասել»:
Այն հարցին՝ կընտրի՞ պատգամավորի պաշտոնը, թե՞ կշարունակի աշխատել, որպես մարզպետ, Ղուկասյանն ասաց. «Ես ցանկություն ունեմ մնալու որպես մարզպետ, որովհետեւ շատ քիչ եմ պաշտոնավարել, եւ ուզում եմ ինչ-որ արդյունքների հասնեմ: Որովհետեւ այդ արագ փոփոխություններն այդքան էլ լավ չեն ոչ մեկիս համար»:
Անդրեյ Ղուկասյանը խոսեց 2018 թվականի ձեռքբերումների եւ 2019 թվականի անելիքների մասին: Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը շնորհավորեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ