«Ֆերմերային Շարժում» գյուղացիա-գյուղատնտեսական ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը շարունակում է պնդել, որ երկրում տարվում է սխալ ագրարային քաղաքականություն: Նա դրա արդյունք է համարում նաեւ գյուղատնտեսության նախարարության կրճատումը:
«Ես տարիներ շարունակ ասել եմ՝ այսպիսի գյուղնախարարություն մեզ պետք չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է փակել, պետք է կազմը նախարարից մինչեւ վարչության պետեր փոխել: Վերջին տարիներին բերում էին նախարարներ, որոնք մեկը մյուսից բեթար անգրագետ էին գյուղատնտեսությունից, բան չէին հասկանում: Նախկին նախարար Իգնատի Առաքելյանին նայում էի՝ հաճելի, սիրուն, սիմպատիչնի տղամարդ, կարող էի տարբեր թեմաներով հետը խոսել, բայց հենց գյուղատնտեսությունից խորանում էիր, կարմրում էր, հետ էր նայում, չէր կարողանում խոսել: Չի կարելի, եթե ուզում եք ոլորտը զարգացնել, պետք է աշխատանքային փորձ ունեցող ու ոլորտից հասկացող կադրեր բերել… օրինակ Մակունցին ոնց տվեցին մշակույթի նախարար, ինչ է ոլորտի հարմար թեկնածու չկա՞ր»,- այս կարծիքին է Սարգիս Սեդրակյանը:
Ինչու է կառավարությունը որոշել կրճատել գյուղատնտեսության նախարարությունը հարցին, Սեդրակյանը մի պատասխան ունի. «Մտածում եմ՝ միգուցե նոր եկած երիտասարդների մեջ չկար գյուղատնտեսության մասնագետ, որը մտահոգված լիներ գյուղի խնդիրներով, լավ թիմ կհավաքեր ու կաշխատեր: Գյուղատնտեսության նախարարության կրճատումը նոր իշխանությանը բավական հոգսից հետ է պահում, էհ, գյուղացու հերն էլ անիծած, թող գնա, ինչ ուզում է անի»:
Սարգիս Սեդրակյանին շատ հետաքրքիր է՝ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ որոշվեր նախարարության կրճատում, այն ժամանակվա ընդդիմադիր ու ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասելու. «Գյուղատնտեսությունը կջրվի, կգնա նախարարության կրճատմամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ