Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կոմունիստները բողոքում են՝ ինչո՞ւ պիտի «Ինչ, որտեղ, երբ» խաղը հայերեն լինի, բյուջեի հաշվին անգլերեն սովորեցնեն, Սվիտալսկուն էլ չստիպեն, որ հայերեն խոսի

Դեկտեմբեր 25,2018 19:30

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, ՌԴ դեսպանատան մոտ ռուսական ռազմահենակետային միավորման զինծառայողներին կարգի հրավիրելու, կանոնադրություն մշակելու պահանջով բողոքի ցույցի հետո ի պաշտպանություն ՌԴ-ի բողոքի ցույցի ելան Կոմունիստական կուսակցության անդամները:

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը հայտարարեց, որ իրենցից առաջ ցույց անողները Արեւմուտքից պատվեր կատարողներն են: Լրագրողների դիտարկմանը, որ կարծիք կա՝ դուք եք կատարում ՌԴ-ի պատվերը՝ Ղազարյանը հակադարձեց, որ եթե այդպես լիներ, իրենք շուտ կգային, փորձում են ցույց տալ, թե Ռուսաստանը օգնության է կանչել Կոմկուսին. «Ռուսաստանը Կոմունիստական կուսակցության եւ ընդհանրապես ոչ մեկի աջակցության կարիքը չունի: Մենք մեր մտահոգությունն ենք բարձրացնում: Ի՞նչ է նշանակում, որ քաղաքապետարանը բյուջեից հատկացնում է 159 մլն դրամ՝ քաղաքապետարանի աշխատողների վերապատրաստման, այդ թվում՝ անգլերեն լեզվի ուսուցման համար»:

Կոմկուսի անդամները նաեւ նեղվել են նրանից, որ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղը պետք է լինի միայն հայերեն: Երբ լրագրողները հակադարձեցին՝ հիշեցնելով,որ մեր պետական լեզուն հայերենն է՝ Երջանիկ Ղազարյանն ասաց. «Խի՞ են ԵՄ դեսպանները, դեսպանատան աշխատողները, Պյոտր Սվիտալսկու նմանները անգլերեն խոսում մամուլի ասուլիսին»:

Լրագրողները նկատեցին՝ այդ ասուլիսները հայերեն թարգմանությամբ են ուղեկցվում՝ նա էլ թե՝ «կոնֆերանսի ժամանակ՝ հա, բայց առանձին հարցազրույցներում ոչ մի բան էլ չի թարգմանվում: Ինչպես անգլերենն են փորձում ապացուցել, որ միջազգային հաղորդակցման լեզու է, այնպես էլ ռուսերենն է միջազգային լեզու: Ինչո՞ւ է քաղաքապետարանը փող հատկացնում անգլերեն սովորեցնելու, թող չինարեն սովորեցնեին»:

Ոչ միայն ներկա իշխանությունները, նաեւ նախկին իշխանությունները ամեն ինչ արել են ռուսաց լեզուն դուրս մղելու համար:

Կոմկուսի անդամները կոչով հանես եկան՝ «Կոմկուսը կոչ է անում, որ հայ ժողովուրդը չտրվի հակառուսական սադրանքներին ու դարավոր բարեկամությունը պահպանի»: Կոմկուսի անդամները մեջբերում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասածները Հայաստանի մասին, թե մենք ՀՀ-ի հետ ոչ մի խնդիր չունենք, նոր պայմաններից ելնելով հարցեր կան, կքննարկենք ու կլուծենք. «Այնպես որ, ոչ մի խնդիր չկա ՌԴ-ի հետ, Արեւմուտքին սպասարկողները պատվեր են ստացել, իհարկե, պետք է կատարեն իրենց պատվերը: Մենք այստեղ ենք եկել՝ ասելու՝ ձեռքերդ հեռու Ռուսաստանից, ոչ հակառուսական սադրանքներին»:

Լրագրողներն ասացին, որ ՌԴ դեսպանատան առջեւ իրենցից առաջ ցույց անող Նարինե Դիլբարյանը, Նարինե Մկրտչյանը հավասար իրավահարաբերություններ էին պահանջում, Երջանիկ Ղազարյանն արձագանքեց՝ «Հավասար իրավահարաբերություններ դուք ո՞ւմ հետ ունեք ընդհանրապես՝ Եվրոպայի հետ ունե՞ք, ԱՄՆ-ի հետ ունե՞ք»: Նա ասաց, որ նոր իշխանությունները կարող են ամեն ինչ բանակցել ՌԴ-ի հետ, գազի գնի հարցում էլ համաձայնության գալ. «Դոշ են ծեծում, թե՝ ազգային, ազգային, այս 30 տարում ապազգային ամեն ինչ արել են, էս երկիրը ոչնչացրել են»:

Դիտարկմանը, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեր հակառակորդ Ադրբեջանին զենք է վաճառում՝ Երջանիկ Ղազարյանն արձագանքեց, որ դրանք բիզնեսի հարցեր են. «ԱՄՆ-ն էլ է զենք վաճառում, Իսրայելն էլ, Թուրքիան էլ, դա աշխարհում ընդունված բան է: Մենք այսօր չենք հավաքվել այստեղ ռուսական զենքերը մեկնաբանելու, հավաքվել ենք այստեղ՝ մեր դարավոր բարեկամության մասին մեկ անգամ եւս վերահաստատելու»: Կոմկուսի անդամները, վիրավորվելով լրագրողների հարցերից ռուսական զենքի վաճառքի մասին, հակադարձեցին, թե՝ Թուրքիան Հայաստանի համար մեկ թշնամին է, բա «իրենցից պոմիդոր խի՞ եք առնում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/745656459137208/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31