Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանը չանվանել եղբայրական պետություն, քանի որ երկու երկրների հարաբերությունները սկսել են այլ կերպ ընկալվել: Այս մասին նա ասել է Մոսկվայի հետ համագործակցության արդի հարցերով խորհրդակցության ժամանակ:
Նա մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը առանցքային արտաքին գործընկեր է Բելառուսի համար:
«Ես արդեն չեմ ասում եղբայրական պետություն, քանի որ, ինչպես ինձ տեղեկացնում են, Ռուսաստանը դա այդպես չի ընկալում,- ասել է Լուկաշենկոն:- Իբր եկել են նոր մարդիկ, ում համար այդ հասկացությունն անընդունելի է: Ինչ արած, կլինենք գործընկերներ»:
Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանը մերժել է Բելառուսի բոլոր առաջարկները գազի գնի և հարկային մանևրումների համար փոխհատուցումների վերաբերյալ: Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ սպասվող բանակցություններում կողմերը պետք է պատասխանեն «այն հարցին, թե ինչու երկու նախագահների կողմից ընդունված որոշումը չի իրականացվել այս տարի»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ