«Փաստորեն, նոր իշխանությունն ընդունում է, որ 2008թ.-ից սահմանադրական կարգը տապալված է եղել: Սա նշանակում է, որ ՀՀ-ում վերջին տարիներին եղած ընդվզումները, որոնք միտված են եղել սահմանադրական կարգի վերականգնմանը, հստակ քաղաքական գնահատականի պետք է արժանանան»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին նման կարծիք հայտնեց «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Գարեգին Չուգասզյանը:
Կուսակցության մեկ այլ համահիմնադիր Վարուժան Ավետիսյանն էլ համոզմունք հայտնեց, որ օրերս Արցախում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի իրականացված բողոքի գործողությունը «հակապետական» է. «Իսկ Մանվել Գրիգորյանին կալանավորելու, հետո՝ ազատ արձակելու փաստը խոսում է երկակի չափանիշների մասին: Անցումային ժողովրդավարության բաղադրիչը պետք է դառնա անցումային արդարադատության ատյանի կամ ատյանների համակարգի ստեղծումը: Ժողովուրդն էլ պետք է լիազորի այդ մարմիններին»:
Գարեգին Չուգասզյանն անդրադարձավ նաեւ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելու փաստին. «Այդ նշանակմամբ գործող իշխանությունը փաստեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, չնայած հետախուզության տվյալներին, երկրի ղեկավարությունը չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ կորուստներից խուսափելու համար: Իսկ դա նշանակում է, որ երկրում պետական դավաճանություն է եղել: Սպասում ենք, որ նոր իշխանությունը կտա այդ գնահատականը»:
https://www.facebook.com/aravot.am/videos/586201741833473/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ