ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր Օլիմպավանում պարգեւատրեց մրցաշրջան 2018-ին օլիմպիական մարզաձեւերից աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին:
Արարողությունից առաջ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ այս պարգեւատրությունը որեւէ կապ չունի «Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2018» մրցույթի հետ: «Երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, իբր այսօր պարգեւատրվելու են այդ տասնյակում տեղ գտած մարզիկների մի մասը միայն: Տեղեկացնում ենք, որ այս արարողությունը լավագույն 10-նյակի հետ որեւէ կապ չունի: Հիմա տեսնում եք, որ պարգեւատրվողների մեջ է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը, որը տասնյակում չէ: Եվ այդ փաստը, մեղմ ասած, մեր համար ընդունելի չէ: Ուստի ՀԱՕԿ-ի գործկոմը առաջարկել է, որպեսզի այս տարի պարգեւատրվեն միայն օլիմպիական մարզաձեւերի աշխարհի մրցանակակիրները ու Եվրոպայի չեմպիոնները: Եվ նրանց անունները ներկայացվել են պարոն Գագիկ Ծառուկյանին»:
ՀԱՕԿ նախագահը իր միջոցներից Զեյթուն վարչական շրջանում գտնվող նորակառույցից հիմնանորոգված բնակարան նվիրեց աշխարհի չեմպիոն ու եռակի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին եւ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին: Արտասահմանյան արտադրության ավտոմեքենա ստացան աշխարհի փոխչեմպիոն, ծանրորդ Գոռ Մինասյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը, Եվրոպայի չեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը:
Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գործկոմի առաջարկությամբ ներկայացված մարզիկներին պարգեւատրելուց հետո նկատեց, որ ցանկը թերի է եւ տեղում որոշում կայացրեց ավտոմեքենա տրամադրել նաեւ հեծանվորդ, 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանին, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյան- Լեւ Սարգսյան զույգին, ինչպես նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանին:
Ամփոփելով արարողությունը՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Մեր աշխատանքը լիարժեք կատարել ենք՝ օլիմպիական կոմիտեն, նախարարությունը, մարզիչները: Մեր մարզիկների նվաճած մեդալները մեր բոլորի հաղթանակներն են: Նրանք բարձր են պահել մեր երկրի պատիվը, որտեղ եղել են, հնչեցրել են Հայաստանի օրհներգը, ծածանել պետական դրոշը: Սա մեր հպարտությունն է, ամբողջ աշխարհի հայության հպարտությունը: Եվ ես այս պարգեւատրումները կատարում եմ ոչ նրա համար, որ ինձանից շնորհակալություն հայտնեն: Մեր մարզական հերոսների աշխատանքը պետք է գնահատվի: Իմ համար մարզաշխարհում ծանոթ, բարեկամ հասկացություն չկա: Ես մարզիկին գնահատում եմ մարզումներով, արդյունքներով ու մեդալներով: Մեդալները նաեւ մեր աշխատանքի արդյունքն են»:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ հնարավոր ամեն բան արվում է մարզաձեւերի համար լավագույն մարզումային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Եվ մարզիկներին հորդորեց շարունակել լիարժեք մարզվել ու ձեռք բերվածով չբավարարվել: «Եթե մարզիկը կարողանում է Եվրոպայի բրոնզե մեդալի արժանանալ, ապա նա ի վիճակի է ամենօրյա մարզումների շնորհիվ նվաճել նաեւ Եվրոպայի, աշխարհի ու օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը եւ այն պատվով պաշտպանել, քանի դեռ տարիքը թույլ է տալիս:
Ուզում եմ նախապես շնորհավորել ձեր բոլորի Նոր տարին: Առջեւում օլիմպիական խաղերն են: Բոլոր մարզիկներին հաղթանակներ եմ մաղթում ինչպես նախաօլիմպիական տարում, այնպես էլ Տոկիոյի օլիմպիական խաղերում: Աստված բոլորիդ պահապան», – եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ