Aravot.am-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է լինելու տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը ու արդյոք կա՞ն արդեն շրջանառվող անուններ, ինտրիգային իրավիճակ, ինչպես երկու տարի առաջ էր։
Հիշեցնենք, որ տնօրեն Տիգրան Վիրաբյանը Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո նշանակվեց փոխքաղաքապետ ու թատրոնի տնօրենի պարտականությունները դրվեցին Լյուդվիգ Հարությունյանի ուսերին։
«Այո, մոտ երկու տարի առաջ խնդիր կար թատրոնում, որը հուզում էր մեզ, ու թատրոնի անձնակազմը հանդես եկավ պահանջով։ Ի ուրախություն մեզ՝ այդ պահանջը ի կատար ածվեց, թատրոնի տնօրեն նշանակվեց թատրոնից ներկայացուցիչ։ Եվ այն աշխատանքը, ինչը երկու տարիների ընթացքում ցույց տվեց մեր ներկայացուցիչը, հստակ կարող ենք ասել, որ պատվով ենք դուրս եկել։ Խոսքը Տիգրան Վիրաբյանի մասին է, այն ցուցանիշները, ինչն արձանագրեց նա, մենք կարող ենք ասել՝ մենք վստահորեն ճիշտ ենք եղել, իրավունք ունեինք պահանջելու, որ տնօրենը լիներ թատրոնից։ Այդ երկու տարիների աշխատանքը մեզ էլ ավելի իրավունք կտա տնօրենի պաշտոնում ներկայացնել մեր թեկնածուին։ Փորձը ցույց է տվել, եթե թատրոնի միջից է թեկնածուն, սա մեծ օգուտ է թատրոնին: Ապրիլ ամսի վերջին կլինի տնօրենի ընտրությունը, և թատրոնը միանշանակ կունենա իր ներկայացուցիչը»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Մեր ճշտող հարցին՝ կարծում եք սթրեսային իրավիճակներ չեն լինի՞, Լյուդվիգ Հարությունյանն արձագանքեց․ «Կարծում ենք սթրեսային իրավիճակներ չեն լինի, որովհետև թատրոնի անձնակազմը շատ հստակ դիրքորոշում ունի և իր դիրքորոշմամբ հանդես պիտի գա։ Արդեն առիթ ունեցան տեսնելու, որ թատրոնում պարտադրելը մի քիչ բարդ է, որովհետև թատրոնին չի կարելի ինչ-որ բան պարտադրել։ Ես հիմա աշխատում եմ որպես տնօրեն ու տեսնում եմ՝ ինչ հսկայածավալ աշխատանք է արվել։ Հիմա ո՞վ պիտի կարողանա գալ, որ էլ ավելի լավը լինի, եթե կա մեկը, որ կկարողանա ու վստահ լինենք, որ կկարողանա, մենք պատրաստ ենք լսել նաև իրեն, բայց միանշանակ հստակ ասում եմ՝ թատրոնն ընտրություններին կունենա իր թեկնածուն։ Նա, բնականաբար, կմասնակցի ընտրություններին, այնպես չէ, որ կոլեկտիվը ուզեց ու վերջ, կա մրցույթ, պիտի կարողանա մասնակցել, հաղթել ու նաև պիտի կարողանա աշխատել, սա շատ կարևոր է»։
Թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ, գովաբանելով Տիգրան Վիրաբյանի ու գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի համատեղ փայլուն աշխատանքն, ասաց․ «Եթե դրսից մարդ է ուզում գալ, բոլոր էն մարդկանց, որոնք շատ են ուզում խցկվել էստեղ, խորհուրդ եմ տալիս՝ չգալ, որովհետև մեր թատրոնում մի ավանդույթ կա․ տնօրենը փող չի ուտում։ Դրա համար մենք իսկապես ուզում ենք, որ տնօրենը լինի ներսից, դրսից եկած մարդն ի՞նչ գործ ունի, դա նույնն է, որ ձեր տանը հանկարծ ինչ-որ մեկը գա, ասի՝ ես էստեղ պիտի ապրեմ ու հրամայեմ, սա իմ տունն է։ Դու ի՞նչ գործ ունես․․․ Իսկապես մեր միջից պետք է լինի, իսկ եթե հանկարծ մենք չգտանք մի անձնավորության, որն իր բոլոր տվյալներով չհամապատասխանեց․ կառավարման փորձ է մեզ պետք, սա է պետք, նա է պետք, ապա ես կողմ եմ, որ իսկապես շատ ծանր պարտականություն պիտի դրվի Լյուդվիգի վրա, որովհետև ստեղծագործող մարդը մեկ էլ հանկարծ ֆինանսով զբաղվի․․․ Բայց մեր երկրում նախատիպեր կան, օրինակ՝ Արմեն Խանդիկյանը և՛ տնօրենն է, ունի իբր տնօրեն, բայց ինքն է ի վերջո, և՛ ֆինանս է ղեկավարում, և՛ ստեղծագործականը։Կան այդպիսի մարդիկ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գյումրու դրամատիկական թատրոնի