Այսօր Երեւանի ավագանու նիստում, ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթից հետո, որն առնչվում էր քաղաքապետ Հայկ Մարությանի այն որոշմանը, որով հետաձգվում է նախորդ քաղաքային իշխանություններից ժառանգություն մնացած տրանսպորտի զարգացման ցանցի ներդրումը, դահլիճում բուռն քննարկում սկսվեց:
Հայկ Մարությանը փակագծեր բացեց, թե միջազգային խորհրդատուի հետ հանդիպման ժամանակ ինչ են խոսել եւ հենց խորհրդատուն է ասել, որ նոր ցանցի կարիք կլինի, եթե ուղեւորահոսքի նոր ուսումնասիրություն անեն եւ այն 20 տոկոսի շեղում տա արդեն առկա տվյալներից:
«Օր առաջ, ես, դուք, մեր թիմն ուզում ենք, որ տրանսպորտային համակարգը փոխվի: Բայց չի կարելի գնալ թվերի դեմ եւ ներդնել սխալ տրանսպորտային համակարգ՝ էնքան որ ասենք՝ եկեք շուտ-շուտ անենք, քանի որ ժողովուրդը մեզնից սպասում է փոփոխություններ: Ես թույլ չեմ տա, որ 200 միլիոնին մոտ գումար ծախսվի սխալ համակարգի վրա: Այն էլ այդ մարդկանց ասած սխալ, որ 20 տոկոս շեղման դեպքում սխալ կլինի եւ համակարգը չի աշխատի: Ուզում եք չաշխատող համակա՞րգ,իհարկե՝ ոչ»:
Դավիթ Խաժակյանի խոսքով, գուցե այդ ուղեւորահոսքերի ճշգրտման հարց կա, բայց անհասկանալի է, որ այդ ճշգրտման խնդիրը պատրաստվում են լուծել երկու տարվա ընթացքում. «Բազմաթիվ կոմպոնենտներ կան, որ հենց հիմա մենք կարող ենք քննարկել եւ այդ ներդրումն իրականացնել: Միասնական տոմսի համակարգը ներդնելու խնդիր կա, շարժակազմի հետ կապված հարցեր կան, որոնք պետք է քննարկել, որեւէ բան այդ մասով չի արվում եւ դուք ասում եք՝ երկու տարի պետք է սպասեք: Ինչի՞ համար»:
Հայկ Մարությանն արձագանքեց. «Պարոն Խաժակյան, եթե մինչեւ 20 տոկոս շեղում եղավ, ոչ մի ճշգրտման հարց չկա: Եվ, եթե բրիտանական ընկերությունը համաձայնում է սա անվճար անել, ուրեմն այդ ճշգրտման կարիքը կա: Ոչ մի բրիտանական, եվրոպական ընկերություն այդ ծախսերն իր վրա չի վերցնի, եթե իրենք էլ չկարծեն, որ այդ խնդիրը կա: Ճշգրտման արդյունքները հունվարին կլինեն: Եվ արդյունքներից կհասկանանք՝ 20 տոկոսից ավել է, թե՝ ոչ: Ես շատ մեծ հույսեր եմ կապում, որ ոչ»:
Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց՝ ներդրումն ինչո՞ւ երկու տարում, ինչո՞ւ եք հետաձգում:
Դավիթ Խաժակյանին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանը: Պարոն Սարգսյանն ասաց, որ նախորդ իշխանություններից եկած այս ծրագրին նոր իշխանությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում, քանի որ ցանկացած խնդիր այդ ծրագրի հետ վերագրվելու է քաղաքային նոր իշխանություններին. «Դուք նշեցիք, որ ծրագիրն ավարտված է, բայց ասեմ ձեզ, ծրագիրն ամբողջությամբ ավարտված չէ, մենք WYG-ի ընկերությանը դեռ ամբողջ գումարը չենք վճարել: Մենք որպես այդպիսին, եթե թղթերով ենք խոսում, երթուղային ավարտուն ցանց WYG-ի կազմակերպության կողմից չունենք: Երկրորդ՝ դուք լավ տիրապետում եք, թե որքան ավտոբուս է հարկավոր նոր ցանցում ներդնելու համար: Խնդրում եմ պատասխանեք, այս մի քանի ամսում 800-ից ավել ավտոբուս ո՞ր գործարանն է կարողանալու իրականացնել: Քանի որ նոր երթուղային ցանցը ենթադրում է, որ ամբողջ տրանսպորտային համակարգի ավտոմեքենաները ներդրվելու են միանգամից եւ փուլային ներդրում հնարավոր չէ իրականացնել»:
Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ նաեւ 2013-ի ուղեւորահոսքի ուսումնասիրությանն ու 2017-ի հունիսին ուղեւորահոսքի ճշգրտման գործընթացին՝ նշելով, որ ճշգրտում, այլ ոչ թե ամբողջական ստուգում. «Ուղեւորահոսքը դինամիկ է, այն անընդհատ փոփոխվում է: Եվ մենք խնդրել ենք, որպեսզի ուղեւորահոսքերը նույնպես ճշգրտվեն: Եվ, ուղեւորահոսքի ճշգրտումը ծրագրի իրականացման հետ ընդհանարապես կապ չունի»:
Հրաչյա Սարգսյանն ասաց, որ պետք չէ հասարակության առջեւ «մանիպուլյացիոն հարցեր բարձրացնել» ու թյուրիմացության մեջ գցել:
Դավիթ Խաժակյանը կրկին հետաքրքրվեց՝ ինչո՞ւ երկու տարի, Հայկ Մարությանն ասաց, որ դեռ էլի հարցեր կան միջազգային խորհրդատուի հետ ճշգրտելու եւ եթե այսօրվանից սկսած գործընթացը սկսվի, ապա, առնվազն երկու տարի պետք է, որ այդ նոր ցանցը աշխատի, որ նոր ավտոբուսները փողոցներում տեսնենք. «Եթե դուք որեւէ միջազգային կազմակերպության հարցնեք, որ երկու տարում դա հնարավոր է ներդնել, ապա քմծիծաղ կտան, մենք պետք է սուպերմենի արագությամբ գործենք, որ այդ երկու տարում հասնենք»:
Հայկ Մարությանը Դավիթ Խաժակյանին հարցրեց՝ բա հանձնաժողովի մեջ էիք, ինչո՞ւ ավարտուն չի նախագիծը. «Չի համապատասխանում, մետրոն չկա, ընտրելու հնարավորություն չկա, մի ձեւ են առաջարկում ,բա սղմեիք, որ այսօր մենք միանգամից գործի անցնեինք»:
Պարոն Խաժակյանն ասաց, որ բոլոր այդ հարցերի պատասխանները կան միջազգային ընկերության զեկույցում: Ի պատասխան քաղաքապետն ասաց՝ ցավոք սրտի, չկան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ