Հերթական եւ արդեն որերորդ անգամ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրան տրամադրել բարձր մակարդակով ինքնավարություն: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը հիշեցրեց Ադրբեջանի հայտնի մոտեցումը. «Տալիս եք մեզ մարզի հարակից բոլոր շրջանները, հետո, մենք պատրաստ ենք քննարկել նախկին ԼՂԻՄ-ին ինչ-որ ինքնավարություն տալու հարցը»: Այս համատեքստում, ադրբեջանագետի համոզմամբ`Ադրբեջանի կազմում Արցախի լինելու հարցն առհասարակ քննարկման թեմա չէ:
Մամեդյարովի «խոստումը» այն մասին, որ հայերին կվերաբերվեն այնպես, ինչպես մյուս փոքրամասնություններին, ինքը համարում է հերթական սադրիչ հայտարարությունը. «Իրենք վերջին շրջանում առհասարակ շատ են փորձում սադրիչ բնույթի հայտարարություններ անել։ Կարծեմ, Մամեդյարովն այսօր նաեւ հայտարարել է, որ 2019 թվականին ինչ-որ շարժ կգրանցվի հայկական զորքերը տարածքներից դուրս բերելու հարցում։ Սա էլ եմ գնահատում սադրիչ բնույթի հայտարարություն: Չեմ կարծում, որ 2019թ. ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում էական փոփոխություն կգրանցվի, որովհետեւ իշխանությունները մեզ մոտ նոր են, դեռեւս գնում է բանակցային գործընթացի ուսումնասիրման պրոցես: Դեռեւս բուն բանակցություններին չենք անցել: Ոչ ոք չգիտի, թե բանակցությունների սեղանին ի՞նչ փաստաթուղթ է դրված, արդյոք նախկինն է, թե՞ նոր փաստաթղթեր են պատրաստում. միգուցե նոր ուղղությամբ են շարունակում համագործակցությունը։ Իմ կարծիքով, 2019 թվականին միակ առաջընթացը, եթե իրոք լինի, եթե քննարկումները տարվեն, տարվելու են սահմանին լարվածությունը փոքրացնելու ուղղությամբ, այսինքն՝ իրավիճակային բանակցություններ են լինելու 2019 թվականին»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարարի`հայերին Արցախում բարձր մակարդակով ինքնավարության տրամադրմանը, ադրբեջանագետը նկատում է. «Մենք հստակ կարող ենք ասել, որ իրենց մոտ որեւէ փոքրամասնություն որեւէ իրավունքից չի օգտվում: Էլ չենք խոսում նրանց անվտանգության խնդրի մասին: Բոլոր փոքրամասնություններին միշտ ճնշել են: Ինչ վերաբերում է հայերին, ապա մենք տեսել ենք Արցախի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը, Նախիջեւանի հայաթափումը, Սումգայիթի, Բաքվի ջարդերը: Ոչ մի երաշխիք չկա, որ ամենաբարձր կարգավիճակի դեպքում Արցախի բնակչությանը վտանգ չի սպառնա»:
Պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին էլ բանախոսն ասաց. «Բանակցությունները շարունակվում են, բայց կողմերը շարունակում են զինվել, քանի որ բանակցությունների ճանապարհով, ըստ էության, առաջընթաց գրանցելը շատ բարդ է: Առհասարակ հակամարտություն լուծել բանակցությունների միջոցով՝ աշխարհում շատ բարդ է, ցանկացած նոր փուլ բերելու է նոր շահերի բախման ու նոր հակամարտության»:
Ադրբեջանագետի կարծիքով, ադրբեջանական կողմը դեռ վստահություն չունի, որ հարցի ռազմական ճանապարհով լուծման դեպքում հաջողության կհասնի, այլապես վաղուց գնացել էր այդ տարբերակով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ