Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «WYG ընկերության մասնագետն է ասել՝ եթե շեղումը 20 %-ից ավել լինի, նոր ցանցի կարիք կլինի»

Դեկտեմբեր 25,2018 16:25

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստում բարձրացրեց մայրաքաղաքի հանրային տրանսպորտի հարցը: Նա, մեջբերելով քաղաքապետարանի 5-ամյա զարգացման ծրագրի տրանսպորտի հատվածը, որտեղ նշված է, որ նախատեսվում է մշակել եւ կիրառել տրանսպորտի նոր եւ արդյունավետ երթուղային ցանց, ասաց, որ իր համար հասկանալի չէ՝ինչո՞ւ է պետք մշակել, երբ այն արդեն կա:

Պարոն Խաժակյանի խոսքով, ընդունելի չէ նաեւ զարգացման ծրագրում նշված նոր օպերատոր ունենալու միտքը, որովհետեւ, որպես մոնոպոլ դիրք ունեցող, մեկ օպերատորը նույն խնդիրները կառաջացնի, ինչ «Սանիթեքն» է անում քաղաքացիների «գլխին»:

Դավիթ Խաժակյանի համար նաեւ անհասկանալի է զարգացման ծրագրում տեղ գտած այն միտքը, որ միկրոավտոբուսներից ազատվելու են ժամանակի ընթացքում, աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից. «Նախկին իշխանությունները, գոնե, ասում էին՝ միկրոավտոբուսներից, առհասարակ, պետք է ձերբազատվել»:

Խաժակյանի կարծիքով, այդ մասով հստակ հետընթաց կա: Նա քաղաքային իշխանություններից հետաքրքրվեց, թե հստակ ի՞նչ են պատրաստվում անել այդ ոլորտում. «Սովորություն է դարձել անընդհատ կրկնել, որ հնից վատ ժառանգություն ենք ստացել, բայց մենք չենք ասում ինչպես պետք է այդ հարցը լուծենք, հնգամյա ծրագրում սրա լուծման մասին չկա: Հասկանալի է, որ չեք տիրապետում ներկայացված փաթեթին, որոշել եք դրա ներդրումը հետաձգել: Իսկ ընթացիկ վիճակն ինչպե՞ս եք կարգավորելու, այդ հարցը մնում է բաց: Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Քաղաքապետի երդման արարողությունից հետո դուք անմիջապես հայտարարեցիք, որ այսօր տրանսպորտի սակագնի չթանկանալը օբյեկտիվ չէ: Սա ի՞նչ մեսիջ էր գծատերերին»:

Դավիթ Խաժակյանի խոսքով, այն որ նախկին իշխանությունները սխալ մեսիջ էին տվել, դա հասկանալի էր. «Դա արդյոք նշանակում է, որ հիմա գծատերերը պետք է գան սակագնի բարձրացման հայտ ներկայացնեն եւ մենք, անելանելիությունից ելնելով, այլ բան չկարողանանք անել՝ քան սակագնի բարձրացումը: Ո՞րն է այս խնդրի լուծումը:

Նա նաեւ քաղաքապետին հիշեցրեց նրա խոսքերը, երբ ասել է, որ միջազգային խորհրդատուի կատարած ուսումնասիրությունները՝ 2014 թվականի, պետք են լրացուցիչ հետազոտություններ: Դավիթ Խաժակյանն ի պատասխան Հայկ Մարությանի այդ ասածներին, ներկայացրեց բրիտանական կազմակերպության 2018 թվականի ապրիլի զեկույցը, որտեղ արտացոլված են 2017 թվականին էլ կատարած ուսումնասիրության արդյունքները. «Սա նշանակում է ձախողել ամբողջ բարեփոխումների գործընթացը: Դա նշանակում է մեր տրանսպորտային հարցը շարունակել թողնել կոլապսի մեջ»:

Պարոն Խաժակյանն ասաց, որ քաղաքի նոր իշխանությունները գլուխ չեն հանել այդ նախագծից եւ որպես լուծում ընտրել են փնովելու տարբերակը. «Շատ ավելի ազնիվ կլիներ ասել, որ մենք չենք տիրապետում այդ նախագծին, մեզ ժամանակ է պետք դրան տիրապետելու համար եւ, ժողովուրդ ջան` կներեք, բայց հուսահատության գազելներից դեռեւս ելք չկա»:

Հայկ Մարությանն ի պատասխան ասաց՝ «Ասեմ ձեզ, որ գլուխ հանում ենք վստահաբար եւ օր առաջ ձեզանից էլ շուտ եմ ուզում լուծել մեր Երեւանի տրանսպորտային խնդիրը: Ասեմ ավելին՝ եթե դուք զեկույցներ եք կարդում, ես անձամբ շփվում եմ WYG-ի մասնագետների հետ, անգամ նրանց հրավիրել ենք Երեւան հանդիպել: Երբ ես նրանց հարցրի՝ ինչպե՞ս եք մտածում նախորդ իշխանությունները ուզո՞ւմ էին իրական փոփոխություններ անել, թե սա աչք փակելու համար մի ծրագիր էր գրվում, որը ասեինք՝ տեսեք՝ արեցինք չստացվեց, իհարկե նրանք ուղիղ չպատասխանեցին, որովհետեւ շատ քաղաքական պատասխան կլիներ, բայց իրենք էլ վերապահումներ ունեին, եւ ասացին, այն իրենց խանգարել է»:

Հայկ Մարությանն ասաց, որ խորհրդատուին ուղիղ հարց է տվել՝ պե՞տք է արդյոք չափել նոր ուղեւորահոսքը, պե՞տք է ունենալ այդ թվերը, ինչին ի պատասխան, խորհրդատուն ասել է՝ այո:

Քաղաքապետի հարցին, թե ո՞ր դեպքում կարող են օգտագործել, միջազգային խորհրդատուն պատասխանել է, եթե այդ շեղումը լինի մինչեւ 20 տոկոս: Բայց, եթե շեղումը լինի 20 տոկոսից ավել, ըստ WYG-ի մասնագետի, ապա պարտավոր են փոխել ամբողջ ցանցը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31