Այս տարվա օգոստոսին Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական գործը կարճվել է:
Հիշեցնենք, որ Գորիսի բնակիչները հարձակվել էին ԼԳԲՏ անձանց և նրանց ընկերների վրա, հայհոյել, քարերով հարվածել ու վտարել գյուղից:
Փաստաբան Լուիզա Վարդանյանն այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց, որ դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ միայն ծեծի հոդվածով. «Քրգործը կարճվել է շատ հապշտապ, տուժող կողմին թույլ չեն տվել ծանոթանալ գործի նյութերին և միջնորդություններ հայտնել, այնինչ, բացի ծեծից, առկա էին հանցակազմի այլ տարրեր՝ մասնավորապես տուժողներին պատճառվել էր ֆիզիկական ցավ և հոգեկան ուժեղ տառապանք, որը նույնպես քրեականացված է, բացի այդ, մենք Քրեական օրենսգրքում ունենք հոդված մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու մասով, իսկ դա ենթադրում է, որ եթե մարդկանց իրավունքները խախտվել են ենթադրյալ սեռական կողմնորոշման հիմքով, ապա այդ դեպքով իրավախախտները պատասխանատվության պետք է ենթարկվեն ոչ միայն ծեծի մասով, այլ՝ նաև տուժողների իրավահավասարությունը խախտելու։ Վարույթն իրականացնող մարմինը, սակայն, անտեսելով այդ հանգամանքները, քննություն չի իրականացրել այս հոդվածների մասով և կարճել է գործը։ Ստացվում է՝ մենք ունենք իրավախախտներ, որոնք իրենց ցուցմունքներով նշել են նաև այն հիմքերը, որոնցով հարձակվել են տուժողների վրա, սակայն չունենք պատասխանատվություն կրող անձինք»:
«Նման քաղաքական գործիչների կողմից ատելության խոսքի տարածումը մեծ ազդեցություն ունի հանրային վերաբերմունքի ձևավորման գործում և լուրջ վտանգ է ներկայացնում, դա կրկնապատկում է Հայաստանում անհանդուրժողականության մթնոլորտը»,- այս եզրակացության է հանգել իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը իր կատարած ուսումնասիրությունից հետո:
Նա ուսումնասիրել է ԼԳԲՏ համայնքին վերաբերող սոցիալական ցանցերում տարածվող արտահայտությունները, բացահայտել դրանց տարածողներին, որոնց մեջ, ըստ նրա բացահայտման, կան պետական պաշտոնյաներ:
Իրավաբանը նաեւ բացահայտել է, որ ատելության խոսքի քարոզչություն են արել նաև կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները եւ նրանց հեղինակությունն ավելի է նպաստել անհանդուրժողականության մթնոլորտի տարածմանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի