Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Հայաստանը չի՛ եղել ու չի՛ դառնա Կալինինգրադի մարզ, մենք անկախ պետություն ենք». Բողոքի ցույց՝ ՌԴ դեսպանատան մոտ

Դեկտեմբեր 25,2018 16:03

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ Նարինե Մկրտչյանի ու Նարինե Դիլբարյանի նախաձեռնությամբ բողոքի ցույց էին կազմակերպել, որին միացել էին նաեւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը:

Ցուցարարները հանրագիր ներկայացրեցին ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին: Հանրագրի տակ հանձնելու պահին ստորագրել էր 6 քաղաքացի: Ցույցն էլ մարդաշատ չէր:

Լրագրողները Նարինե Դիլբարյանին հարցրեցին՝ հաշվի առնելով դա, կարո՞ղ ենք ասել, որ սա հանրային պահանջ չէ: Նա պատասխանեց, որ ՀՀ-ում քաղհասարակությունը բազմամարդ չէ. «Մեր նախաձեռնությունը այս հանրագիրը ձեւավորեց, մեծ զանգվածային ցույց անելու, քանակի խնդիր չենք դրել»: Ըստ նրա, քանակը էական չէ: Նարինե Դիլբարյանն ասաց, որ իրենց հետեւողական են լինելու եւ անընդհատ բարձրացնելու են այս խնդիրները, նաեւ իշխանություններին են խթանելու քայլեր ձեռնարկել:

Նարինե Մկրտչյանը հայտարարեց, որ այս իշխանությունները շարունակում են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում:

Մեր հարցին՝ դուք համակարծի՞ք եք Նարինե Մկրտչյանի հետ՝ տիկին Դիլբարյանը պատասխանեց. «Այն, որ «Ելքը» հրաժարվեց ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ՌԴ-ի հետ ավելի վճռական քաղաքականություն վարելուց՝ ակնհայտ էր, հիմա աստիճանաբար եւս ինչ-որ քայլեր են արվում, որոնք կարծես թե նախկին քաղաքականության շարունակությունն են: Բայց նախկին քաղաքականության մեջ եւս ինչ-որ հիմքեր կային, մասնավորապես, Բելառուսի նախագահից իմացանք, որ Սերժ Սարգսյանի կողմից մերժվել է տարածքների հանձնումը, այսինքն, շատ մեծ ընդհանրացումներ անելու համար վաղ է»:

Հայաստանի եվրոպական կուսակցությունը ՌԴ դեսպանատան առջեւ էր պարզել մի մեծ ցուցապաստառ, որի վրա գրված էր՝ «Ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից»: Նարինե Դիլբարյանն ասաց, որ դա իրենց պաստառն է միայն. «Ես կարծում եմ, հիմա ճիշտ չէ դնել ռուսական ռազմահենակետային միավորումը ՀՀ-ից դուրս բերելու խնդիրը»:

Նարինե Դիլբարյանն ասաց, որ ուզում են իրենց ցույցով ցույց տալ ՌԴ-ին, որ Հայաստանում քաղհասարակությունը վրդովված է:

Հանրագիրը հանձնելիս ՌԴ դեսպանատնից որեւէ պաշտոնյա դուրս չեկավ ու չվերցրեց այն, հանրագիրը փոստարկղով ուղարկեցին:

Նարինե Մկրտչյանն ասաց, որ սա ցույց է տալիս, որ ՌԴ-ն պատրաստ չէ լսել ՀՀ քաղաքացիների պահանջները, ՌԴ դեսպանությունը եւ Մոսկվան վստահ է, որ ՀՀ քաղաքացիների հետ կարող են վարվել այնպես, ինչպես Կալինինգրադի մարզի քաղաքացիների հետ. «Հայաստանը չի՛ եղել ու չի՛ դառնա Կալինինգրադի մարզ: Մենք անկախ պետություն ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31