Այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ Նարինե Մկրտչյանի ու Նարինե Դիլբարյանի նախաձեռնությամբ բողոքի ցույց էին կազմակերպել, որի ժամանակ հանրագիր ներկայացրեցին ՌԴ դեսպանին:
Նարինե Մկրտչյանը թվարկելով ռուսական ռազմաբազայի զինծառայողների հետ կապված վերջին դեպքերը՝ սկսած Պերմյակովից, ասաց, որ չնայած այդ ամոթալի իրողությանը, պաշտոնական Երեւանը կրկնում է Մոսկվայի «մի քաղաքականացրու» թեզը. «Հավերժ բարեկամի քաղաքական կարծրատիպը որդեգրել են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները: ՌԴ-ի հետ արժանապատիվ միջպետական հարաբերություններ հաստատելու խնդիրը երբեք չի եղել ՀՀ իշխանությունների քաղաքական օրակարգում: Վասալային կախվածությունն ընդունվել է՝ որպես անվիճարկելի իրողություն: Միջազգային ատյաններում ՀՀ-ն քվեարկում է՝ իր շահերը ստորադասելով Մոսկվայի շահերին: Հայաստանը ՌԴ-ի հետ կնքում է պայմանագրեր, որտեղ Մոսկվայի շահերը դարձյալ գերակա են: Միազգային հարաբերություններում ՀՀ դիրքերը դառնում են խոցելի, իսկ Երեւանի նկատմամբ վերաբերմունքը՝ արհամարհական»:
Ըստ Նարինե Մկրտչյանի, ՀՀ նոր իշխանությունները ՌԴ-ի առաջ պետք է նոր խնդիրներ դնեն՝ իրավահավասար, գործընկերային, արժանապատիվ հարաբերություններ կառուցելու այդ երկրի հետ՝ վերանայելով ներկայիս անարժանապատիվ հարաբերությունները. «Պետք է պետական մակարդակով կարգուկանոն սահմանել ՀՀ-ում ռուսական զինուժի եւ զինտեխնիկայի նկատմամբ՝ դրա թույլտվության բացառիկ իրավունքը վերապահելով Հայաստանին. «Այդ նպատակով անհրաժեշտ է ընդունել «Օտարերկրյա զինված միավորումների տեղաշարժի մասին» նոր օրենսդրական ակտեր: Պետք է ռուսական կողմի հետ բանակցություններ սկսել՝ Հայաստանում տեղակայված ռուսական միավորումների պատասխանատվության եւ պարտավորությունների սահմանների վերաբերյալ: Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքական հանրությանը, հասարակության լայն խավերին, իշխանություններին հետամուտ լինել այդ մարտահրավերների հաստատմանը»:
Նարինե Մկրտչյանը հիշեցրեց, որ ՀՀ ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է ու եթե այդ խնդիրներին լուծում չտրվի, ՀՀ միջազգային վարկանիշը չի բարձրանա:
Ցուցարարներին էր միացել նաեւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը: Հայաստանի եվրոպական կուսակցությունը ՌԴ դեսպանատան առջեւ էր պարզել մի մեծ ցուցապաստառ, որի վրա գրված էր՝ «Ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից»:
Նարինե Դիլբարյանը կարդաց այն հանրագիրը, որը հանձնեցին ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին: Հանրագրի տակ ստորագրել էին մի քանի քաղաքացիներ: Այնտեղ մասնավորապես ասվում էր, որ ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը վտանգված է, դարձել է խոցելի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մերժելի վարքագծի եւ այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով. «Ռուսական ռազմահենակետն իր զինծառայողների անկառավարելի վարքագծի պատճառով վերջին տարիներին ՀՀ անվտանգության երաշխավորը լինելու փոխարեն տեղի խաղաղ բնակիչների համար վերածվել է սպառնալի ահաբեկիչ գործոնի»:
Նարինե Դիլբարյանը հիշեցրեց, թե ինչպես 2015-ին Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ զոհ դարձան Պերմյակովի պատճառով, ռուսական կողմը փորձում էր հանցագործությունը քողարկել, հետո ՌԴ ռազմահենակետի անգործության հետեւանքով չձեռնարկվեցին համապատասխան քայլեր ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն համար, դրա համար շարունակվեցին տեղի խաղաղ բնակիչների դեմ ուղղված քայլերը: Այդ գործողությունների շարունակականության հետեւանքով այս տարվա դեկտեմբերի 3-ին ռուս զինծառայողների կողմից քաղաքապետարանի աշխատակցի՝ 57-ամյա կնոջ՝ ՀՀ քաղաքացու դաժան ծեծը տեղի ունեցավ: Վայրագ բռնության ենթարկվելով՝ հայ կինը մահացավ՝ ռուս զինծառայողի ձեռքով:
Ըստ Դիլբարյանի, ռազմահենակետի նոր կանոնակարգ պետք է մշակվի, որով գործնականում կբացառեն ոչնչով չպատճառաբանված հանցավոր միջադեպերը:
Հանրագրով պահանջում են ռուս զինծառայողներին հարգել ՀՀ օրենսդրությունը, հետեւել ու ենթարկվել դրանց ՀՀ տարածքում, ինչպես նաեւ պահանջում են հայկական կողմին հանձնել սպանություն իրականացրած ռուս զինծառայողին: Դիլբարյանն ասաց, որ եթե այդ քայլերը չձեռնարկվեն, իրենք կարձանագրեն, որ ռուսական ռազմաբազայի հետագա գործունեությունը ՀՀ տարածքում ոչ միայն վտանգավոր ու կասկածահարույց է դառնում, այլեւ մեր ազգային շահերին հակասող:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ