Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրան տրամադրել բարձր մակարդակով ինքնավարություն: Այս մասին գրում է interfax.az-ը:
«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերին պատկանող սեփական քաղաքացիների անվտանգությունը, այնպես էլ պատրաստ է, համաձայն իր միջազգային պարտավորությունների, անել դա Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Մամեդյարովը:
Արտգործնախարարը նշել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է ԼՂ հայ բնակչությանը «տրամադրել ինքնորոշման իրավունք բարձր մակարդակով՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը «պատրաստ է վերադառնալ հայրենի օջախ»:
Մամեդյարովը նաև հույս է հայտնել, որ 2019թ. Երևանը դուրս կբերի զինված ուժերը «օկուպացված տարածքներից»: Ընդ որում, նա նշել է, որ հակամարտության կարգավորումը «առաջին հերթին հնարավորություններ կբացի հենց Հայաստանի տնտեսական զարգացման համար»:
«Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ունեցած զրույցները, ինչպես նաև իմ երեք հանդիպումները հայ գործընկերոջս հետ, որոշակի լավատեսության հիմքեր են տալիս՝ կապված բանակցային գործընթացի առաջխաղացման հետ»,- ասել է Մամեդյարովը:
Մամեդյարովի այս հայտարարությանը պատասխանել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարարություններին:
Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ նման դեպքերում ճիշտը նրանց լռելն է թե խոսելը:
Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը և պարտադիր ճանաչումը:
Ինչքան ուզում եք, սազը ձեռներդ Հայաստանի նոր իշխանությունների գովքն արեք և փնովեք մեր նախկին իշխանավորներին, մեկ է, սա այն հարցն է, որի լուծումը տվել և տալու է Արցախի ժողովուրդը՝ համայն հայության աջակցությամբ»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ