«Ասել ենք, եւ դա ապացուցվելու է, որ առնվազն երկու ոստիկանի սպանության հետ «Սասնա ծռեր» խմբի անդամներն առնչություն չունեն: Արդեն իսկ կան հրապարակային ապացույցներ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործին, ասաց «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի եւ Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:
«Եղել են զոհեր, ինչը շատ ցավալի է: Հնարավոր է, որ ապստամբության ժամանակ զոհեր լինեն, դա ցավալի է: Փոխհրաձգության ժամանակ մեկ զոհ եղավ (նկատի ունի Արթուր Վանոյանին), այդ մեկ զոհը դիպվածի հետեւանք է: Երկու ոստիկանի (նկատի ունի Գագիկ Մկրտչյանին եւ Յուրի Տեփանոսյանին) մահվան պատճառը ռեժիմն է, մյուսինը՝ եւս: Երկու հոգու ռեժիմը զոհաբերեց՝ մեր հանդեպ ծանր մեղադրանքներ առաջադրելու եւ մեր դեմ իրենց գրոհն արդարացնելու նպատակով»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկանների հարազատները վիրավորված են այն փաստից, որ մեղադրյալները կալանքից ազատվել (բացառությամբ Բիլյանի եւ Բարսեղյանի) եւ համաներվել են: Նրանք հայտարարել են, որ դատարանում դեմ են արտահայտվելու համաներմանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/523858658128292/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ