Արմավիր քաղաքի բնակիչները դիմել են այս համայնքի ավագանուն՝ այսօրվա նիստի օրակարգում ներառել գեներալ Մանվել Գրիգորյանին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Այս նախաձեռնության համար ավագանուն է ներկայացվել արմավիրցիների 300 ստորագրություն: Ավագանու անդամներից մեկը նկատեց՝ արդյոք ճիշտ է մոտ 40 հազարանոց բնակչություն ունեցող քաղաքի ավագանին առաջնորդվի 300 ստորագրության պահանջով:
Ավագանու անդամների մեծ մասի կարծիքով՝ այս պահին որեւէ հրատապություն չկա Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը ներառել նիստի օրակարգում:
Ավագանու անդամներից մեկը՝ Խաչիկ Հարությունյանն ասաց՝ առայժմ չկա դատարանի որոշում՝ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, եւ պետք է սպասել դատարանի վճռին, որովհետեւ եթե ավագանին վաղաժամ որոշում կայացնի՝ ապա ավագանու անդամներ էլ կարող են պատասխանատվության ենթարկվել: Հարությունյանը դիմելով կոչումից զրկելուն կողմ արտահայտվող քաղաքացի Դավիթ Հովհաննիսյանին, ասաց. «10 տարի հետո դու չես լինելու, բայց էդ որոշման տակ իմ ստորագրությունը լինելու է, ու ես պիտի պատասխանատվություն կրեմ»:
Նիստին մասնակցող քաղաքացիներից մեկն էլ նկատեց՝ պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումը որեւէ իրավական հետեւանք չի առաջացնի, քանի որ սա ընդամենը պատվավոր քաղաքացու կոչումից զրկել է, ոչ թե՝ Արցախի հերոսի:
Քաղաքացի Դավիթ Հովհաննիսյանն էլ ասաց՝ «Մենք ոչ թե որոշում ենք ինքը նստի-չնստի, այլ ինքը արժանի Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի չի: Էսօր սաղ Հայաստանը գիտի, որ ինքը տուշոնկա գողցող է: Ի՞նչ է արել ինքը քո քաղաքի համար»:
Ավագանու անդամներից մեկն էլ արձագանքեց՝ «Իմ քաղաքի համար չի արել, իմ ազգի համար է արել: Տուշոնկա գողացել է, չի գողացել, թողնենք մի կողմ: Բայց որ ինքը ազգային հերոս է, գեներալ է…»:
Ավագանին որոշեց՝ Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը չներառել այսօրվա նիստի օրակարգ, այն հրատապ չէ: Եվ քանի որ կան եւս մի շարք քաղաքացիներ, որոնք ունեն Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում, օրինակ՝ Սերժ Սարգսյանը, հաշվի առնելով, որ նրանց հարցն էլ պետք է քննարկվի, ուստի ավագանին որոշեց այս հարցերը քննարկել 2019 թվականին Արմավիր քաղաքի ավագանու նիստերից մեկում:
Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխեց՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց՝ մի շարք հիվանդությունների առկայության եւ այլ հիմնավորմամբ եւ նա իր դատավճռին կսպասի ազատության մեջ: Մանվել Գրիգորյանի կալանքի միջոցը փոխելու դատարանի որոշման դեմ բողոքի ցույցեր են ընթանում Էջմիածնում:
Գլխավոր դատախազությունն էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի որոշման դեմ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ