Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը` հակառակ իր բարձր պաշտոնի` տուրք է տալիս պոպուլիզմին ու ասում է այն` ինչ ուզում են լսել դատախազության առաջ բողոքի ցույց անողները. «Իրատես»

Դեկտեմբեր 25,2018 13:24

Երեկ բողոքող էջմիածինցիներին ընդունելով` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գերազանցեց բոլոր սպասումները` բառացի հայտարարելով` «Դատարանի որոշումը չի արտահայտում հասարակության կարծիքը»: Եթե ասողը լիներ շարքային քաղաքացի` հասկանալի կլիներ, բայց պետական բարձրաստիճան պաշտոնյան, այն էլ գլխավոր դատախազը հիանալի գիտի, որ արդարադատությունը ու հասարակական կարծիքը միմյանցից կախված չեն ու իրարից չեն բխում:

Հասարակական կարծիքը խմբային անպատասխանատվություն է ի վերջո, առավել ևս, որ այդ հայտարարություն անող դատախազը չի նշում հասարակական կարծիքի որևէ ուսումնասիրություն, որով պարզել է, թե հարցվածների ո՞ր տոկոսը ի՞նչ կարծիք ունի: Փաստացի` գլխավոր դատախազը` հակառակ իր բարձր պաշտոնի` տուրք է տալիս պոպուլիզմին ու ասում է այն` ինչ ուզում են լսել դատախազության առաջ բողոքի ցույց անողները, փոխարենը նրանց բացատրի իրավական ընթացակարգերը:

Չէ, իհարկե, ինչ-որ բացատրություն փորձել է տալ: Օրինակ` հնարավո՞ր է, որ դատարանը հանրային ճնշման դեպքում ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն կարող հանդուրժել Նոր տարուն Մանվել Գրիգորյանի՝ ազատության մեջ գտնվելը հարցին, դատախազը պատասխանել է. «Պետք է մի բան հասկանանք՝ սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ, բայց այ նիստն արագ նշանակել, քննություն իրականացնել, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այո, հնչեղ գործերով կա այսպիսի մոտեցում, և, եթե նկատեցիք, մենք էլ մեր նախատեսված հնգօրյա ժամկետից շատ վաղ՝ մեկօրյա ժամկետում տանում ենք վերաքննիչ բողոք»։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Մանվել Գրիգորյանին ոչ արդարացնելու, ոչ մեղադրելու ցանկություն ու իրավունք չունենալով` չեմ կարող չհարցնել` էլ ի՞նչ հետաքննություն, ի՞նչ դատարան, ի՞նչ դատավոր ու դատախազ, ավելի լա՞վ չէ բոլոր հարցերը լուծել Հանրապետության հրապարակում` բերում եք կասկածյալին, կանգնեցնում եք մշտապես գործող բեմում ու հանդիսատեսին հարցնու՞մ եք` մեղավո՞ր է: Եթե բութ մատը վեր պարզեց, ազատ եք արձակում, ներքև` բանտ եք տանում: Եվ արագ է, և հեշտ: Ի՞նչ ենք ընկել ձևականությունների հետևից, միևնույն է, ամեն ինչ վճռում է «հասարակական կարծիքը»: Դատական համակարգի «օպտիմալացումը»` արդարադատության փոխարինումը «հասարակական կարծիքով»` սպառնալիք է ոչ միայն համակարգին, այլև առաջին հերթին քաղաքացուն, որ ինքնադատաստանը ու դատարանը խառնել է իրար ու իրեն վեր է դասում պետությունից: Թե՞ պետությունը իր դերը դեռ չի գիտակցել` գլուխը խառն է` ինքն էլ է օպտիմալացվում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31