Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդ բոլոր՝ սարսռեցնող մեղադրանքներ հնչեցնող անձանց մղումները, այսպես ասենք, քաղաքացիական են, ապա ինչո՞ւ իրենց քաղաքացու պես չեն պահել. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 25,2018 12:53

Արդեն մի շարք աղմկահարույց գործերով «երեւացած» ոչ անհայտ Սիլվա Համբարձումյանը թերթերից մեկին հայտարարել էր, թե Մանվել Գրիգորյանը նաեւ երեխաներ է բռնաբարել…

Այս ամբողջ «իրարանցման» ու դրա մի շարք մասնակիցների հայտարարությունների վերաբերյալ, ինչ խոսք, մի ամբողջ շարք հարցեր են ծագում։

Ամենից առաջ, նկատենք, Մանվել Գրիգորյանը արդեն մոտ կես տարի է, ինչ մեղադրյալի կարգավիճակում է, ավելին՝ մինչեւ մի քանի օր առաջ կալանքի տակ էր։ Բոլոր այն անձինք, ովքեր հայտարարում են, որ նա մարդ է սպանել, այսինչին կամ այնինչին նվաստացրել է, ինչպես տարբեր անձանց կաշառքի մեղադրանքներ ներկայացնելու առիթ տված Սիլվա Համբարձումյանն է հայտարարել՝ երեխաներ է բռնաբարել եւ այլն, այս ընթացքում ցույց անելու, հրապարակներում այլոց մազերը պոկելու եւ նման այլեւայլ տեսարանների փոխարեն շատ հանգիստ կարող էին դիմել իրավապահ ու քննչական մարմիններին, ներկայացնել իրենց հայտնի փաստական տվյալները։ Լավ, ի՞նչն էր նրանց խանգարում, որ մինչ օրս այդպես չեն վարվել։

Եթե այդ բոլոր՝ սարսռեցնող մեղադրանքներ հնչեցնող անձանց մղումները, այսպես ասենք, քաղաքացիական են, ապա ինչո՞ւ իրենց քաղաքացու պես չեն պահել։ Կարող էին, չէ՞, դիմել ոստիկանություն, ծայրահեղ դեպքում։

Բայց չէ, նստել-սպասել են, ու այն ժամանակ, երբ դատարանը որոշեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը գրավի դիմաց փոխվի, հանկարծ ու միանգամից հիշեցին, թե նա է՛լ ինչեր է արել, բացի պաշտոնապես ներկայացված մեղադրանքներից։

Ի դեպ, գլխավոր դատախազն էլ լավ կաներ, որ գոնե հորդորեր, որ բոլոր այդ անձինք սահմանված կարգով դիմեն ոստիկանություն ու ցուցմունքներ տան։ Չէ՞ որ դրանք միայն կարող են ուժեղացնել մեղադրանքի կողմի դիրքերն ու վերաքննիչ բողոքները:

Ու, առհասարակ, այդ ի՞նչ են մինչեւ հիմա քննել ու պարզել Մանվել Գրիգորյանի գործով զբաղվող քննիչները, որ չեն կարողացել իմանալ այժմ հնչեցվող հայտարարություններում արծարծվող սահմռկեցուցիչ «տեղեկությունները»։

Այս ամենը հուշում է, որ նորանոր նման հայտարարություններ անողների նպատակը ամենեւին էլ համակողմանի քննությունը չէ, այլ կոնկրետ անձնավորության վարկաբեկումը, նրա նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելը։

Որոշակի առումով այդ աղմուկը նաեւ հեղափոխական իշխանություններին է ձեռնտու։ Առհասարակ այդօրինակ աղմկարար ակցիաները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ձեռնտու են, քանզի ամեն դեպքում կարող է այդ ատելության ու բորբոքման սլաքներն ուղղել դատարանների, դատավորների վրա։ Կամ՝ որ կողմ ցանկանա։ Դա էլ՝ իր հերթին։

Մյուս կողմից, եթե նայում ես կոնկրետ փաստերին, ապա դրանցից առաջինն այն է, որ Մանվել Գրիգորյանը, անկախ ամեն ինչից, առողջական լրջագույն խնդիրներ ունի։ Թե նա քրեորեև պատժելի ի՞նչ արարքներ է թույլ տվել կամ թույլ չի տվել, դա թող քննեն իրավապահ մարմինները, իսկ մեղավորությունն էլ՝ դատարանը որոշի։

Այն բանից, որ մեղադրյալ Մանվել Գրիգորյանը անազատության մեջ մահկանացուն կնքի, Հայաստանը, որ դեռեւս պետություն է, ոչինչ չի շահելու։ Դեռ մի բան էլ՝ հակառակը։ Ի վերջո, դատարանը հո Մանվել Գրիգորյանին չի՞ արդարացրել կամ ընդհանրապես, հո ներկայացված մեղադրանքներն ու գո՞րծը չի քննել։ Բայց ո՞ւմ դա բացատրել, եթե պարզվում է, որ մարդիկ մայրուղի ու փողոց են փակում, ցույցեր են անում, թե՝ չէ որ չէ, բանտում սպանեք։

Իսկ գուցե միանգամից ինքնադատաստա՞նը օրինականացնել։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31