Լրահոս
Օրվա լրահոսը

Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաև քաղաքականություն է. Կոնստանտին Սիմոնով. «168 ժամ»

Դեկտեմբեր 25,2018 12:45

Փաշինյան-Պուտին սեպտեմբերյան հանդիպումից հետո Ն. Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահը նույնիսկ տեղյակ չէ, որ հայ սպառողը նման գնով է գազը ստանում, ուստի որոշվել էր ուսումնասիրել գազի գնագոյացման մեխանիզմները՝ ի օգուտ հայ սպառողի։

Թե ինչպես կշահի հայ սպառողն այդ բանակցություններից և վերանայումներից՝ հայտնի կդառնա օրեր անց։ Մինչ այդ «168 ժամը» ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի հետ քննարկել է գազի գնի շուրջ ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակը։ Կոնստանտին Սիմոնովն արձանագրեց, որ քաղաքական հարթությունում, որն անդրադառնում է նաև տնտեսական կապերի վրա, վերանայումների փուլ է, և այդ վերանայումներից հետո ստեղծված հարաբերություններից է կախված՝ կլինի գնի նվազո՞ւմ, թե՞ ընդհակառակը։ Ըստ նրա, ներկայումս ունենք իրավիճակ, երբ կան նաև խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ։

«Կողմերը փորձում են լուծումներ տալ ստեղծվող խնդիրներին, դրանցից մեկն էլ այսօր գազի գինն է, որը կարտացոլի այն վստահությունը, որը կա հարաբերություններում։ Ակնհայտ է, դրա մասին հրապարակայնորեն խոսել են նաև ՀՀ իշխանությունները, որ ցանկանում են գազի գնի իջեցում։ Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաև քաղաքականություն է, դրանով Ռուսաստանը հստակեցնում է իր ավելի լայն քաղաքականությունը։ Ներկայումս ինձ համար տեսանելի չէ, թե որքանով են կողմերը հաջողել լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են, ըստ էության, դեռ դրանք պահպանվում են, ուստի դժվար է ասել, թե ինչ համաձայնության կգան կողմերը։ Չի բացառվում, որ բարձրանա գինը։ Եթե խոսենք տնտեսական բաղադրիչի մասին, ապա այստեղ բավականին ծավալուն աշխատանքի կարիք կա։

Շատ է խոսվում, որ «Գազպրոմ Արմենիան» ռուսական ընկերություն է, Ռուսաստանն է պատասխանատու տվյալ գնի համար, որոշակիորեն պատասխանատու է, համաձայն եմ։ Եթե չեմ սխալվում, «Գազպրոմի» ղեկավարությունը նշել է, որ այն, ինչ կախված է իրենից՝ կանի, որպեսզի բնակիչը չտուժի, բայց կան նաև խնդիրներ, որոնք պետք է դիտարկվեն Հայաստանում, քանի որ ընկերությունը գործում է Հայաստանում։ Այսինքն՝ երկկողմ աշխատանք է հարկավոր այս ընկերության ներգրավմամբ՝ հասկանալու համար, թե ինչու է սահմանից հետո կրկնակի բարձրանում գազի գինը, որքանով է այդ ծախսն արդարացված, և ինչպես կրճատել այդ ավելացվող գինը, և այդ հարցում Ռուսաստանն ինչ դերակատարություն ունի, ինչպես կարող է աջակցել՝ կրճատել այդ ծախսերը։

Բայց կրկնեմ, որ Հայաստանի ներսում ևս պետք է ուսումնասիրեն այս խնդիրը, հասկանան, թե ինչու է այդպես, դա իսկապես խնդիր է, որևէ մեկը չի հերքում, ուստի պետք է դրանով զբաղվել։ Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը, այսինքն՝ «Գազպրոմը», կդիտարկի որքանով կարող է և որքանով է նպատակահարմար փոխհատուցել ծախսերի մի մասը, որը կարտացոլվի գազի վերջնական գնի վրա։ Եթե քաղաքական հարթությունում խնդիրներ չկան, ապա գազի գինը չի բարձրանա, և կողմերը կառուցողական ելքի կհանգեն»,- ասաց Սիմոնովը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31