Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյանը հաստատում է, որ նախկինում եղել է պրակտիկա, երբ իշխանության ներսում միմյանց դեմ արտահոսքեր են եղել ու մամուլում նյութեր են պատվիրել. «Փաստ»

Դեկտեմբեր 25,2018 12:41

Նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը Mediamax–ին տված հարցազրույցում բավական ուշագրավ մտքեր  է հայտնել, որոնք, թեկուզև աղոտ, բայց ուղենշում են արդեն իսկ հին իշխանական համակարգի որոշակի առանձնահատկություններ:

«Անձնական տպավորությունս այն է, որ 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններից հետո իշխանության ներսում այսպիսի տրամադրություն ձևավորվեց. հիմնական խնդրահարույց հանգրվանն անցել ենք, հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», և կարելի է շատ էական և լուրջ փոփոխությունների չգնալ, այդ թվում՝ անհատների մասով», – ասում է Գևորգյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրման մասին:

Հատկանշական է նաև մեկ այլ պնդում, որ անում է Գևորգյանը առ այն, որ ընտրություններով գրանցված արդյունքներն ու հանրային տրամադրությունները ներդաշնակ չէին: Սա, իսկապես, բնորոշում է ոչ միայն նախորդ քաղաքական վերնախավի տրամաբանությունը, այլև հայաստանցիների էլեկտորալ վարքի յուրատեսական դրսևորումներն ու քաղաքական համակարգի չկայացածությունը: Այս տրամաբանությունն իսկապես անկյունաքարային եղավ հին համակարգի փլուզման առումով: 2017թ. փոփոխվող Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ընտրությունները ստեղծեցին տպավորություն, թե հասարակությունը խնդիր չունի իշխանության վերարտադրության հետ:

Հիշարժան է մամուլում ժամանակին շրջանառվող մի պատմություն այն մասին, որ 2017թ. ընտրություններից հետո Հրայր Թովմասյանն իր գործընկերներից շատերին ուղեկցել էր Ազատության հրապարակ ու մատնանշել հրապարակի դատարկությունը՝ ակնարկելով, որ իր գրած Սահմանադրության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել հետընտրական ցնցումներից: Ընդ որում, այդ ցնցումների մասին ժամանակին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ դրանց բացակայությունը գնահատելով որպես մեծ ձեռքբերում:

Հավելենք նաև, որ քաղաքական համակարգի չկայացածությունը որևէ տեղ չի կորել, ու այն հանգամանքը, որ Փաշինյանի գլխավորած ուժն ընտրությունների արդյունքներով այս պահին ունի ձևավորած մեծամասնություն, չի նշանակում, թե այդ ձայնը կարող է նույն ազդեցիկությունը պահպանել 5 տարի շարունակ ու դառնալ հանրային տրամադրությունների ցուցիչ: Մեծամասնության ձայնը տրվել է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ տրամադրություններից ելնելով, ոչ թե քաղաքական կայացած կողմնորոշումներից, հետևաբար վտանգ կա, որ այդ տրամադրությունները կարող են կրկին փոխվել, իսկ իշխանությունը շարունակի դրանց մասին ենթադրել բացառապես ստացած քվեների տոկոսներով:

Հետաքրքրական մեկ այլ դրվագ էլ Գևորգյանի հարցազրույցում վերաբերում է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հարաբերություններին: Հարցազրուցավարի այն հարցին, որ կարծիք կա, որ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Գևորգյանը հանդես էր եկել «կապավորի» դերում՝ օգնելով հարթել Կարապետյանի և Սարգսյանի միջև ծագող հարցերը, Գևորգյանը պատասխանում է. «Ես չեմ փորձի գերագնահատել իմ դերակատարումը։ Մանավանդ, որ երկուսն էլ պետական աշխատանքի մեծ փորձ ունեցող գործիչներ էին և նաև մարդկային նորմալ հարաբերություններ ունեցող անձինք։ Այնպես որ՝ միջնորդի խնդիր չի եղել։ Այլ հարց է, որ փորձել եմ հարթել ծագող խնդիրները, գտնել օպտիմալ լուծումներ, ապահովել պետական համակարգի կայունությունը և անխափան աշխատանքը»: Այսինքն՝ Գևորգյանը չի ժխտում, որ եղել է պայմանական «կապավորության» անհրաժեշտություն, պարզապես փորձում է ավելի մեղմ ձևակերպումներ տալ՝ երկուսի միջև դեռևս այն ժամանակ նկատվող, բայց համառորեն հերքվող տարաձայնությունները տեղավորելով պետական անխափան աշխատանքի տրամաբանության կոնտեքստում:

Շարունակելով վերոնշյալ պարբերություններում քննարկվող միտքը, կարող ենք ասել, որ ի թիվս հանրային տրամադրությունները սխալ ընկալելու տրամաբանության, հեղափոխության հաջողության, ավելի շուտ հին համակարգի դիմադրողականության անկման գործում կենսական նշանակություն ունեցավ վերնախավի ներսում հիշատակված տարաձայնության առկայությունը, որը ծագեց վարչապետի անձի ով լինելու հարցի հետ կապված:

Այս տրամաբանությանը գալիս է փոխլրացնելու մեկ այլ ձևակերպում, որ անում է Գևորգյանը. «Գիտեք, ի տարբերություն նախորդ իշխանության շատ ներկայացուցիչների, ինձ երբեք թույլ չեմ տվել որևէ մեկի դեմ, լինի նա գործընկեր կամ ընդդիմախոս, մամուլով նյութեր պատվիրել։ Չի եղել նման գոնե մեկ դեպք։ Իսկ իմ հանդեպ հաճախ այդ մեթոդները կիրառել են։ Մարդը, որ համարվում էր գործընկեր կամ թիմակից, կարող էր վճարել և քո դեմ արշավ պատվիրել՝ ընդդիմադիր մամուլի միջոցով։ Ցավոք, բարքերը այսպիսին են»: Այսինքն, Գևորգյանը, որ եղել է կարևորագույն պաշտոնների, աշխատել է նախագահի աշխատակազմում, այսինքն` մի գերատեսչությունում, որը ոչ ֆորմալ իմաստով ղեկավարում էր երկիրն ու վերահսկում գրեթե ամեն ինչ, հաստատում է, որ նախկինում եղել է պրակտիկա, երբ իշխանության ներսում միմյանց դեմ արտահոսքեր են եղել ու մամուլում նյութեր են պատվիրել: Նմանօրինակ պրակտիկայի առկայությունը պարզ էր առանց Գևորգյանի պնդման էլ, սակայն նրա պնդումը գրեթե փաստական իմաստով ապացուցում է եղած կասկածները: Քաղաքական իմաստով սա ևս մեկ անգամ գալիս է ցույց տալու, որ նախորդ համակարգում, ինչքան էլ այն ներկայացվեր կուռ և մոնոլիտ, իրականության մեջ գործ ունեինք բազմաթիվ բախվող շահերի, ներիշխանական խմբերի հակամարտությունների հետ, որոնք մի կողմ էին թողնում ներքին խնդիրները միայն արտաքին–ընդդիմադիր վտանգի դեպքում: Սակայն այդ ներքին կոնֆլիկտները այնքան էին կուտակվել, որ հերթական վտանգի դեպքում համակարգը պարզապես կորցրեց միասնական շահի շուրջ համախմբվելու բնազդը:

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31