Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի թոփ-10 գլխավոր իրադարձությունները 2018-ին, որոնք փոխում են մեր երկիրը

Դեկտեմբեր 25,2018 22:00

Մենք հպարտություն զգացինք, երբ բրիտանական հեղինակավոր «Էքոնոմիսթ»-ը Հայաստանը ճանաչեց «Տարվա երկիր»։ Հիանալի է, երբ մամուլի բազմադարյա ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ երկրների պարբերականների ուշադրությունը դրական իմաստով ուղղվում է դեպի քո երկիրը։ Բրիտանացի գործընկերները խմբագրականում նշում են, որ մեր երկրին՝ «հինավուրց եւ հաճախ վատ կառավարվող մի պետությանը, որը գտնվում է անհանգիստ տարածաշրջանում», այս տարի «հաջողվեց անցկացնել ժողովրդավարական փոփոխություններ՝ զերծ մնալով զոհերից»։ «Բողոքները, որոնք բռնկվեցին նախագահ Սերժ Սարգսյանի՝ իշխանությանը մնալու փորձից հետո, հասան իրենց նպատակին»,- գրում է պարբերականը եւ հավելում. «Պուտինյան դրածոն վռնդվեց, ոչ ոք չսպանվեց, իսկ Ռուսաստանին միջամտության առիթ չտվեցին»։

Այստեղ դժվար է «հայամետություն» տեսնել, երբ խոսքը պարզ արձանագրումների մասին է դրամատիկ պատմական իրադարձությունների, որոնք արդեն փոխել են եւ դեռ կփոխեն մեր երկիրը։
Տուրք տալով մամուլի ավանդույթներից եւս մեկին՝ ցանկություն առաջացավ առանձնացնելու անցնող տարվա՝ 2018 թվականի իրադարձություններից թոփ-10-ը, որոնք փոխում են մեր երկիրը թե՛ ներսից՝ բովանդակորեն, թե՛ դրսում՝ մեր երկրի վերաբերյալ ընկալումներում։

Այս իմաստով ոչ միայն հաճելի է համաձայնել «Էքոնոմիսթ»-ի նկատառումների հետ, այլեւ հնարավոր չէ չհամաձայնել, որ տարվա իրադարձությունը՝ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն էր Հայաստանում։ Եվ ուրեմն.

1. Հայկական թավշյա հեղափոխություն։ Մարտի 31-ին Ազգային ժողովի «Ելք» դաշինքից պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ Գյումրիի Վարդանանց հրապարակից քայլարշավ սկսեց Հայաստանի քաղաքներով եւ գյուղերով։ Երբ ապրիլի 11-ին պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանն ի նշան քայլարշավի մասնակիցների հետ համերաշխության եւ ի նշան բողոքի ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ երկու նախագահական ժամկետից հետո վարչապետի պաշտոնում ընտրության՝ խորհրդարանի ամբիոնի մոտ ֆայերներ վառեցին՝ հայտարարելով, որ դրանով խորհրդանշում են ազատության ապագա հաղթանակը Հայաստանում, ներկաների մեծ մասը մեծ ուշադրություն չդարձրին դրան՝ համարելով դա ընդդիմադիրների հերթական էպատաժային բնույթի մի դրսեւորում։ Սակայն հետագա դեպքերը սրընթաց զարգացումներ ունեցան։ Ապրիլի 15-ից Երեւանի Ֆրանսիայի հրապարակը դարձավ մի քանի հարյուր ցուցարարների մշտական հավաքատեղի, իսկ հաջորդ օրվանից սկսվեցին համատարած քաղաքացիական անհնազանդության գործողություններ, որոնք մեկ շաբաթ անց հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից հետո նույն Ազգային ժողովի կողմից, համաձայն Սահմանադրության, ընտրվեց Հայաստանի վարչապետի պաշտոնում։

2. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հեղափոխությունից հետո Հայաստանում նոր կառավարություն ձեւավորվեց, որն առաջին հերթին ԱԺ-ի հաստատմանը մեկամյա ծրագիր ներկայացրեց, ըստ որի՝ նախատեսվում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել «մեկ տարվա ընթացքում»։ Այդ ձեւակերպման վրա բազմաթիվ «նիզակներ կոտրվեցին», քանզի յուրաքանչյուր քաղաքական ուժ հակված էր յուրովի ըմբռնել այն։ Նոր կառավարության ընդդիմախոսները անհաջող փորձ կատարեցին հնարավորինս դժվարացնելու, իսկ ըստ էության՝ անհնարին դարձնելու հին ԱԺ արձակման գործընթացը, որն առանց այն էլ դժվար էր գործող Սահմանադրությամբ։ Սակայն «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», եւ Նիկոլ Փաշինյանի ստիպված հրաժարականից հետո (ըստ էության, դա օրենսդրությամբ նախատեսված միակ հնարավորությունն էր) ԱԺ-ն իրավունքի ուժով ճանաչվեց արձակված, եւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան երկար սպասված արտահերթ ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից կայացած ընտրություններն առաջին անգամ պատմության մեջ ճանաչվեցին որպես ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող։

3. Երեւանի ավագանիների խորհրդի արտահերթ ընտրություններ։ Հեղափոխական տրամադրությունները հասարակության մեջ եւ երկրում գործադիր իշխանության փոփոխությունը կանխորոշեցին անցյալ տարի վերընտրված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Գործող ավագանիների խորհրդի մեծամասնությունը նոր թեկնածություն չառաջարկեց եւ, ինչպես եւ խորհրդարանը, իրավունքի ուժով արձակվեց, նշանակվեցին նոր՝ արտահերթ ընտրություններ։ Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններն առաջին մեծ ընտրական գործընթացն էր հեղափոխական Հայաստանում, որոնք անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, եւ որի ընթացքում պարզ դարձավ, որ «նկարովի» ընտրություններն այլեւս անցյալում են։ «Իմ քայլը» դաշինքը ստացավ երեւանցիների ձայների ավելի քան 81 տոկոսը, եւ հայտնի դերասան Հայկ Մարությանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ։

4. Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երեւանում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ միջազգային իրադարձությունն էր։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ տարիներ առաջ։ Հոկտեմբերին Երեւան ժամանեցին մոտ 4000 հյուրեր 84 երկրների պատվիրակությունների կազմում, այդ թվում՝ մոտ 30 երկրների եւ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Կանադայի վարչապետ Թրյուդոն։ Գագաթնաժողովն անցավ բարձրագույն մակարդակով, եւ հեղափոխության թոհուբոհի պայմաններում Հայաստանն արժանապատվորեն ներկայացավ հյուրերին իր ջերմությամբ եւ հյուրընկալությամբ։

5. Աննախադեպ հանդարտությունը դիմակայության գծին Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, Երեւան-Բաքու օպերատիվ կապի հաստատում։ 2016-ի Քառօրյա ապրիլյան պատերազմն էապես փոխեց մթնոլորտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ «Մեր ռազմավարական դաշնակցի» կողմից լայնածավալ զինամատակարարումների ֆոնին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, առավելապաշտական նկրտումները, մշտական սպառնալիքները կարծես այլ հնարավորություն չէին թողնում, քան նոր մոտալուտ պատերազմի բռնկումը, մանավանդ, երբ Բաքուն հրաժարվում էր իրականացնել իր իսկ ստանձնած՝ Վիեննայի պայմանավորվածությունները։ Սակայն Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիեւ «ոտքի վրա հանդիպման» արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ խստորեն պահպանել զինադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-95թթ. համաձայնագրերով եւ հաստատել Երեւան-Բաքու օպերատիվ կապ։ Իհարկե, իրավիճակը խաբուսիկ է. կողմերի մոտեցումները բանակցային գործընթացում մնում են անփոփոխ, այն թեւակոխել է նոր՝ ակտիվ փուլ, եւ ելքերը մնում են անկանխատեսելի։ Հայկական կողմերը հայտարարում են, որ մտադիր չեն թուլացնելու զգոնությունը։ Բայց այն, որ զինվորները հակառակորդի կրակոցներից տեւական ժամանակ է, որ այլեւս չեն զոհվում՝ միանշանակորեն դրական զարգացում է։

6. Արեւային էներգետիկայի եւ արեւային պանելների արտադրության բուռն զարգացման նախադրյալների ստեղծումը։ Վերականգնվող, առաջին հերթին՝ արեւային էներգետիկայի զարգացումը Հայաստանում նոր կառավարության կողմից հայտարարված է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Այս տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել. գործարկվել են ոչ մեծ էներգետիկ հզորություններ, մի քանի մասնավոր ընկերություններ արեւային պանելների արտադրություն են հիմնադրել Հայաստանում, ստեղծվել են կարեւոր նախադրյալներ ճյուղի զարգացման համար։ Սա չափազանց կարեւոր քայլ է դեպի ապագա, որն էապես կբարձրացնի Հայաստանի էներգետիկ կարողությունները՝ գազ եւ նավթ մատակարարողների քմահաճույքների պայմաններում, մեր երկրի էներգետիկ անկախությունը, որի ռազմավարական նշանակությունը դժվար է թերագնահատել։

7. Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Նոր կառավարությունը հայտարարել է, որ 2008 թվականի կեղծված նախագահական ընտրությունների դեմ բողոքի խաղաղ ցույցի բռնաճնշման հետեւանքով մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտումը համարում է քաղաքական առաջնահերթություն։ Քննչական մարմինները վերսկսեցին գործի հետաքննությունը, եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում։ Քոչարյանի խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Կարճ ժամանակ անց Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց, սակայն Վճռաբեկ դատարանը հետ ուղարկեց գործը՝ բեկանելով այդ որոշումը, եւ Քոչարյանը ներկայումս գտնվում է կալանքի տակ, գործի քննությունը շարունակվում է։ Այստեղ ուշագրավն այն է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ նախկին նախագահ է մեղադրվում եւ կալանավորվում, ինչն առնվազն նյարդայնացնում է ավտորիտար, փաստացի ցմահ առաջնորդներին։

8. Գեներալ Խաչատուրովի հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից եւ ռազմական դաշինքի «ճշմարտության պահը»։ Նույն՝ մարտի 1-ի գործով եւ նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց նաեւ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար, գեներալ Խաչատուրովին, որը 2008 թվականին Երեւանի կայազորի պետի պաշտոնն էր զբաղեցնում։ Նա կարճ ժամանակով նաեւ կալանավորվեց, սակայն այնուհետեւ գրավով ազատ արձակվեց։ Հայաստանը նրան պաշտոնապես հետ կանչեց պաշտոնից, սակայն պարզվեց, որ մեր «դաշնակիցները» մտադիր չեն մինչեւ 2020 թվականը, ինչպես պայմանավորված է եղել, Հայաստանին թույլ տալ նոր անձի նշանակել։ Հայաստանի դեմ «գրոհի կիզակետում» է հայտնվում Բելառուսի՝ 1994 թվականից անփոփոխ առաջնորդ Լուկաշենկոն՝ հրապարակային հարթություն տեղափոխելով հակասությունները Հայաստանի հետ։ Փաշինյանն իր հերթին դա անպատասխան չի թողնում։ Իսկ հարցը մնում է առայժմ չլուծված ոչ միայն գլխավոր քարտուղարի, այլեւ այդ դաշինքի գոյության իմաստի առումով, քանզի Ադրբեջանին Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից շռայլ զինամատակարարումները, ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի, պարզապես «դեմ են դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը»։ Ի վերջո, Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է, որ մենք մեզ հարց տանք. ՀԱՊԿ-ին մենք լո՞ւրջ վերաբերվենք, թե՞ լուրջ չվերաբերվենք։ Սա ՀԱՊԿ «ճշմարտության պահն» է, որի հանգուցալուծումը կկանխորոշի մեր հետագա պատկերացումները մեր անվտանգության քաղաքականության վերաբերյալ։

9. Կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքարի սկիզբը։ Նոր կառավարության քաղաքական առաջնահերթություններից ամենակարեւորներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հայտարարություն արեց. «Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա»։ Իհարկե, շատերին պնդումը վիճելի է թվում, սակայն փաստ է, որ միլիոնավոր դոլարներ վերադարձվել են պետությանը՝ անօրինական ճանապարհով հարստացման, հարկերից խուսափելու, բյուջեի միջոցների վատնման եւ այլ գործերով։ Փաստ է նաեւ, որ կոռուպցիան այլեւս դադարել է Հայաստանում լինել որպես կառավարման համակարգ, կառավարման հիմք, կառավարման իմաստ եւ փիլիսոփայություն, ինչն աննախադեպ է հետխորհրդային Հայաստանի իրականության մեջ։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ բարեփոխումներն են կոռուպցիայի արմատական հաղթահարման գլխավոր գրավականը, եւ այդ ուղղությամբ հիմնական աշխատանքը դեռ առջեւում է։

10. Ազգային ժողովին եւ Բաղրամյան 26-ին կից այգիների բացումը քաղաքացիների համար։ Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղակայված ԱԺ եւ նախկին նախագահական նստավայրն ավանդաբար մեկուսացած էին երկաթյա դարպասներով հասարակությունից։ Հեղափոխությունից հետո որոշում ընդունվեց այդ այգիները հասանելի դարձնել քաղաքացիների համար։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ի՞նչն էր խանգարում դա անել ավելի վաղ։ Դրա պատասխանը չկա… եւ այլեւս հետաքրքիր էլ չի, բայց փաստն այն է, որ բացառությամբ գիշերային ժամերի՝ այդ հրաշալի այգիներն այսուհետ բաց են մեր քաղաքացիների եւ զբոսաշրջիկների համար, իսկ Բաղրամյան 26-ի մուտքի մոտ պատվո պահակ է կանգնած։ Սրա կարեւորությունն այն է, որ Հայաստանում այլեւս իշխանությունը քաղաքացիներից չի մեկուսանում ցանկապատերով կամ դարպասներով, ինչը խորհրդանշում է նոր իրողությունները Նոր Հայաստանում։

Ահա Հայաստանի թոփ-10 իրադարձությունները 2018-ին, որոնք փոխում են մեր երկիրը։ Սակայն անհրաժեշտություն կա եւս մեկ անգամ մեջբերելու բրիտանական պարբերականից. «Ժողովրդավարան հաջողությունները, որին հասել է «Տարվա երկիրը», չեն երաշխավորում, որ այն չի շրջվի առաջընթացի ուղուց ապագայում»։ Իհարկե, չե՛ն երաշխավորում եւ չե՛ն կարող երաշխավորել, քանզի մարդիկ զերծ չեն թերություններից, գայթակղություններից եւ սխալական են։ Այդ իսկ պատճառով մարդիկ ստեղծում են պետություն, պետական համակարգ, որպեսզի այդ անխուսափելի սխալները լինեն ուղղելի, չլինեն ճակատագրական։ Կառավարությանը սպասվում է ծանր եւ պատասխանատու աշխատանք։ Ինչպես ասել է մեծն անգլիացին, Աստծո գործն ավելի բարդ է, նա նույնիսկ հրաժարական տալ չի կարող…

Խաղաղություն եւ բարի երթ քեզ, Հայաստա՜ն։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31