Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար. «Սփյուռքի նախարարության մասին կարծիքներ պետք է լսել հենց սփյուռքահայերից». «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2018 11:23

Սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար (2010-2018), ՀՀԿ խորհրդի անդամ Ֆիրդուս Զաքարյանի համոզմամբ՝ իշխանությունը սխալ քաղաքականություն է վարում՝ վերացնելով սփյուռքի նախարարությունը։ Նա համոզված է, որ մոտ ապագայում սփյուռքահայերի ճնշմամբ այն նորից կվերականգնվի։

– Լուծարման կողմնակիցներն ասում են, որ այն դերակատարում չի ունեցել, ավելին՝ ստեղծվել էր հատուկ Հրանուշ Հակոբյանի համար։

– Դա նույնն է, որ ես դատողություններ անեմ գյուղատնտեսության նախարարության մասին։ Սփյուռքի նախարարության մասին կարծիքներ պետք է լսել հենց սփյուռքահայերից, լավ կլիներ, որ պատահականության սկզբունքով վերցնեին սփյուռքի հարյուր համայնքներից գոնե մեկական կառույց, զանգահարեին եւ կարծիք հարցնեին, գոնե կասեին, որ՝ այ, տեսեք, զանգել ենք 100 երկրների, օրինակ, 70 կառույցներից հայտնում են, որ վատ են աշխատել, եւ պետք է փակել այդ կառույցը։ Ինձ համար համոզիչ չէ այս գործունեությունը, եւ չկասկածեք, որ սա հետագայում իր բացասական հետքը կթողնի Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վրա։

– Համեմատություն ունե՞ք՝ երբ տարիներ առաջ չկար սփյուռքի նախարարություն, ի՞նչ վիճակ ունեինք, եւ նախարարությունն ի՞նչ նշանակալի գործունեություն է իրականացրել։

– Այ, տարիներ առաջ որ չի եղել, սփյուռքից անընդհատ ձայներ են եղել, որ ոչ միայն հայրենիքի հետ պետք է մշակութային կապեր լինեն, այլ պետք է ունենան նաեւ տնտեսական, քաղաքական, տարբեր բնույթի կապեր։ Այսինքն, սփյուռքի ձայնը լսելու արդյունքում է ստեղծվել այդ նախարարությունը։ Հայաստան-սփյուռք համաժողովների ժամանակ մեր հայրենակիցները բազմիցս  այդ հարցը բարձրացրել են, եւ դրան համահունչ է ստեղծվել։ Եթե համեմատում ենք անցյալի հետ, պետք է ասել, որ հայաստանաբնակներն ու սփյուռքահայերն ունեին նաեւ գաղափարական տարաձայնություն, բավական է ասել, որ խորհրդային տարիներին մենք չէինք կարող ցեղասպանության մասին խոսել՝ որպես պետության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկի, բայց այսօր ցեղասպանության հարցը համահայկական խնդիրներից մեկն է, Ղարաբաղի հարցը՝ նույնպես։ Այսինքն՝ մենք այլեւս տարաձայնություն չունենք սփյուռքի հետ, իսկ այս միասնությունն ապահովելու համար հարկավոր էր մեկ ընդհանուր մարմին, եւ սփյուռքի նախարարությունը փորձում էր դա անել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31