Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ․ Ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովի անդամներն արձագանքում են Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման խնդիրների և նրա հացադուլի շուրջ բարձրացած աղմուկի

Դեկտեմբեր 25,2018 11:16

2018 թվականի ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովի անդամների հայտարարությունը

Երկար ժամանակ հետևելով «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկին՝ մենք՝ 2018 թվականին Կինոկենտրոն ներկայացված հայտերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներս, ականատես եղանք Պարալլելս Փրոդաքշըն ֆիլմարտադրող ընկերության կողմից իրականացվող աննախադեպ մանիպուլիացաների շարքի, որին կուլ գնաց լրատվական դաշտի ու հանրային կարծիքի մի մասը։ Ցավոք, մենք չտեսանք որևէ համապարփակ անդրադարձ այս խնդրին, որը կպատասխաներ շատ բաց մնացած հարցերի։ Եվ քանի որ աղմուկը մեծ մասամբ կառուցվում է մեր հանձնաժողովի վարկաբեկման և մեր գործունեության շուրջ տարածվող հերյուրանքների վրա, հարկ ենք համարում ի վերջո հստակություն մտցնել որոշ կնճռոտ հարցերի շուրջ։

2018 թվականին Կինոկենտրոն ներկայացված հայտերն ուսումնասիրող հանձնաժողովը ձևավորվել և գործել է՝ 2018թ. մարտի 17-ին նախարարի N 116-Ա հրամանով հաստատված, ապա՝ մի քանի փոփոխություններով հուլիսի 11-ին նոր նախարար Լիլիթ Մակունցի կողմից վերահաստատված կանոնակարգին համապատասխան: Որոշ լրատվամիջոցներ, Հովհաննես Գալստյանի հայտարարությունը հիմք ընդունելով, տարածել են այն կարծիքը, թե կանոնակարգը հեղինակել է Հանձնաժողովն ինքը, ինչը բացարձակ սուտ է։ Հավաստիացնում ենք, որ Հանձնաժողովի անդամները առնչություն չունեն 2018թ. կանոնակարգի ստեղծման հետ: Հանձնաժողովի անդամներից մեկը մասնակցել է կանոնակարգի շուրջ ծավալված հանրային քննարկումներին, որոնց, ի դեպ,  մասնակցել է նաև պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը:

Համաձայն կանոնակարգի 15-րդ կետի` նախկինում պետական աջակցություն ստացած և Ազգային Կինոկենտրոնի հանդեպ չկատարած պայմանագրային պարտավորություններ ունեցող ֆիլմարտադրող կազմակերպությունների կողմից ներկայացված նախագծերի հայտերը ենթակա են մերժման։ Քանի որ տվյալ կետը նշված է ընթացակարգի այն փուլի կարգավորումներում, որտեղ նկարագրվում է Կինոկենտրոնի կողմից հայտերի ընդունման գործընթացը, հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Կինոկենտրոնի կողմից մերժմանը: Կանոնակարգի 15-րդ կետն առկա է եղել 2018 թվականի մարտի 17-ին հաստատված տարբերակում, իսկ հանրային քննարկումների արդյունքում իրականացված փոփոխությունները չեն առնչվել 15-րդ կետին: Հետևաբար` հայտերի ընդունման ժամանակ, երբ նոր հայտերով հանդես է եկել Պարալլելս Փրոդաքշընը, կանոնակարգի 15-րդ կետը մնացել է այն տեսքով, ինչպես առկա  է այսօր։ Ավելին` Հովհաննես Գալստյանը, անձամբ մասնակցելով կանոնակարգի քննարկումներին, քաջատեղյակ է եղել տվյալ կետից ու առարկություն չի ներկայացրել դրա վերաբերյալ: Նշենք նաեւ, որ տվյալ կանոնակարգն ընդունվել է միայն ընթացիկ տարվա հայտերը քննելու համար, ուստի 15-րդ կետում նշված՝ նախկինում Կինոկենտրոնի հանդեպ չկատարած պայմանագրային պարտավորությունները ենթադրաբար պետք է վերաբերեին մինչեւ 2018 թվականը եղած ժամանակամիջոցին, ինչն էլ հիմք է ընդունել Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում։

Հանձնաժողովի գործունեության առաջին օրերին Կինոկենտրոնը տրամադրել է Տեղեկանք, որտեղ հղում էր արվում կանոնակարգի 15-րդ կետին, և ներկայացված էին այն ֆիլմարտադրող ընկերությունները, որոնք նախկինում ստացած ֆինանսավորման դիմաց չկատարված պարտք ունեն։ Պարալլելս Փրոդաքշընը ներառված էր ցանկում՝ «Սրբագրողը» ֆիլմի պարտքի պատճառով։

Համաձայն «Լուսավոր շրջան», նույն ինքը՝ «Սրբագրողը», «Թողություն» (ռեժիսոր Հովհաննես Գալստյան, ֆիլմը մի քանի անվանում է փոխել այս տարիներին), կինոնախագծին պետական աջակցություն հատկացնելու մասին Կինոկենտրոնի և Պարալլելս Փրոդաքշընի միջև կնքված պայմանագրի՝ ֆիլմի նկարահանման աշխատանքները պետք է ընթանային 2010 – 2014թթ, որոնց ընթացքում ֆիլմին պետք է տրամադրվեր պետական աջակցություն` 93,400,000 ՀՀ դրամի չափով։ Կինոկենտրոնի տրամադրած տեղեկություններով՝ այդ պարտավորությունը ի կատար է ածվել պետության կողմից: Պայմանագրի գործողության ժամկետի ավարտ է նշված 2014թ․ դեկտեմբերի 31-ը, մինչ այդ վերջնաժամկետը ֆիլմարտադրողը պետք է իրականացներ ֆիլմի նկարահանումներն ու պետական ֆինանսավորման վերջին չափաբաժինը ստանար նկարահանումների ավարտից հետո։ Համաձայն Կինոկենտրոնի տվյալների՝ ոչ միայն պայմանագրում նշված ժամկետներում, այլև մինչ օրս ֆիլմի նկարահանումները ավարտված չեն, թեև արտադրողը ստացել է նաև պետական ֆինանսավորման վերջին չափաբաժինը դեռևս 2014թ․։ Պայմանագրային պարտավորությունները չիրականացնելու կապակցությամբ, 2017թ աշնանը Դատախազությունը քննության է վերցրել «Սրբագրողը» ֆիլմի արտադրությանը վերաբերող նյութերը։

Պարալլելս Փրոդաքշընը «Տատիկիս վարսերը» ֆիլմի նախագիծը, ինչպես նաև ևս հինգ կարճամետրաժ ֆիլմի նախագիծ ներկայացրել է 2018թ. ֆինանսավորման մրցույթին՝ հանդես գալով պետական ֆինանսավորում ստանալու նոր հայտերով։ Կինոկենտրոնը փոխանցել է դրանք Հանձնաժողովին` մրցույթի մասնակից մյուս ֆիլմերի հայտերի հետ՝ առանց որևէ հատուկ կարգավիճակ հաղորդելու: «Տատիկիս վարսերը» ֆիլմի հայտի փաստաթղթերի փաթեթում առկա չի եղել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր նաեւ  2018թ. ֆիլմի ֆինանսավորման շարունակականության՝ պետության կողմից տրված երաշխիքների մասին։ Առկա չեն եղել 2015թ․ Գեղխորհրդի որոշման կամ Կինոկենտրոնի հետ համատեղ արտադրության պայմանագրի պատճենները, թեև Հովհաննես Գալստյանը պնդում է, որ պայմանագիրը ներառված է եղել փաստաթղթերի փաթեթում: Առկա չի եղել նաև ֆիլմի արտադրությունը մինչև 2018թ. երկարացնելու մասին Կինոկենտրոնի հետ կնքած նոր համաձայնության փաստաթուղթը։

Այդուհանդերձ, Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ Կինոկենտրոնից խնդրել է ներկայացնել ֆիլմի համատեղ արտադրության պայմանագիրը (կնքված 2016թ․ մարտի 29-ին), համաձայն որի` ֆիլմարտադրողն ու Կինոկենտրոնը պայմանավորվել են համագործակցել 2016-2017թթ.` պետության կողմից ֆիլմին տրամադրելով 23մլն դրամի չափով ֆինանսավորում, որից՝  8.000.000 դրամը՝ 2016թ․, 15.000.000 դրամը՝ 2017թ․։ Ըստ Կինոկենտրոնի տրամադրած տեղեկությունների՝ տվյալ չափով ֆինանսավորման պարտավորությունները լիովին կատարվել են Կինոկենտրոնի կողմից։ Տվյալ պայմանագիրը չի ներառում Ֆիլմի ֆինանսավորման պարտավորություն՝ 2018թ․-ի համար։ Համաձայն պայմանագրի՝ ֆիլմի արտադրությունը պետք է ավարտվեր 2017թ․-ի դեկտեմբերի 31-ին, սակայն, ինչպես պարզ դարձավ ավելի ուշ, Կինոկենտրոնն ընդառաջել է ֆիլմի արտադրության վերջնաժամկետը երկարացնելու խնդրանքին՝ մինչև 2018թ․ դեկտեմբեր։ Նոր համաձայնությունը վերաբերել է միայն արտադրության ժամկետի երկարացմանը, ոչ՝ ֆինանսավորմանը։ Հետևաբար, համաձայն տվյալ պայմանագրի, Պարալլելս Փրոդաքշըն ֆիլմարտադրող ընկերությունը պետք է ավարտեր «Տատիկիս վարսերը» 2016-2017թթ պետության կողմից ստացված ֆինանսական աջակցությամբ` պարտավորվելով ներդնել մնացյալ գումարը, և չպետք է դիմեր նոր ֆինանսավորման հայտով, կամ կարող էր դիմել միայն հետարտադրական փուլի ֆինանսավորման համար:

Կարծում ենք, որ նաեւ սա է պատճառը, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմը չի դիտարկվել որպես անցողիկ ֆիլմ եւ չի ներառվել անցողիկ ֆիլմերի՝ Կինոկենտրոնի ներկայացրած ցանկի մեջ։ Այս մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Հովհաննես Գալստյանը դիմել է նոր հայտով՝ որպես մրցույթին մասնակցող ցանկացած այլ նախագիծ, և իր հայտում չի ներառել որևէ փաստաթուղթ, որ կբացահայտեր իր նախագծի իրական կարգավիճակը։

Ուստի, Կինոկենտրոնի կողմից ֆիլմի հետագա ֆինանսավորման պարտավորվածության փաստաթղթի բացակայության պայմաններում, առկա իրավական հիմքերով՝ Հանձնաժողովի կողմից ֆիլմին նոր ֆինանսավորում տրամադրելը կհակասեր Կանոնադրությանը, անգամ եթե կանոնակարգում չլիներ 15-րդ կետը՝ նախկինում ունեցած պայմանագրային պարտավորությունների մեջ թերացման ու պարտքի վերաբերյալ։ Կրկնենք, որ այդ մերժումը պետք է աներ Կինոկենտրոնը, եւ «Տատիկիս վարսերը» ֆիլմի հայտը չպետք է հայտնվեր մեզ տրամադրված մրցութային հայտերի ցուցակում։

Ելնելով վերը շարադրված հանգամանքներից` Հանձնաժողովն առաջնորդվել է իր աշխատանքները սահմանող 2018թ. կանոնակարգով, որը տարածվում է նույն թվականին ներկայացված ֆիլմերի նախագծերի հայտերի վրա, և, մնալով օրինականության դաշտում, մերժել է Պարալլելս Փրոդաքշընի ներկայացրած հայտերը, քանի որ տվյալ կազմակերպությունը նախկինում ստացված պետական աջակցության դիմաց չկատարված պայմանագրային պարտավորություններ ունի, ինչպես նաև պարտավորվել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրությունն ավարտել 2016-2017թ․թ․ ֆինանսավորման պայմանագրով։ Արդյո՞ք Կինոկենտրոնը տեղյակ էր, թե որ ֆիլմարտադրող ընկերությունն է ներկայացնում հայտերը, որոնք, ըստ տեղեկությունների, հանձնվել են փակ վիճակում։ Այս հարցին կարող է պատասխանել միայն Կինոկենտրոնը։

Ինչ վերաբերում է կանոնակարգի 15-րդ կետի՝ հետադարձ ուժ չունենալու մասին վերջերս տարածված կարծիքի, ապա նշենք, որ այս հարցը, ըստ տարբեր իրավաբանների՝ վիճելի է։ Կրկնենք, որ 2018թ կանոնակարգը կազմվել և հաստատվել է բացառապես մեկ՝ ընթացիկ տարվա հայտերի ուսումնասիրման գործընթացի համար, և, հետևաբար, փաստաթղթում առկա բոլոր դրույթները պետք է վերաբերեն ընթացիկ տարվա դիմորդներին։ Կանոնակարգի հաստատման պահին կամ դրանից առաջ ո՛չ նախարարության, ո՛չ Կինոկենտրոնի, ո՛չ Հովհաննես Գալստյանի իրավաբանները կամ որևէ կինոգործիչ չեն վիճարկել կանոնակարգի 15-րդ կետը։ Հնարավոր է, որ փորձաքննությունն ի վերջո հաստատի, որ տվյալ կետը հակաօրինական է, ինչն, ըստ էության, կարձանագրի կանոնակարգը կազմող աշխատանքային խմբի թերացումը, բայց փաստն այն է, որ Հանձնաժողովի գործունեության ընթացքում նման որոշում կայացված չի եղել, հետևաբար, 15-րդ կետը, ինչպես և կանոնակարգն ամբողջությամբ ուժի մեջ է եղել, ուստի նախկինում չկատարված պարտք ունեցող ֆիլմարտադրողների հայտերը դիտարկելը և ֆինանսավորելը կանոնակարգի կոպիտ խախտում կլիներ Հանձնաժողովի կողմից։

Քաջատեղյակ լինելով կանոնակարգում 15-րդ կետի առկայությունից՝ ֆիլմարտադրողն, այնուամենայնիվ, բացի «Տատիկիս վարսերը» ֆիլմից, ներկայացրել է ևս հինգ երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի նախագծեր, որոնք, ցավոք, մերժվել են նույն հիմքով։ Կարճամետրաժ ֆիլմերի պարագայում որևէ փաստաթղթային «բացահայտում» չարվեց, և չունենալով Հանձնաժողովի որոշումը վիճարկելու որևէ հիմք՝ մեղադրանքները տեղափոխվեցին «բարոյականության» դաշտ՝ իբր Հանձնաժողովը երիտասարդներին խոչընդոտելու միտում է ունեցել։ Հայտարարում ենք, որ իրականում ճիշտ հակառակ պատկերն է եղել, և Հանձնաժողովն առաջնորդվել է երիտասարդներ ռեժիսորներին և դեբյուտային աշխատանքների արտադրությունը խթանելու քաղաքականությամբ, ինչի մասին վկայում է ընտրված ֆիլմերի նախագծերի ցանկը։

Պարալլելս Փրոդաքշընը այս և նախորդ ֆիլմի հետ կապված շատ վիճելի հարցեր ունի պետության և Կինոկենտրոնի հետ, որոնք քողարկելու համար էլ կազմակերպվեց Հանձնաժողովի գործունեության շուրջ բարձրացված աղմուկը եւ հանրային կարծիք ձևավորելուն միտված մանիպուլացիան՝ չխոսելով արդեն Հանձնաժողովի ստեղծման առաջին շաբաթներից մեր հասցեին առատաձեռնորեն շռայլված զրպարտությունների, անձնական վիրավորանքների և հայհոյախառն արտահայտությունների մասին, որոնք հարկ չենք համարել մեկնաբանել, թեև դրանք կարող են բավարար նյութ լինել իրավապահ մարմինների համար։

Մենք լիահույս ենք, որ ընթացիկ ուսումնասիրությունների եւ քննությունների արդյունքում պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի երկու ֆիլմի շուրջ ձևավորված «խճճված զուգահեռներին» վերջապես հստակություն կհաղորդվի, և Հայաստանի կինոլորտը կկարողանա շուտով հաղթահարել զարգացման ճանապարհին ծանրացած այս և նման խնդիրները։ Փաստաթղթային անհամապատասխանությունները, բանավոր և կեղծ պայմանավորվածությունները, ֆինանսական մեծածավալ անճշտություններն ու իրավաբանական անփութությունը, ցավոք, ոլորտի անցյալի ժառանգության անբաժանելի մասն են կազմում, որը պետք է կարողանանք թոթափել և փոխարինել թափանցիկ ու արդար գործընթացներով՝ լինի դա ստեղծագործական, ֆինանսական, թե իրավական դաշտում։

2018 թվականի ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովի անդամներ`

Նազենի Ղարիբյան

Արմինե Անդա

Սեդա Գրիգորյան

Վիկտորյա Ալեքսանյան

Խանե Պողոսյան

Նաիրա Վարդանյան

25.12.2018թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31