ՀՀ Ոստիկանությունը հաղորդում է. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դեկտեմբերի 23-ի ժամը 21.30-ից դեկտեմբերի 24-ի ժամը 10.30-ն ընկած ժամանակահատվածում սուր կտրող-ծակող գործիքով սպանել են 57-ամյա տղամարդու և 87-ամյա կնոջ»:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն էլ տեղեկացնում է. «Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի 27 ամյա երիտասարդ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Նախաքննության տվյալներով վերջիններս մայր ու որդի են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: