Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիժը՝ արդար եւ մարդկային

Դեկտեմբեր 25,2018 10:00

Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի եւ մնացածների հանդեպ որեւէ համակրանք չունեմ. երբ նրանք «ձիու վրա» էին, դրա մասին բազմիցս գրել եմ: Բայց հիմա, երբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, կարեւոր եմ համարում մարդկային եւ իրավական ճիշտ մոտեցումները: Երբեմն հնչող համեմատությունները Թալեաթի կամ Հիտլերի հետ տեղին չեն ոչ այնքան ոճրագործությունների մասշտաբների, այլեւ պատմական համատեքստի տարբերության պատճառով:

1920-ական թվականների տրամաբանությամբ՝ Թալեաթը, որպես  հանցագործ, պետք է գնդակահարվեր, բայց քանի որ Թուրքիայի այն ժամանակվա կառավարությունը պակաս հանցագործ չէր, դա արեց Սողոմոն Թեհլերյանը՝ փառք ու պատիվ նրան: 1940-ականների տրամաբանությամբ՝ նացիստական հանցագործները պետք է դատվեին եւ դրանցից մի քանիսը կախաղան հանվեին, ինչը եւ տեղի ունեցավ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: 1990-ականների տրամաբանությամբ՝ Բալկաններում պատերազմի ժամանակ նախկին Հարավսլավիայի հակամարտող տարբեր կողմերի գեներալներն ու պաշտոնյաները, որոնք հանցագործություններ են կատարել, կանգնել են Հաագայի դատարանի առաջ եւ համապատասխան ժամկետներով ազատազրկվել են:

2018 թվականին Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանի տրամաբանությամբ՝ մեր համաքաղաքացի «հաբռգածները», ժուլիկները,  թալանողները, իրենց անպատժելի համարողները նույնպես պետք է կանգնեն դատարանի առաջ եւ ստանան ազատազրկման իրենց ժամկետները՝ ունենալով պաշտպանվելու բոլոր հնարավորությունները: Ընդ որում, նույն տրամաբանության մեջ դատավարությունից առաջ նրանց խափանման միջոցը կարող է լինել թե՛ կալանքը, թե՛, ասենք, բնակավայրից չբացակայելը: «Մինչեւ դատվելը մարդը պարտադիր պիտի նստի» համոզմունքը գալիս է խորհրդային կարծրատիպերից:

Այո, ժամանակակից Հայաստանի օրենսդրությունը հիմնված է եվրոպական հումանիստական արժեքների վրա: Շատ հնարավոր է, որ շատերին այդ օրենսդրությունը դուր չի գալիս: Բայց այդ դեպքում մարդիկ պետք է փողոց դուրս գան ոչ թե այս կամ այն մարդու խափանման միջոցը փոխելու պահանջով (ընդ որում, այդ պահանջը ներկայացվում է  վարչապետին, դատախազին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին, ինչը խոսում է իրավագիտակցության ցածր մակարդակի մասին), այլ պահանջելով արմատապես փոխել մեր երկրի ոչ միայն իրավական համակարգը, այլեւ ընդհանրապես արժեքային ուղղվածությունը: Օրինակ՝ կարելի է նպատակ դնել, որ Հայաստանում գործեն «շարիաթի» օրենքները եւ դադարել դատարկ տեղը պարծենալ, որ մենք առաջին քրիստոնեական երկիրն ենք:

Բայց քանի որ առայժմ մեր պետության ուղղվածությունը չի փոխվել, ուզում եմ կրկնել 2000 տարվա ճշմարտությունը՝ ցանկացած մարդ, նույնիսկ ամենասարսափելի հանցագործը, արժանի է մարդկային վերաբերմունքի: 21-րդ դարում դա, մասնավորապես, նշանակում է, որ մարդուն, եթե նրա հանցագործությունն ապացուցված է, պատժում են՝ հասարակությունից մեկուսացնելով, ոչ թե բանտային վատ պայմաններով, բուժման հնարավորությունից եւ պաշտպանության իրավունքից զրկելով: Դրա գիտակցությունն անհրաժեշտ է ոչ թե նախորդ իշխանության, մեղմ ասած, ոչ համակրելի կերպարներին, այլ մեզ՝ հասարակությանը՝ առաջ գնալու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մէկդի դնելով թէ որու մասին է խօսքը:

    Ամբողջ խմբագրականը հիմնուած է դեռ այն տրամաբանութեան վրայ որ, ըստ էութեան, մեղադրեալը յանցաւոր է, դատավարութիւնը երբ որ տեղի ունենայ, նա պիտի դատապարտուի, սակայն մինչեւ այդ՝ նախա-դատավարական հանգրուանին, պէտք որ ամբոխը ընդունի որ նա իրաւունքներ ունի, եւ գոռալով փողոց չիջնէ, երբ որ ան կանխահաս կալանքի չենթարկուի: Ձեւով մը, սկզբունքային due process-ի մասին է խօսքը, պատիժի ստոյգ հեռանկարով:
     
    Իսկ եթէ պատահի որ, իսկական ու կարգին դատավարութեան մը աւարտին, այդպիսի մեղադրեալ մը, ամենայն օրինականութեամբ, անպարտ արձակուի՞… կամ ամբոխին ուզածին չափ ծանր պատիժ չստանա՞՛յ… Կարող է որ այդպէս պատահի, օրինակի համար, եթէ դատախազութիւնը ձախող կերպով կատարէ իր գործը… երբ որ մեղադրանքը բաւարար չափով հիմնաւորուած չէ… կամ երբ որ կան մեղմացուցիչ հանգամանքներ…
     
    այն ատեն, ո՞վ է զսպելու lynch mobը… պատերուն փռող մոլեգնոտ sheriff-ը՞…
     
    Ամերիկայի գոյացման ամենանախնական, վայրենի ժամանակաշրջանն է յիշեցնում իրաւիճակը… Եթէ ոչ Միջնադարը, քանզի այն ժամանակ, գոնէ ղեկավարներ կային որոնք կարող էին կարգի բերել կատաղած ամբոխները

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31