Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի օպտիմալացմանն ուղղված քայլերը միանշանակ չեն ընկալվում հասարակության կողմից, քանի որ լսարանին չի մատուցվում կոնկրետ և հիմնավորված բացատրություն, թե ասենք, օրինակ, ինչքան է արժենում այս կամ այն գերատեսչության կենսագործունեությունը հարկատուների գրպանի վրա և ինչպիսի նպատակային միջոցներ են խնայվելու այդ գերատեսչությունների օպտիմալացումից:
Փորձենք խնդրին մոտենալ մաթեմատիկական հաշվարկների տեսանկյունից և որպես օրինակ վերցնենք օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններին տրամադրվող բյուջետային միջոցները ու դիտարկենք այն մեկ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության օրինակով:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնում են, որ 2017 թվականին օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը կազմել են 9,643,709.0 հազար ՀՀ դրամ, որից 1,335.2 հազար ԱՄՆ դոլարին համարժեք չափով գումար բաժին է հասել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը: Դեսպանությունը իր հերթին 2017 թվականին պետբյուջե է փոխանցել 392,099.3 հազար ՀՀ դրամ, որը հյուպատոսական ծառայությունների դիմաց գանձված պետական տուրքն է:
Միանգամից նշենք, որ Մոսկվա քաղաքում տեղակայված ՀՀ դեսպանության շենքի համար, որը մինչև 1921 թվականը գործել է, որպես Լազարյանների անվան Արևելյան Լեզուների Ինստիտուտ, վարձակալման գումար չի վճարվում, քանի որ շենքը սեփականության իրավունքով ՀՀ-ին է հանձնվել դեռևս 2014 թվականին՝ Մոսկվա քաղաքի պետական ունեցվածքի տարածքային կառավարման դաշնային գործակալության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Այսպիսով, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տարեկան նախահաշվով հաստատված գումարները իրավասու է ծախսել հետևյալ հոդվածներով՝
Աշխատավարձ – 768.6 հազար ԱՄՆ դոլար:
Բնակարանների վարձակալություն – 289.8 հազար ԱՄՆ դոլար:
Պահպանման ծախսեր – 276.8 հազար ԱՄՆ դոլար:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաստիքացուցակում, ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության, ներառված են թվով շուրջ 54 և դիվանագիտական, և վարչական աշխատակիցներ, սակայն դեսպանությունը բնակարաններ է վարձում միայն դիվանագիտական անձնակազմի համար:
Եթե մոտավոր հաշվարկ կատարենք, ապա պարզ կդառնա, որ բնակարանների վարձակալության համար ամսական ծախսվում է 24 883 դոլարին համարժեք գումար: Մոսկվայում մեկ սենյականոց բնակարանի վարձակալման արժեքը կենտրոնից դուրս մոտավորապես 1000 դոլար է, նշանակում է մոտ 24 աշխատակցի համար դեսպանությունը վարձակալում է բնակարան: Սակայն, հնարավոր է, որ այդ բնակարանները վարձակալվում են կենտրոնում, որտեղ գները առավել բարձր են, ասենք, մեկ սենյակը՝ 2000 դոլար և հետևաբար 12 աշխատակից է բնակվում վարձակալված բնակարանում:
Ըստ դեսպանության կայքում եղած տեղեկատվության՝ դիվանագիտական այս կառույցում գործում է 6 բաժին՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի, արարողակարգի և հյուպատոսական բաժիններ և մամլո ծառայություն ու այս բաժիններում աշխատող դիվանագետները, որոնց համար էլ վարձվում են այդ բնակարանները, գործուղվում են Հայաստանից: Հիմա, հարց՝ արդյոք ուռճացվա՞ծ չէ գործուղման մեջ գտնվող դիվանագիտական կորպուսի աշխատակազմը, երբ միայն նրանց բնակվարձի վրա տարեկան ծախսվում է 289.8 հազար ԱՄՆ դոլար, իսկ, ասենք, տարատեսակ մշակութային և այլ բնույթի միջոցառումների անցկացման համար, նույնիսկ, առանձին հատկացումներ նախատեսված չեն, քանի որ ինչպես նշված է ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում, պահպանման ծախսեր կետը, որը կազմում է 276.8 հազար ԱՄՆ դոլար, ունի ենթաբաժիններ և այդ թվի մեջ են ներառված այն հատկացումները, որոնք նախատեսված են դեսպանության հովանու ներքո անցկացվող միջոցառումների և ընդունելությունների ծախսերը հոգալու համար:
Ստացվում է, որ պետբյուջեի հաշվին վարձատրվում և կեցությամբ են ապահովվում մեծ թվով դիվանագետներ, ովքեր, ըստ էության անելիք չունեն հենց միայն այն պատճառով, որ անհնար է Ռուսաստանում, ասենք, 100 հազար ԱՄՆ դոլարով իրականացնել Հայաստանի վարկանիշը բարձրացնող և շահերը առաջ մղող մասշտաբային բնույթի քաղաքական, մշակութային և ինֆորմացիոն նախագծեր, հետևաբար, մնում է կամ օպտիմալացնել համակարգը, կամ արդարացված դարձնել աշխատուժի վրա ծախսվող պետական միջոցները:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ