Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են երիտասարդ եվրոպական դեսպաններն ու ինչո՞վ են նրանք զբաղված

Դեկտեմբեր 25,2018 09:30

Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնությունը համաեվրոպական ցանց է: Այն միավորում է 478 ակտիվ երիտասարդի՝ ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրներից և ԵՄ անդամ երկրներից։ Երիտասարդ դեսպանները մասնակցում են զանազան խոշոր միջոցառումների, հանդիպումներ են ունենում ԵՄ ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ նրանց ներկայացնելով իրենց կարծիքով շտկելի խնդիրները՝ ակնկալելով լուծումներ։

Aravot.am-ը զրուցեց տարբեր երկրների ներկայացուցիչ երիտասարդ դեսպանների հետ:

Սերինա Բուքելմուն Լյուքսեմբուրգից է: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ 2018-ին է միացել երիտասարդ եվրոպական դեսպանների նախաձեռնությանը: Հարցին՝ ինչո՞ւ որոշեց դառնալ երիտասարդ եվրոպական դեսպան, Սերինան պատասխանեց. «Ես հետաքրքրասեր մարդ եմ. սիրում եմ սպորտ, երաժշտություն, մշակույթ: Ինձ հետաքրքրում է նաև այն, թե ինչպես են աշխատում եվրոպական ինստիտուտները, ինչպես են այլ երկրներում որոշումներ կայացնում: Եվ ահա, երբ սոցիալական ցանցերում փնտրում էի որոշումներ, կարծիքներ, հանկարծ տեսա, որ նման հնարավորություն կա: Տեսա, որ երիտասարդները հարցազրույցներ են տալիս, փորձի փոխանակում անում: Եվ հասկացա, որ այս նախաձեռնությունն ինձ համար է: Այն հնարավորություն է տալիս նաև շփվել արևելքի երկրների երիտասարդ ներկայացուցիչների հետ, հասկանալ մեր տարբերությունները, ընդհանրությունները, շատ բան իմանալ միմյանց մասին»:

Հարցին՝ լինելով երիտասարդ դեսպան ի՞նչ առավելություններ ունեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամենամեծ առավելությունն այն է, որ մենք կարողանում ենք ներկայացնել երիտասարդության ձայնը: Նաև հնարավորություն ենք ունենում նոր ընկերներ ձեռք բերել, հասկանալ, թե տարբեր երկրներում տարբեր խնդիրներ ինչպես են լուծվում»:

Բելառուսը ներկայացնող երիտասարդ դեսպան Օլգա Շմանը ևս այս տարի է միացել երիտասարդ եվրոպական դեսպանների նախաձեռնությանը: Մեզ հետ զրույցում նա պատմեց. «Ես ցանկություն ունեցա միանալ ցանցին, քանի որ ուզում էի մարդկանց պատմել այն մասին, թե ինչ հետաքրքիր կրթական հնարավորություններ կան, ինչ հետաքրքիր համաժողովներ են կազմակերպվում: Շատ դեպքերում մարդկանց համար այսպիսի տեղեկությունները հասանելի չեն: Լինելով երիտասարդ դեսպան՝ հնարավորություն կունենամ տեղեկանալ այս նորություններին և պատմել իմ հասակակիցներին այդ մասին: Որպես երիտասարդ դեսպան՝ ես հնարավորություն ունեմ լսելի դարձնել իմ հասակակիցների ձայնը և մասնակցել որոշումների կայացման գործընթացին»:

Օլգա Շմանը կարևորեց նաև իրենց շփումը ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Այս առիթով նա նշեց. «Օրինակ՝ քննարկումներից մեկի ժամանակ, երբ մասնակցում էինք մենք՝ երիտասարդ դեսպաններս, պարզվեց, որ և՛ մենք, և՛ մեր ավագ գործընկերները դժգոհում են տարիքային խտրականությունից: Սա նշանակում է, որ երբ հաղորդակցվում ես, հեշտ է հասկանալ խնդիրները և նաև այդ խնդիրներին լուծում տալը»:

Հայաստանը ներկայացնող երիտասարդ դեսպան Հարություն Ծատրյանը եվրոպական երիտասարդ դեսպանների ցանցին միացել է հիմնադրման առաջին տարվանից՝ 2016-ից: Երկու տարի եղել է ծրագրի հայաստանյան համակարգողը: Հարությունը հիշեց՝ տեղեկությունը գտել էր համացանցում, և դիմել, ու ստացվեց՝ արդեն 3-րդ տարին է՝ շարունակում է մնալ ցանցում:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն 44 երիտասարդ եվրոպական դեսպան կա: Հարությունը վստահեցրեց՝ ցանցը քաղաքական ենթատեքստ չունի, այն առավելապես ուղղված է փորձի փոխանակմանը և տեղեկատվական մակարդակի բարձրացմանը. «Մենք նաև լոկալ՝ ազգային միջոցառումներ ենք կազմակերպում՝ փորձում տեղում հասանելի լինել մեր երիտասարդ ընկերներին։ ԵՄ-ն ունի բազում ծրագրեր, որոնք երիտասարդներին ինչպես անդամ երկրներից, այնպես էլ Գործընկերության տարածքից հնարավորություններ են տալիս։ Մենք փորձում ենք այդ հնարավորությունների մասին իրազեկել հնարավորինս շատ մարդու՝ օգնելով նրանց ևս ակտիվանալ: Այսօր մեր ցանցում չափազանց հետաքրքիր երիտասարդներ կան՝ բազմաբևեռ մասնագիտացումներ ու հետաքրքրություններ, սակայն մեզ միավորել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ իրազեկել երիտասարդներին դրական փոփոխությունների և հնարավորությունների մասին»։

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ Հարությունն ասաց. «Կարևոր ձեռքբերումներից մեկը Հայաստանում ծրագրեր, երիտասարդական միջոցառումներ անելու կանաչ լույս ստանալն էր։ Առաջին տարում շատ էինք ուզում ինչ-որ բան անել, բայց չէր ստացվում։ Այժմ արդեն կարող ենք։ Մյուս ձեռքբերումներից է ընկերների ցանցը, որը տալիս է մեր YEA համայնքը։ Այստեղ իսկապես հիանալի մարդիկ են հավաքված։ Հայաստանի համար կարևոր մի շարք քննարկումների ենք մասնակցել։ Փորձել ենք հայ երիտասարդների խնդիրների լուծումները փնտրել նաև համաեվրոպական համայնքում։ Որոշ հաջողություններ կան։ Առջևում դրանք կշատանան։ Վստահ եմ: Եթե առաջին տարում 11-ն էինք, ապա երկրորդ տարում մեզ միացան ևս 11-ը։ Այս տարի ունեցածը կրկնապատկվեց՝ մենք 44-ն ենք։ Հիանալի երիտասարդների կգտնեք մեր ցանցում։ Իհարկե, եղել են նաև երիտասարդներ, ովքեր ընտրվել են ցանցի անդամ, ակտիվ են եղել, բայց հետագայում զբաղեցրել են քաղաքական պաշտոններ, ներգրավվել են քաղաքական կյանքում և ցանկացել դադարեցնել իրենց անդամակցությունը։ Դա հնարավոր է։ Եվ ստացվել է»։

Հայաստանը ներկայացնող մեկ այլ երիտասարդ դեսպան Մարիամ Զադոյանի կարծիքով՝ երիտասարդ դեսպանների ցանցի անդամ լինելը ոսկե հնարավորություն է զարգացնել անձնական և մասնագիտական փորձառությունը: Նա որպես առավելություն նշեց. «Լինելով այս ցանցի անդամ՝ հնարավորություն ես ստանում հարաբերվել առաջնորդների, որոշումներ կայացնողների հետ և մասնակից դառնալ որոշումների կայացման գործընթացին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31