Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա՝ պարանը մե՞նք բերենք, թե՞ դուք կտաք

Դեկտեմբեր 24,2018 23:43

Դառնահամ մտքեր ՄՇԱԿՈՒՅԹ–ՄՇԱՃԿՈՒՅԹ–ՄՍԱԿՈՒՅՏ անհամ թեմայի շուրջ

Մշակույթի մասին շատ խոսվեց։ Գրեթե ամեն ինչ ասվեց հայոց երկրի համար նրա անփոխարինելի նշանակության, կարևորագույն դերի մասին։ Ըստ էության կարծես բոլորն էլ հասկացան, թե բանն ինչ է։ Լավ էր, որ այս լուծարումը եղավ, թե չէ էն խորը քնած մարդիկ ընդհանրապես չէին խոսի ու չէին մասնակցի մեր բուռն օրերի լեցուն կյանքին։ Մշակույթի նախարարության լուծարման չարիքի մեջ եղած բարիքն էլ դա էր – ե՞րբ էին այսքան խոսել մշակույթի մասին։ Միշտ էլ մշակույթը «մեքենայի հինգերորդ անիվն է եղել» բոլոր իշխանությունների համար։ Երբ իրենց պետք է եղել – հիշել են, երբ պետք չի եղել – էնպես են մոռացել, որ թվում էր թե, այդպիսի ոլորտ ու մարդիկ գոյություն չեն ունեցել այս երկրում։ Երբեք էլ այն չհայտնվեց կյանքի կարևորության առաջին տեղերում, թեպետ «տեղն էկած տեղը» «տեղից վեր կացողը» պնդում է, թե մեր երկրի համար ամենաառաջնայինը մշակույթն է և դրա նման «ցանցառ» խոսքեր են շաղ տալիս «աջ ու ձախ»։

Էս մշակույթի գործիչներն էլ, չես հասկանում – հարգե՞ս, թե չհարգես, ընդունե՞ս, թե չընդունես, սիրե՞ս, թե չսիրես։ Մի կողմից ախր շատ լավ մարդիկ են, մյուս կողմից էլ – հենց «մարդատեղ ես դնում», էս են ուզում, էն են ուզում, ասում են էս չկա, էն չկա։ Իրենք հեռվից են լավ, շատ շնորհքով են իրենց գործի մեջ, մեկ-մեկ զարմանալի տաղանդավոր են, երգով, պարով, շենք ու շնորհքով, բոյով բուսով, տեղը տեղին ամեն ինչով, բայց հենց մոտ ես գնում հազար հոգս են դեմ տալիս ու մի տեսակ իրենց նկատմամբ ունեցած հարգանքդ միանգամից հօդս է ցնդում։ Այ մարդիկ, մենք չենք հասկանում, դուք չե՞ք կարողանում առանց փողի աշխատել։ Լավ էլ երգում, պարում, ուրախանում եք – էլ ի՞նչ եք ուզում։ Էդ մշակույթի նախարարություն ասածն էլ – չես հասկանում, էդքան փող են հատկացնում, բայց երբ, ով, որ կողմից, վերևից, ներքևից ինչ հարցով դիմում ես – ասում են «փող չկա»։

Փող չկա, բայց դրանց ամեն մի գործը հսկայական թիվ արժի։ Քիչ փողերի մեջ էլ չեն տեղավորվում։ Ճիշտ է ամբողջ նախարարության բյուջեն որ իրար գլխի հավաքես մի տասը տանկի գին հազիվ դուրս կգա, բայց միևնույն է, եթե, ասենք, պետությունը 30 տարի փող չունի, ապա մի՞թե պարզ չի, որ առաջին հերթին հենց մշակույթը պիտի լուծարվի, բա որի՞ն կպնենք։ Դրա համար էլ – թող գնան, ինչ ուզում են անեն – մի 5-6 ամիս գործադուլ կանեն, այն էլ միայն նախարարության աշխատողները (որ մշակույթի մեջ սպասարկող աշխատանք են անում), դրանից հետո կերևա, մշակույթի նախարարություն մեզ պետք է, թե պետք չի։ Մշակույթի մարդիկ իրենք միշտ դժգոհ են իրենց նախարարությունից, բայց հիմա հենց լուծարվում է, եկել են հոգեհանգստի շուգ ու շիվան են կապել, թե բա մեր երկրի ամենակարևոր երևույթը ինչու՞ եք սպանում։ Ու վայնասուն են կապել։

Մեկը չլինի հարցնի – այ մարդիկ, էն ժամանակ, որ մշակույթը կենդանի էր, բա ո՞ւր էիք, ինչու՞ չէիք պաշտպանում «ձեր մշակույթը», հիմա որ «ոտից-ձեռից ընկել է» եկել եք թաղման տեղը ողբ եք կապում։ Տեղն է ձեզ – ժամանակին տիրություն անեիք ձեր մշակույթին ու հիմա էդ վայնասունը չէիք բարձրացնի։ Բայց մարդու բնույթն է այդպիսին, երբ որևէ մեկը մեռնում է, ծանոթ անծանոթ, հայտնի ոչ հայտնի մարդիկ հավաքվում են և ամեն մեկը իր պարտքն է համարում իր կողմից ցավակցական խոսք ասել այդ մեկի մասին, հիշել նրա արած բարի գործերը, սգահանդեսի անծանոթ մասնակիցների «մոտ ու հեռու հարազատներին» ցավակցել, մաղթել, որ « լույս դառնա ննջեցյալի հոգին» ու հույս փայփայել, որ այն կյանքում դրախտի կարժանանա իր այս կյանքում արած բարի գործերի համար։ Այսօր մենք էլ մեր ցավակցական խոսքն ենք ուզում ասել բազմաչարչար հայ մշակույթի «հարազատներին ու բարեկամներին», սիրելի մշակույթի թաղման կապակցությամբ և մաղթել, որ մշակույթի հիշատակը վառ մնա բոլորիս սրտերում։

Իսկ ապագա սերունդներին դարավոր հայ մշակույթի մասին կպատմեն իրենց ծնողներն ու պապերը, երբեմն ցույց տալով դեռևս կանգուն մնացած օպերային թատրոնի շենքը, երկար բացատրելով, թե ինչ նախնական նպատակով է կառուցված եղել ճարտարապետական այս հրաշալի կոթողը։ Կհիշատակվեն նաև, որ եղել են այլ թատրոններ ևս, բայց որպես պատմական հուշարձան տեսանելի կլինի միայն օպերային թատրոնի շենքը։ Նրանց, ովքեր գտնում են, որ այս խոսքերը անհարգալից վերաբերմունք է մշակույթի նկատմամբ, կարող ենք փաստել, որ այսօր արդեն նոր սերնդից գրեթե ոչ չի հիշում իրենց ժամանակի ամենահայտնի մարդկանց- Գուլակյանին, Փափազյանին, Ներսիսյանին, Սիմոնյանին, Աճեմյանին, առավել ևս չեն հիշում Տալյանին, Սազանդարյանին, նույնիսկ դեռևս 90-ականների նոր անկախացած Հայաստանում մեր կողքին ապրող արվեստագետներին՝ Լևոնյանին, Գասպարյանին, Դուրյանին։

Ճիշտ է, թատրոնների այդ շենքերը դեռ կան, բայց արտիստների անունների վերանալու հետ, շենքերը ևս կվերանան, մանավանդ եթե նրանց մի կերպ պաշտպանող մշակույթի նախարարությունը ևս վերանա։ Ինչևէ, բարեկամներ, անցնենք առաջ, մնացածը կարճ կասեմ. երկար խոսքը պատշաճ չէ ծանր պահերին։ Խոսքս ուղղում եմ նրանց, ովքեր մշակույթի կառավարման պետական կառույցի լուծարումը համարում են «խելացի», «ժամանակին արված», «անհրաժեշտ», «միջոցների խելամիտ բախշմանն ուղղված» «քայլ»։ Իրենց սրտի ուզածը լինելու համար նույնիսկ ավելին կարող եմ ասել. մշակույթի բաժինը (կամ «շան բաժինը») ոչ մի ԿԳՆ-ի պետք չի կցել։ Եթե մի ամբողջ նախարարություն չի կարողացել գործը գլուխ բերել, ապա մի բաժինը եղած կամ չեղած նույնն է. Ավելի լավ է «խնայել» այդ միջոցները և ուղղել պետական կառավարման մարմիններին ավելի բարձրակարգ մեքենաներ տրամադրելուն և ժամանակակից միջպետական հարաբերությունների խիստ անհրաժեշտ գործուղումները ապահովելուն։

Պետք է վերջապես հասկանալ, թե որքան թանկ արժեն բարձրակարգ հանդիպումներ կազմակերպելը և չի կարելի չեղած գումարներն ուղղել ինչ-որ ցածրակարգ մշակութային միջոցառումներ կազմակերպելուն։ Եվ մշակույթի մարդիկ պետք է վերջապես հասկանան, որ «կարգին» մարդիկ հացի փող չունեն, իսկ իրենք իրենց երգ ու պարի համար ահռելի գումարներ են ուզում, այն էլ դեռևս ընդամենը յոթ ամիս գոյություն ունեցող պետությունից։ Հասարակ բան չեն հասկանում, որ սրանից առաջ նույնիսկ պետություն չենք ունեցել։ Էս մշակույթի մարդիկ, որպես կանոն, անգրագետ են ու ոչ մի բան չեն հասկանում քաղաքականությունից ու իրենց թվում է, որ այս աշխարհը երգ ու պար է։

Նրանք վերջապես պետք է հասկանան, որ իրենց հարցերը իրենք իրավունք չունեն լուծելու, դրա համար կան ավելի հասկացող մարդիկ – ֆինանսիստներ, քաղաքական գործիչներ, իսկական հերոս ղեկավարներ, ժողովրդի խորը հարգանքը վայելող երիտասարդ պատգամավորներ և, վերջապես, հրապարակ դուրս եկած ժողովուրդը, որ երկրի իսկական տերն է, և ովքեր մշակույթից շատ ավելի են հասկանում, քան այդ խեղճուկրակ մշակույթի գործիչները, որ իրենց կյանքը անցկացնում են տոների, շքերթների, ամեն կարգի ուրախությունների, պետական ու ոչ պետական ամենատարբեր հանդիսությունների մեջ ու այդքանից հետո էլ ուզում են, որ մի ամբողջ նախարարություն իրենց սպասարկի։ Հեղափոխությունը չի կարող նման շռայլություն թույլ տալ և, վերջապես, ամեն մեկը թող իր տեղն ու չափն իմանա։ Թե չէ «էս կոռուպցիոն, համատարած թալանի, կարևորագույն խնդիրների մեջ, մի՞թե մշակույթն է կարևոր»։ «Թան էլ չէ, փրթած մածուն»։

Մշակույթի մարդկանց էլ ասում ենք – փոխանակ ուրախանաք, մի բան էլ դիմադրում եք։ Պիտի հասկանաք, որ հաղթողները երբեք չեն սխալվում, նրանք միշտ ավելի խելացի են և ձեզնից ավելի լավ գիտեն, թե ինչ են անում։ Պետք է ողջունեք փոփոխությունը ու ոչ թե լաց ու կոծ կապեք։ -Լավ, հասկացանք, ընդունեցինք, հիմա ձեզ կասենք, այնպես, ինչպես դուք եք ուզում լսել.- Մենք, մշակույթի մարդիկ ողջունում ենք մեր գործունեության նկատմամբ պետական արհամարհանքը։ Ակամա հիշեցի ստալինյան ժամանակներից եկած գրեթե իրական մի դառն «կատակ» պատմություն։ Կառավարության ներկայացուցիչը հավաքում է ժողովրդին ու հայտարարում, որ որպես «ժողովրդի թշնամի» վաղը բոլորիդ պետք է կախենք։ «Վաղն առավոտյան բոլորը ներկայանան հրապարակ կախվելու։ Հարցեր կա՞ն»։

Մի հոգի միայն ձեռք է բարձրացնում ու հազիվ լսելի ձայնով ասում – «Իսկ հարց կարելի՞ է»։ Բոլորը զարմացած ու սարսափած նայում են նրան։ Լռության մեջ խեղճ ձայնով լսվում է հարցը-«Ներողություն, իսկ մեր կախաղանի պարանը մե՞նք բերենք, թե դուք կտաք»։

Ու լսվեց գոռոց- «Ինքներդ կբերեք։ Պետությունն այդքան փող չունի հիմար ծախսերի համար»։ Հիմա, դառնանք մեզ։ Հասկացանք, ինչպե՞ս եք ուզում, այդպես կվարվենք։ Եթե ուզում եք, նույնիսկ այսպես կարող ենք ասել.- Մենք գնահատում ենք մեր սիրելի, իմաստուն կառավարության փայլուն որոշումը։ Կեցցե, մշակույթի նախարարության լուծարումը։ Միայն մի հարց, եթե կարելի է – «Պարանը մե՞նք բերենք, թե դուք կտաք»։

Լեւոն ԻՎԱՆՅԱՆ

Ռեժիսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31