Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են Բալասանյան ընտանիքին պատկանող բիզնեսները։ Գյումրիում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Բալասանյան ընտանիքին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի գործարանը փակման վտանգի տակ է։ «Գյումրի գարեջուր» ընկերությունն էլ հասարակության ուշադրությանն արժանացավ ՊԵԿ-ի պաշտոնական հայտարարությունից հետո, թե 360 միլիոն դրամ պետբյուջե պակաս է վճարել։ Իհարկե, հետագայում այս հարցը հարթվեց։
Քաղաքապետն ասաց․ «Ոչ միայն «Անուշարանն», այլ ընդհանրապես ալրային և շաքարային հրուշակեղենի հետ կապված խնդիր է առաջացել, որովհետև ներկրվող հրուշակեղենը, մանավանդ շաքարային հրուշակեղենը խայտառակ էժան գներով է գալիս Հայաստան։
Հիմա այդպիսի փաստի առաջ է կանգնել նաև «Գրանդ քենդին», այսինքն` այն կազմակերպությունները, որոնք շաքարային հրուշակեղեն են արտադրում։ Ալրայինն ինչ-որ տեղ չգիտես, տարբեր տեղերից է գալիս, այլ ֆիրմաներով, բայց այնքան էժան է ուկրաինական և ռուսական շաքարային հրուշակեղենը, գնացեք, տեսեք գները, կզարմանաք։ Հնարավոր չէ այդ ինքնարժեքով, որն այսօրվա դրությամբ ստանում է, կարողանա շահագործել։ Այսինքն` ինչ-որ տեղ, բնականաբար, կա նվազում։
Գարեջրի հետ կապված, Աստծուն Փառք, մենք նույնիսկ այս տարի բյուջեին ավելի շատ գումար տվեցինք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ