Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու առումով ստեղծվել է բացառիկ հնարավորություն. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 24,2018 21:21

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին:

Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքների համար, որովհետև 2018-ը քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի էր, սակայն նրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք, ըստ էության, տնտեսական ցնցումներ չունեցանք: Դա նաև Հայաստանի գործարար համայնքի ցուցաբերած բացառիկ ջանքերի արդյունք է և իսկապես շատ բարձր է գնահատվում կառավարության կողմից:

Հաջորդը, որ 2019 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորելու համատեքստում ուզում եմ ասել, հետևյալն է. կարծում եմ, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության և գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն և չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության և դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը: Ամենակարևոր շահագրգռությունը, որ մենք ունենք այդ ասպարեզում՝ առանց բացառության բոլոր ընկերությունների հաջողությունն է: Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ մենք շահագրգռված լինենք որևէ պատճառաբանությամբ և Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ մենք շահագրգռված չլինենք: Սա, կարծում եմ, չափազանց կարևոր և բացառիկ իրավիճակ է մեր իրականության մեջ և սրանից բխում է մեր հիմնական շահագրգռությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի բոլոր ընկերությունները 20 19 թվականին ստանան մեծ եկամուտներ, առավել մեծ եկամուտներ, հնարավորինս շատ եկամուտներ, որպեսզի հասկանալիորեն ավելի մեծ հարկեր վճարեն Հայաստանի Հանրապետությանը:

Ուզում ենք նաև ձեզ հավաստիացնել, որ այդ հարկերն առավել արդյունավետ և նպատակային ծախսելու արդյունավետությունը պիտի դառնա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ ի շահ մեր երկրի, մեր ազգային շահերի: Մենք այդ ուղղությամբ նաև պետք է միմյանց հետ աշխատենք: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է, որ ձևավորվի նոր գոծընկերության մակարդակ: Իհարկե, այս իրավիճակը ենթադրում է նաև, որ գործարար համայնքը պետք է ակտիվ ներգրավված լինի օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն բարեփոխումները, որ մենք մտադիր ենք իրականացնել տնտեսությո ւնը խթանելու, տնտեսական աճ ապահովելու համար, իրականում ծառայեն այդ նպատակին և ոչ թե հակառակ էֆեկտների բերեն, որովհետև մենք ունենք ծրագրեր, որոշակի պատկերացումներ, բայց դրանք գործնականում կիրառողները լինելու եք դուք, և շատ կարևոր է նախապես համոզվել, որ այդ փոփոխությունների գործնական կիրառումը իսկապես բերելու է պոզիտիվ արդյունքների:

Իհարկե, մեր երկիրն այսօր ունի մեծ ամբիցիաներ և իր առջև դրված մեծ խնդիրներ, և այդ ձգտումների, նպատակների ֆինանսավորողը լինելու եք դուք, նկատի ունեմ բացառապես օրինական ֆինանսավորումը, որովհետև կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարողները և ընդհանրապես որևէ ընկերություն ազատված է որևէ տեսակի կոռուպցիոն պարտավորությունից: Բայց սրանից պատասխանատվության չափը ոչ թե պակասում է, այլ ավելանում, որովհետև իսկապես այն խնդիրները, որ մենք որպես պետություն, որպես ժողովուրդ դրել ենք մեր առաջ, հնարավոր կլինի լուծել միայն մ ի դեպքում, եթե ձեր աշխատանքը, գործունեությունը լինի առավել հաջող և հետևաբար որպես արդյունք պետական բյուջեի եկամուտներն էլ ավելանան ու մենք ի վիճակի լինենք ամբողջ ծավալով և պատշաճ մակարդակով լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և բոլորիս անցած՝ 2018 թվականի կապակցությամբ, որովհետև կարծում եմ, որ 2018-ը մեր պատմության և հիշողության մեջ կմնա որպես պոզիտիվ տարի և ցանկանում եմ, որ 2019 թվականը մեր պատմության և հիշողության մեջ մնա որպես շատ ավելի պոզիտիվ տարի: Հույս ունենք, որ միասին կկարողանանք հասնել այդ արդյունքին:

Եվ ուրեմն, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Շնորհակալ եմ»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31