Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Համաշխարհային բանկի ծրագրով Գյումրու մի քանի պատմական փողոցների հետ մեկտեղ մտադրված են սալիկապատել նաև կենտրոնական հրապարակը։
«Ես մտածել եմ, շինարարների հետ հիմա աշխատում եմ, ուզում եմ, որ մանրաքարեր լինեն նաև հրապարակում, որը երևի թե Հայաստանի Հանրապետությունում կլինի միակ հրապարակը։ Իհարկե, այս մասին հիմա պետք չէր խոսել, բայց ասում եմ, երկու օր առաջ ճարտարապետն էր եկել, խոսեցինք, ուղղակի հիմա մենք պիտի գեոդեզիա կատարենք, հասկանանք, թե ինչպիսի ընդերք ունենք, որովհետև այնտեղից անցնում է գետակը։
Եթե գետակը հնարավորություն տվեց, որ մենք գնանք այդ քայլին, ինչքան տնտեսված գումար ունեցանք, կծախսենք հենց այս նպատակի համար, որպեսզի ունենանք հրաշք հրապարակ։ Պատկերացրեք մանրաքարերով, որտեղից անցնեն մեքենաները, լինի այնպիսին, ինչպիսին Ռուսթավելու փողոցն է։ Սա վերջնական հարցի լուծում կլինի, որովհետև մեր հիմիկվա հրապարակը ոնց որ թե լողացող հրապարակ լինի, միշտ ճաքեր է տալիս, և ամեն 3 կամ 4 տարին մի անգամ պետք է անպայման մեծ ծախս կատարենք՝ նվազագույնը 100 միլիոն, որովհետև մեկ հեկտար տարածք է՝ 10 հազար քառակուսի մետր»,- ասաց քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ