Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը տարակուսանք էր արտահայտել, թե ինչու ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կազմակերպած Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2018 մրցույթի լավագույն 10-ակում ոչ մի բռնցքամարտիկ տեղ չի զբաղեցրել: Aravot.am-ը նախարարությունից պարզեց դրա պատճառը:
Մրցութային հանձնաժողովի քարտուղար Ռաշիդ Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք համապատասխան գրություններ ուղարկել են նախարարությունում գրանցված բոլոր օլիմպիական մարզաձեւերի, այդ թվում՝ բռնցքամարտի, ինչպես նաեւ ուշուի, շախմատի եւ սամբոյի ֆեդերացիաներին: Ընդ որում, բոլորին առաջարկվել է առաջադրել իրենց ընտրությամբ մինչեւ երեք լավագույն մարզիկների անունները եւ թե ով է ֆեդերացիայի անունից քվեարկություն կատարելու: Պարոն Գալստյանի փոխանցմամբ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան որպես քվեարկող նախապես ներկայացրել էր գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի անունը, իսկ թեկնածու մարզիկների ոչ մի անուն չէր առաջադրել: «Սակայն բռնցքամարտի ֆեդերացիան ավելի ուշ միջնորդել է, որպեսզի քվեարկության ժամանակ Դավիթ Թորոսյանին փոխարինի Կարեն Աղամալյանը: Այդ միջնորդությունը բավարարվել է եւ Կարեն աղամալյանը եկել ու քվեարկել է», – ասաց Ռաշիդ Գալստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ