Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն գործակալները, որոնք կփորձեն զբաղվել քաղաքականությամբ, նրանք պետք է լյուստրացիայի ենթարկվեն». Ավետիք Իշխանյան

Դեկտեմբեր 24,2018 18:44

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր «Հոդված 3» ակումբում Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ շոկի մեջ է ընկել, երբ կարդացել է, թե ԱԱԾ-ի հրավիրած սեմինարին ինչ խորհուրդներ են տվել լրագրողներին. «Շոկային էր ոչ թե այն իմաստով, որ ԱԱԾ-ն կարող է նման բան առաջարկել, այլ շոկային էր այն իմաստով, որ թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն կարող է նման բան առաջարկել:

Ըստ Սաքունցի, եթե ԱԱԾ-ն հայտարարում է, որ իրավահաջորդն է ԿԳԲ-ի, դա լուրջ վտանգ է իրենից ներկայացնում, պետք է հրապարակային հայտարարեն, որ իրավահաջորդը չեն. «Ի՞նչ է նշանակում կոռուպցիայի դեմ պայքար, ԱԱԾ-ն ոնց, որ առաջ սպեկուլյացիան էր, հիմա էլ կոռուպցիայո՞վ է զբաղվելու»: Սաքունցն ասաց, որ եթե ԱԱԾ-ում չեկիստներ են, ի՞նչ գործ ունեն այսօրվա ժողովրդավարական Հայաստանում:

Խոսելով լյուստրացիայի մասին՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ լյուստրացիա պետք է արվի այն գործակալների նկատմամբ, ովքեր կփորձեն զբաղվել քաղաքականությամբ:

Ավետիք Իշխանյանն ասաց, որ առաջ ԱԱԾ-ն այսպես էր հավաքագրում, լավ սովորող ուսանողների հետ կապված ինչ-որ բան էին բռնում, համալսարանից հեռացնելու հարց էին դնում, հետո կանչում էին, որ դառնան գործակալ: Հետագայում Հրայր Մանուկյանի դեպքը ցույց տվեց, որ նույն պրակտիկան կա մեր օրերում. «Այդ մարդը, որը Հրայր Մանուկյանին փորձել է վերբովկա անել, նախագահականում հետո շարունակում էր պաշտոնավարել: Որպեսզի վստահ լինենք, որ քաղաքական հավաքագրումներ չեն լինելու, ապա այդ դեպքում պատժեք այն մարդկանց, ովքեր զբաղվել են դրանով: Թե չէ հենց այնպես ասելով չի լինելու: Նավասարդ Մինասյանը հպարտանում էր գործակալներով, ինչքան գործակալներ է ունեցել: Հիմա տարբեր կուսակցություններում գործակալները, ինչ է, շարունակելու են մնալ գործակա՞լ»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ ասաց, որ երբ լյուստրացիա են ասում, հասարակությունը մտածում է՝ պետք է բացեն ու հայտարարեն «ագենտների» անունները, այնինչ, դա միայն լյուստրացիայի մի փոքր հատվածն է. «Լյուստրացիան, նախ գիտելիք է ինչպես անել ու երկրորդ՝ ինչպես մերժել, թույլ է տալիս իմանալ, թե ում թույլ չտալ մասնակցել մեր կյանքի կազմավորմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31