Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեկիստ բառը որպես հայհոյանք էի օգտագործել, իրենք ուրախ էին այդ բառի համար». Վարդան Հարությունյան

Դեկտեմբեր 24,2018 18:07

Այսօր «Հոդված 3» ակումբում «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակ. ձեռքբերումներ եւ բացթողումներ» թեմայով քննարկմանը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ ԿԳԲ-ն, ամփոփելով 100-ամյակը, ներքին քննություն չարեց, թե իր գործունեության հետեւանքով քանի մարդ է զոհ գնացել, ինչ կոշտ դիրքորոշում է ունեցել ու չեն ասում, թե այսօրվա ԱԱԾ-ն իր դերն ինչպես է ընկալում այսօրվա հանրային կյանքում:

Ազգագրագետ Գայանե Շագոյանն էլ ասաց, որ ԱԱԾ-ում չեն իմանում, թե իր պատմության որ էջերը պետք է նշեն, որ էջերի համար պետք է ապաշխարեն: Նա նշեց. «Կարծես օրակարգը այսօրվա ԱԱԾ-ի ավելի շատ կրկնում է խորհրդային միավորման օրակարգը, քան Առաջին հանրապետության: Մեր հիմնական օրակարգը, որը հնչեց թե՛ Վանեցյանի շուրթերից, թե՛ Փաշինյանի շուրթերից, դա կոռուպցիայի դեմ պայքարն էր: Բայց պետք է նստենք ու անկեղծ հասկանանք՝ կոռուպցիայի դեմ պայքարը արդյոք ԱԱԾ-ի միա՞կ գործառույթն է»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն  ասաց, որ նախկին ԿԳԲ-ն պայքարում էր, որ Հայաստան պետությունը չլինի, անկախացում չլինի ու զարմանալի է, որ այսօրվա «չեկիստները» իրենց այդ ԿԳԲ-ի հետնորդներն են համարում: Նա ասաց, որ սխալն այն էր, որ երբ 1991-ին անկախացանք, սահման չգծվեց, անկախություն մտանք՝ սովետական դեմքով, բոլորովին էլ ոչ անկախ մտածողությամբ: Ու դրա արդյունքն էր նաեւ, որ հեղափոխություն եղավ այս տարի:

Վարդան Հարությունյանը հիշեց, որ իր հեղինակած «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի շնորհանդեսին, երբ խոսել է չեկիստների մասին՝ որպես բացասական երեւույթ, 2 օր հետո ԱԱԾ-ից իրեն կանչել են ընկերական զրուցի. «Բարձրաստիճան սպաներ ու պաշտոնյաներ կային: Ես չեկիստ բառը որպես հայհոյանք էի օգտագործել, իրենք ուրախ էին այդ բառի համար: Մեր այսօրվա ԱԱԾ ներկայացուցիչները չեն ամաչում, երբ նրանց անվանում ես չեկիստ: Ես կարծում էի հայհոյանք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31